ArmLur.am-ը շարունակել է ուսումնասիրել համայնքների ղեկավարների հայտարարագրերը՝ ներկայացնելով, թե ովքեր են նրանք, որտեղ են աշխատել և ինչ ունեցվածք ու եկամուտներ ունեն։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում Վանաձորի համայնքապետ Արկադի Փելեշյանն է։
Արկադի Փելեշյանը 2012 թվականից մինչ այժմ Վանաձորի համայնքի ավագանու անդամ է։ 2017-2021 թվականներին նա զբաղեցրել է Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2022 թվականի մայիսի 13-ին նշանակվել է Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Փելեշյանը անկուսակցական է և ավագանու «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» խմբակցության անդամ։
Հիշեցնենք` Արկադի Փելեշյանը հայտնի է նրանով, որ մի շարք աղմկահարույց դեպքերի կիսակետում է եղել: Ինչպես հայտնի է` 2016 թվականի տարվա հոկտեմբերի 5-ին` Վանաձորում տեղի ունեցած ավագանու ընտրություններից երեք օր անց, «Հայկական վերածնունդ» կուսակցության (ՕԵԿ) Վանաձորի ավագանու անդամի թեկնածուների ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի էր ենթարկել Վանաձորի Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին:
Ի՞նչ ունեցվածք ունի նա
Արկադի Փելեշյանի 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ տարվա սկզբին նրա սեփականության ներքո եղել է Վանաձորում գտնվող հասարակական նշանակության մեկ շինություն։ Գույքը ձեռք է բերվել 2021 թվականի հոկտեմբերի 7-ին՝ «այլ» եղանակով։
2025 թվականի ընթացքում նոր անշարժ գույք չի ձեռք բերվել և որևէ գույք չի օտարվել։ Տարեվերջին նույն հասարակական նշանակության շինությունը մնացել է նրա սեփականության ներքո։
Ավտոմեքենա
Համայնքապետի հայտարարագրում 2025 թվականի սկզբի և վերջի դրությամբ տրանսպորտային միջոց նշված չէ։ Տարվա ընթացքում նույնպես ավտոմեքենա չի ձեռք բերել կամ օտարել։
Դրամական միջոցներ
2025 թվականի սկզբին Փելեշյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 5 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 3 մլն դրամ։ Այսպիսով, մեկ տարվա ընթացքում նրա կանխիկ միջոցները նվազել են 2 մլն դրամով։
Հայտարարագրում բանկային հաշիվների մնացորդներ, ավանդներ, արժեթղթեր, ներդրումներ կամ փոխառություններ նշված չեն։
Եկամուտ
2025 թվականին Արկադի Փելեշյանը հայտարարագրել է 6 մլն 192 հազար դրամ եկամուտ։ Ամբողջ գումարը ստացել է որպես աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ՝ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմից։
Այսպիսով, Արկադի Փելեշյանի 2025 թվականի հայտարարագրում առկա է Վանաձորում մեկ հասարակական նշանակության շինություն, ավտոմեքենա չի հայտարարագրվել, իսկ կանխիկ միջոցները տարվա ընթացքում 5 մլն դրամից նվազել են մինչև 3 մլն դրամ։ Եկամուտը կազմել է 6 մլն 192 հազար դրամ։
Սոնա Գրիգորյան




























