Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանը շվեյցարուհի ալպհորնահար Էլիանա Բուրկին ներկայացրեց վաղվա կայանալիք միջոցառումը` իր մասնակցությամբ:
Բուրկին լրագրողներին հայտնեց, որ գործիքի փայտը մշակվում է շվեյցարական ալպերում:
«Նվագում եմ չորս տարեկանից: Ցավոք չկան շատ կոմպոզիտորներ, ովքեր ունեն ստեղծագործություններ հատուկ ալպհորնի համար: Իմ ներկայացրած ստեղծագործությունների մեծ մասը ես եմ արարում»,- ասաց ալպհորնահարուհին` միաժամանակ նշելով, որ 4 կգ-անոց գործիքը երեք մետր տասնյոթ սանտիմետր է, նոտաներ չունի, և ինքն է շրթունքներով և վոկալով կարգավորում ձայնը:
Բուրկին հայտնեց, որ նաև երգում է, բայց հստակ չի կարող ասել` վաղը կերգի, թե ոչ:
«Գործիքն ինքս եմ ստեղծել և անվանակոչել «Բուրկիհորն»՝ տեխասցի մասնագետի հետ: Այն շվեյցարական ազգային գործիք է համարվում, սակայն իմ ներկայացրածն ավելի դյուրըմբռնելի է: Կարծում եմ, որ աղջկա կողմից ալպհորնի վրա նվագելն արդեն իսկ հեղափոխություն է»,- գնահատեց շվեյցարացի ալպհորնահարուհին:
Լրագրողների հարցին, թե ինչքանով է տիրապետում հայկական մշակույթին և գնահատու՞մ է արդյոք այն, Բուրկին պատասխանեց. «Գիտեմ դուդուկի մասին, բայց չեմ նվագել: Արամ Խաչատրյանին բնականաբար ճանաչում եմ: Մարդը պետք է ճանաչի նրան, ում ստեղծագործություններին ծանոթ են բոլորը: Գիտեմ նաև Կոմիտասի մասին՝ Կալիֆորնիայում շատ հայ ընկերներ ունեմ»:
Էլիանա Բուրկին հայտնեց նաև, որ ունի չորս ձայնասկավառակ, որոնք պաշտոնապես վաճառքի են դրվել Չինաստանում:
Ալպհորնահարուհին նշեց նաև, որ վաղվա կայանալիք համերգին ինքը դուդուկի հետ կապված անակնկալ ունի մատուցելու:
Տաթև Հարությունյան