Լիբանանը Սիրիային է հանձնել նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի բանակի գեներալ Ադել Իսսային, որպեսզի նա Սիրիայում կանգնի դատարանի առաջ։ Իսսային մեղադրում են սպանությունների, մահվան հանգեցրած խոշտանգումների և քաղաքացիական պատերազմ ու միջկրոնական բախումներ հրահրելուն ուղղված գործողությունների մեջ։
Իսսան նախկինում ղեկավարել է Սիրիայի բանակի 17-րդ դիվիզիան, իսկ 2016 թվականից առաջ պատասխանատու է եղել Դեյր էզ-Զոր նահանգի ցամաքային ուժերի համար։
Նա Լիբանանում ձերբակալվել էր օգոստոսի 8-ին, երբ այցելել էր Բեյրութում Սիրիայի դեսպանատուն։ Դեսպանատան աշխատակիցները տեղեկացրել էին լիբանանյան իշխանություններին, որ Իսսան Սիրիայում հետախուզվում է։
Լիբանանի իշխանությունները որոշումը կայացրել են 1951 թվականի Լիբանան-Սիրիա արտահանձնման համաձայնագրի հիման վրա։ Սա Ասադի իշխանության տապալումից հետո Լիբանանի կողմից Սիրիային նախկին ռեժիմի բարձրաստիճան զինվորական հանձնելու առաջին դեպքն է։
Իսսայի գործն այժմ Սիրիայի Դամասկոսի դատարանում է, որտեղ պետք է որոշվի՝ այն փոխանցել քրեական դատարան և սկսել դատավարությունը։
Անի Վարդանյան
























































































