Armenian text to speach

Քրեական գործով հայտնի Սամվել Խարազյանը նոր պաշտոն կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ այս պահին կառավարությունում քննարկվում է առողջապահության նախկին փոխնախարար Լենա Նանուշյանին փոխարինողի հարցը։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը այդ պաշտոնում ցանկանում է նշանակել Սամվել Խարազյանին։

Այսինքն, եթե քննարկվող տարբերակը կյանքի կոչվի, առողջապահության համակարգում առանցքային պաշտոններից մեկը կվստահվի Սամվել Խարազյանին։ Սակայն Խարազյանի հնարավոր նշանակումը ուշագրավ է նրա անցյալի շուրջ տարիներ շարունակ շրջանառված սկանդալային պատմությունների պատճառով։ Մասնավորապես, 2016 թվականին Սամվել Խարազյանը, որն այդ ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվության բաժնի նախկին պետն էր, ձերբակալվել էր Քննչական կոմիտեի կողմից։ ՔԿ-ի հաղորդագրության համաձայն՝ նա կասկածվում էր պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ՝ 2012-2014 թվականներին առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

Հետագայում, սակայն, քրեական գործը կարճվել է։ Միաժամանակ, Խարազյանը վերջին տարիներին շարունակել է ակտիվորեն ներգրավված լինել առողջապահական քաղաքականության և առողջության համընդհանուր ապահովագրության թեմաներում։ Պաշտոնական փաստաթղթերում նա հիշատակվում է որպես Առողջապահության տնտեսագետների ասոցիացիայի նախագահ, իսկ 2022 թվականին կառավարության պատվիրակության կազմում ընդգրկվել էր որպես առողջապահության տնտեսագետների ներկայացուցիչ։ Ավելին՝ Խարազյանը ներգրավված է եղել նաև առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքներում։ 2023 թվականին նա հիշատակվում էր որպես առողջապահության նախարարի խորհրդական հասարակական հիմունքներով։ Այսպիսով, իշխանության կողմից Խարազյանի հնարավոր վերադարձը բարձր պաշտոնի կարող է երկու տարբեր հարց առաջացնել։ Մի կողմից՝ իշխանությունը կարող է նրա թեկնածությունը հիմնավորել առողջապահության ոլորտում ունեցած մասնագիտական փորձով և առողջության ապահովագրության համակարգի վերաբերյալ տարիների աշխատանքով։

Մյուս կողմից՝ եթե Փաշինյանը վերջնականապես կանգ առնի հենց այս թեկնածության վրա, հանրային և քաղաքական դաշտում անխուսափելիորեն հիշվելու է նաև Խարազյանի անցյալը՝ 2016 թվականի քրեական գործը, նրա ձերբակալությունը և դրան հաջորդած իրավական գործընթացները։ Ուշագրավ է նաև այն, որ Լենա Նանուշյանի հնարավոր փոխարինման հարցը քննարկվում է այն փուլում, երբ իշխանությունը ակտիվորեն վերադասավորում է պետական համակարգի տարբեր օղակներում պաշտոնյաների կազմը։ Armlur.am-ը փորձեց ՀՀ առողջապահության նախարարու մամուլի խոսնակից պարզել նրա նշանակման հարցի իսկությունը, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Սոնա Գրիգորյան




Լրահոս