ՉԳԻՏԻ` ԻՆՉՈՒ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ճանապարհային ոստիկանության Երեւանի նախկին պետ, ՃՈ երկրորդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Արսեն Արշակյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչն էր պատճառը, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իրեն աշխատանքից ազատեց, պատասխանեց,  որ ինքը մինչեւ այսօր էլ տեղյակ չէ, թե ինչն է եղել պատճառը:
-Պարո՛ն Արշակյան,  նորմալ երկրներում ճանապարհները սպասարկող ընկերությունները փոխհատուցում են մեքենաների կրած վնասները: Բայց Հայաստանում կարծես թե նման պրակտիկա չկա ձեւավորված: Ինչո՞ւ է այդ հարցը բաց մնացել:
-ԱՊՊԱ-ները փոխհատուցում են վնասները, նաեւ օրենքով ամրագրված է, որ իրենք իրավունք ունեն քաղհայցի իրավունք վերցնեն եւ դիմեն դատարան` գումարը հետ վերցնելու համար: Եւ եթե մենք քննություն անցկացնենք, եւ պարզվի, որ իրականում վարորդը վնասը կանխելու հնարավորություն չի ունեցել, եւ դա զուտ ճանապարհի վատ լինելու պատճառն է եղել, ինքն արդեն ԱՊՊԱ-ի կողմից օրենքով կստանա գումարը: Իսկ եթե չէ, այդ դեպքում քաղհայցով դիմում են, ասենք` քաղաքային ճանապարհի դեպքում իրենց քաղաքապետարան, որ ճանապարհի ոչ բարվոք լինելու պատճառով մեքենան վնասվել է:
-Այսինքն, եթե քաղաքացու մեքենան վնասվում է որեւէ գյուղում, քաղաքում, ապա փոխհատուցումն իրե՞նք են կատարում:
-Մեզ մոտ եւս կան ճանապարհները սպասարկող ընկերություններ, որոնք տենդերի են մասնակցում, եւ իրենք են դառնում այդ ճանապարհները սպասարկողները: Եւ եթե քաղաքացին դիմի իմ կողմից հնչեցրած մարդկանց` քաղաքապետարան, մարզպետարան, նրանք էլ կպարզեն, թե դա ում մեղավորությունն է, եւ ով է այդ ճանապարհը սպասարկում: Բոլոր քաղաքացիներն էլ քաղհայցի իրավունք ունեն, եւ իրենք կարող են դիմել դատարան:
-Այսօրվա դրությամբ  ճանապարհային ավտովթարները շատացել են, ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում դրանք կանխելու կամ դրանց թիվը նվազեցնելու համար:
-Նախ ասեմ, որ վթարների քանակը հիմնականում նույնն է, բայց ինչո՞վ է շատացել. ուրեմն որ ԱՊՊԱ-ն սկսեց գործել Հայաստանում, բոլոր վթարները սկսեցին գրանցվել: Օրինակ` 2010 թվականին, երբ որ ԱՊՊԱ-ները դեռ չկային,  քաղաքացիները կարողանում էին իրար հետ պայմանավորվել մեքենան վերանորոգելու համար եւ գնում էին: Իսկ հիմա, որ ԱՊՊԱ-ն արդեն փոխհատուցում է գումարը, բոլոր վթարները գրանցվում են: Դրա համար է, որ մեզ համար դա ավելի տեսանելի է: Իհարկե, քայլեր էլ են ձեռնարկվում այդ վթարների քանակը նվազեցնելու համար, հիմա շատ ուժեղացված ծառայություն կա: Մարզերի առումով ասեմ, որ մինչեւ այսօր տրասսաների վրա շատ քիչ է եղել կարգախմբերի ծառայության քանակը: Հիմա ես ավելի եմ ուժեղացրել: Ոստիկանապետից արդեն հրաման ունենք, որ ծառայությունը պետք է իրականացվի միայն «միգալկաները» միացրած վիճակում:
-Երբ Դուք ՀՀ ճանապարհային ոստիկանության Երեւանի պետ էիք, ինչո՞ւ չէիք պարտադրում անպայման միացնել «միգալկաները», քանի որ այս ձեւն ավելի ճիշտ է:
-Սա նոր ձեւ է, եւ ես շատ համամիտ եմ: Դրա զգալի արդյունքն արդեն տեսնում ենք: Իրականում ոստիկանը ոչ թե պետք է թաքնված ծառայի, այլ բացահայտ` փարոսիկները միացրած մեքենայով, որպեսզի ժողովուրդը տեսնի: Իսկ ով որ տեսնելով խախտում կանի, արդեն այդ դեպքում կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ: Իսկ իմ ղեկավարության ժամանակ նման ցուցում եւ հրաման չեմ ստացել, ընդամենը դա է եղել պատճառը:
-Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Ձեզ Երեւանի ՃՈ պետի պաշտոնից ազատեց, ի վերջո, ո՞րն էր դրա պատճառը:
-Ուրեմն ես Ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես չգիտեմ` ինչի համար եմ ազատվել աշխատանքից, եւ ես նորից նշանակվել եմ պարոն Սարգսյանի օրոք:
-Ըստ Ձեզ, ավելի հեշտ է աշխատել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի՞, թե՞ ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:
-Գիտեք ո՞րն է հարցը, այսօրվա պահանջները, որ դրել է ոստիկանապետը` կոնկրետ մեր մասով, շատ են, ու հնարավոր չէ դրանք չկատարել, այսինքն` ես չեմ կարողանում մի րոպե իմ տեղը նստել, ես ուզում եմ դրանք անեմ: Իրականում ոստիկանապետի պահանջն այն է, որ ժողովրդի հետ շփումը մեծացնենք, ազգաբնակչությունն իր մեջ տեսնի իր պաշտպանին: Ես հաճույքով եմ կատարում այսօրվա իմ պարտականությունները:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ




Լրահոս