ArmLur.am-ը նկատեց, որ արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ Հայաստանի Հանրապետությունը չի զիջում իր դիրքը միջազգային լրատվամիջոցների առաջին էջերից։Սակայն ոչ թե դրական , այլ բացասական իմաստով։ Հայաստանը աշխարհին ներկայացնելու և վարկանիշ բարձրացնելու փոխարեն, մեր երկրի քաղաքական իրականությունը համաշխարհային հարթակներում շարունակում է ասոցացվել բացառապես սկանդալների, ծեծկռտուքների և անհանդուրժողականության հետ։
Հերթական աղմկահարույց դրվագը գրանցվեց Հանրային հեռուստաընկերության եթերում․ բանավեճի ժամանակ բռնկված կատաղի վեճն ու ծեծկռտուքը վայրկենապես հայտնվեցին միջազգային խոշորագույն լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես, եթերային ծեծի կադրերն իրենց հարթակներում հրապարակել և միլիոնավոր մարդկանց հասանելի են դարձրել ինստագրամյան հարթակում շուրջ 14,9 միլիոն հետևորդ ունեցող համաշխարհային «Al Jazeera» լրատվականը և 3,6 միլիոն հետևորդ ունեցող մերձավորարևելյան առաջատար «Rudaw»-ն և այլ լրատվականներ՝ Հայաստանի քաղաքական դաշտը ներկայացնելով որպես եթերային բռնցքամարտի հարթակ։
Սակայն սա միակ դեպքը չէ վերջին շրջանում։ Դեռևս չէր մարել հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովում տեղի ունեցած սկանդալային ծեծկռտուքի աղմուկը, որն ամբողջ աշխարհը տեսավ։ Այն ժամանակ հայաստանյան խորհրդարանական բախումներին լայնորեն անդրադարձել էին համաշխարհային հեղինակավոր հեռուստաընկերություններն ու պարբերականները, այդ թվում՝ «BBC»-ն, «CNN»-ը, «Al Jazeera»-ն, «Reuters»-ը, «The Guardian»-ը, «Euronews»-ը, «France 24»-ը, «Deutsche Welle»-ն, ինչպես նաև մի շարք այլ միջազգային լրատվամիջոցներ։
Ստացվում է մի իրավիճակ, երբ երկրի միջազգային վարկանիշը դիվանագիտական, տնտեսական կամ մշակութային հաջողություններով բարձրացնելու փոխարեն՝ Հայաստանի քաղաքականությունը աշխարհին ներկայացվում է բացառապես ծեծով, բռունցքներով ու սկանդալներով՝ մեր երկիրը դարձնելով համաշխարհային ծաղրի ու քննադատության թիրախ։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































