Armenian text to speach

Հնդկաստանը դեմ է արտահայտվել Պակիստանի և Չինաստանի սահմանային նոր համաձայնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պակիստանն ու Չինաստանը պաշտոնապես ձևակերպել են սահմանային համագործակցության նոր մեխանիզմ՝ համատեղ սահմանային հանձնաժողովի շրջանակում։ Հնդկաստանը հայտարարել է, որ չի ճանաչում այդ համաձայնությունը և այն համարում է իրավական հիմք չունեցող։

Համաձայնությունը վերաբերում է նաև Հիմալայներում գտնվող Շաքսգամի հովտի տարածքին, որը Պակիստանը 1963 թվականին փոխանցել է Չինաստանին, սակայն Հնդկաստանը տարածքը համարում է իր տարածքի մաս։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը հայտարարել է, որ «Պակիստանի և Չինաստանի միջև սահման գոյություն չունի»՝ հավելելով, որ Նյու Դելին չի ճանաչում այն պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են իր կողմից վիճարկվող տարածքներին։

Իր հերթին Պակիստանը պնդում է, որ Ջամուի և Քաշմիրի կարգավիճակը շարունակում է վիճելի մնալ և պաշտպանում է 1963 թվականի սահմանային համաձայնագրի իրավական ուժը։

Փորձագետների գնահատմամբ՝ նոր մեխանիզմը կարող է նպաստել Պակիստանի և Չինաստանի միջև սահմանային կառավարման, առևտրի և ենթակառուցվածքային կապերի խորացմանը։ Միաժամանակ նրանք նշում են, որ այս պահին այն չի ենթադրում Հնդկաստանի և Չինաստանի միջև փաստացի սահմանային իրավիճակի անմիջական փոփոխություն։

Պակիստանն ու Չինաստանն արդեն սերտ համագործակցում են տարածաշրջանում, այդ թվում՝ Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքի (CPEC) շրջանակում։

Անի Վարդանյան




Լրահոս