Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի գնահատմամբ` կանանց հավաքականին պակասում է առաջ մղող ինչ-որ մի ուժ` լրացուցիչ աշխատանքի տեսքով. «Եվ այն որքան ուշանա, այնքան Հայաստանի կանանց շախմատը կզիջի իր դիրքերը»:
-Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կանանց հավաքականը կիսեց 4-5-րդ տեղերը, սակայն լրացուցիչ միավորներով զբաղեցրեց 5-րդ տեղը: Արդյո՞ք կարելի է այս արդյունքը համարել գոհացուցիչ:
-Հաշվի առնելով, որ ողջ մրցաշարի ընթացքում մենք մինչեւ վերջին տուրը գտնվում էինք առաջատարների եռյակում, պարզ է, որ այս արդյունքը գոհացուցիչ չէր մեզ համար: Բայց նկատի ունենալով, որ մեր թիմը գործակցով 6-րդն էր, սա կարելի է համարել մեկ քայլ առաջ: Մեր թիմը լավ մարզավիճակում էր, մեր հավաքած անհատական միավորների քանակով մենք գտնվում ենք առաջին եռյակում: Բայց քանի որ մրցաշարը թիմային էր, այնտեղ հաշվվում են թիմային հաղթանակները: Արդյունքում` այս մրցաշարում մենք Վրաստանի կանանց ուժեղագույն ընտրանու հետ կիսել ենք 4-5-րդ տեղերը: Մեզանից առաջ թողել ենք թիմերի, որոնք գործակցով բարձր են մեզանից:
-Փաստորեն, Ձեր կարծիքով` մրցաշարի ընթացքում Հայաստանի հավաքականը բավական լավ խաղ ցույց տվեց, իսկ ի՞նչը չհերիքեց առաջին եռյակում հայտնվելու համար:
-Այո՛, մինչեւ վերջին տուրը մենք հավակնում էինք մեդալների, իսկ նախավերջին տուրում աշխարհի չեմպիոն թիմի` Ուկրաինայի հավաքականի հետ պայքարում էինք ոսկու համար: Այս առումով նախավերջին տուրը շատ կարեւոր, շատ լարված էր, եւ, կարելի է ասել, որ այդ խաղը կանխորոշեց Ուկրաինայի թիմի չեմպիոնության հարցը:
-Իսկ ինչո՞ւ հենց այդ խաղը չստացվեց:
-Ուկրաինայի ուժեղագույն թիմի հետ մենք հիմնականում հանդիպում ենք մրցաշարերի կարեւորագույն պահերին, երբ հենց այդ խաղի արդյունքից է կախված լինում մրցանակային տեղերի հարցը: Եվ, կարելի է ասել, որ մեր բացասական արդյունքը նրանց հետ հիմնականում ավելորդ լարվածության եւ այդ լարվածությանը չդիմանալու արդյունք է:
-Մրցաշարի կարեւորագույն պահերին լարվածությանը չդիմանալու պատճառները որո՞նք են:
-Երբեմն զգում ես, որ քո սկզբնախաղային պատրաստվածությունն ավելի խարխուլ է, քան կարող է լինել հակառակորդինը, դու որոշակի լարվածություն ես զգում մինչեւ պարտիայի սկիզբը: Իսկ ներկայիս շախմատում խաղին պատրաստվելու համար բավական ժամանակ է ծախսվում, ինչն էլ բերում է ուժերի որոշակի անկման, լրացուցիչ լարվածության եւ հոգնածության: Իսկ եթե լարվածությունը շարունակվում է նաեւ խաղի ժամանակ, երբ ստացել ես նորմալ, խաղարկային դիրք, ապա դա ավելորդ հոգեբանական ծանրաբեռնվածություն է, երբ դու քո ուսերին ես վերցրել լրացուցիչ` անպայման հաղթելու բեռը:
-Ռուսաստանի հավաքականը ողջ մրցաշարի ընթացքում չէր գտնվում առաջատարների մեջ, սակայն վերջին տուրերում ճեղքեց դիմադրությունն ու գրավեց 2-րդ տեղը:
-Նրանց խաղն ի սկզբանե այնքան էլ լավ չդասավորվեց, եւ նրանք մրցաշարի սկզբնամասում պարտվեցին Իսրայելի ոչ այնքան ուժեղ հավաքականին: Ինչպես նշում է Ռուսաստանի թիմի մարզիչ Սերգեյ Ռուբլյովսկին, իրենց շատ օգնեցին վերջին երեք տուրերի թիմային հաղթանակները: Չգիտեմ` կատակ էր, թե լուրջ, բայց նա խորին շնորհակալություն էր հայտնել նաեւ թիմի մերսողին: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ուժեղագույն թիմերը նման բարձրակարգ մրցաշարերի ներկայանում են երկու եւ ավելի մարզիչով: Մարզիչներն օգնում են խաղին պատրաստվելուն, մարզիկը խնայում է ժամանակ ու էներգիա եւ խաղին չի ներկայանում համակարգչից նոր կտրված, հոգնած աչքերով: Իսկ մեզ հետ Վարշավա մեկնել էր միայն հավաքականի մարզիչը, ում համար դժվար էր միայնակ պատրաստել թիմի չորս խաղացողների, հատկապես ուժեղագույն մասնակիցների հետ:
-Շախմատի համաշխարհային օլիմպիադայում կիսելով 5-6-րդ տեղերը՝ զբաղեցրիք 6-րդ տեղը, այս առաջնությունում` 5-րդ տեղը: Սովորաբար տղամարդկանց հավաքականից սովորել ենք սպասել օլիմպիական ոսկիների, իսկ կանանց համար այս տեղերը կարելի է համարել լավ արդյունք:
-Միանշանակ, դրանք շատ կայուն արդյունքներ են, եւ սա հուշում է, որ մեր թիմին պակասում է առաջ մղող ինչ-որ մի ուժ` լրացուցիչ աշխատանքի տեսքով: Եվ այն որքան ուշանա, այնքան Հայաստանի կանանց շախմատը կզիջի իր դիրքերը:
-Տղամարդկանց հավաքականի՝ հայտնի «թիմային ոգի» ասվածը ձեր թիմում առկա՞ է, թե՞ ոչ:
-Մեր թիմում տիրում է հիանալի մթնոլորտ: Իսկ թիմային ոգին ձեւավորվում է հաղթանակների ընթացքում:
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ