«Օրինաց երկիր» կուսակցության մամլո քարտուղար Արթուր Միսակյանը հրաժարվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո խոսնակի ծառայությունից:
Ստորև ներկայացնում ենք Ա. Միսակյանի տարածած հայտարարությունը.
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հրաժարական տալուց հետո, աշխատանքից ազատման դիմում եմ գրել նաև ես: Շուրջ 2 տարի պաշտոնավարել եմ որպես ԱԱԽ Քարտուղարի մամուլի խոսնակ, ինչն ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր:
Ուզում եմ նախևառաջ իմ խորին շնորհակալությունը հայտնել մեր ժամանակների իսկապես մեծ պետական ու քաղաքական գործիչ պարոն Բաղդասարյանին ինձ նման պատասխանատու աշխատանքը վստահելու համար: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ԱԱԽ աշխատակազմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար:
Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում Զանգվածային լրատվության միջոցների իմ գործընկերներին, ովքեր անցած ողջ ժամանակահատվածում անաչառ լուսաբանել են Ազգային անվտանգության խորհրդի դժվարին, բայց միևնույն ժամանակ կարևոր աշխատանքը: Աշխատելու այս ժամանակահատվածում ԱԱԽ աշխատակազմում, մեդիադաշտում, ՀՀ պետական կառավարման մարմիններում, ինչպես նաև բազմաթիվ այլ ոլորտներում ձեռք բերեցի բազմաթիվ բարեկամներ և ընկերներ: Ու այսօր ես ուրախ ու հպարտ եմ բոլոր ձեռքբերումների համար: Մենք միասին դեռ երկար ճանապարհ ենք անցնելու»: