Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով մայիսի 12-ին երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները կմասնակցեն նաև Նախագահ Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակներում կայանալիք հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցեն Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահներն այնուհետև ներկա կգտնվեն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգին, որը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հայաստանի Նախագահի նստավայրում, ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի, կտրվի պետական ընթրիք:
Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակներում նախատեսվում է նաև երկու երկրների նախագահների մասնակցություն Երևանում Ֆրանսիայի ազգային հերոս, անվանի բանաստեղծ Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչված պուրակի բացման արարողությանը և այցելություն մայրաքաղաքում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ, որտեղ նախագահները կծանոթանան իրականացվող աշխատանքների ընթացքին:
ՀՀ Նախագահի աշխատակազմ