Գևորգ Կոստանյանը պարզաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մինասյանն ընդդեմ Հայաստանի» գործով (Minasyan v. Armenia, 2014թ., գանգատ թիվ 44837/08) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննության է առել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման հարցը, և Վ.Մինասյանի գործով Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում չի արձանագրել, իսկ մյուս մասերով արձանագրած խնդիրները ՀՀ իրավական համակարգում արդեն իսկ ստացել են Եվրոպական դատարանի իրավական չափանիշներին համապատասխանող լուծում:

 ՀՀ դատախազության հանրային կապերի վարչությունը տրամադրել է ՄԻԵԴ-ի կայացրած վճռի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր-ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի պարզաբանումը, որը ներկայացնում ենք ստորև:

«Այս գործով Եվրոպական դատարանի ձևավորած դիրքորոշումները կարևոր են, քանի որ լրացնում են քրեական վարույթի ընթացքում անձի իրավունքների ապահովման կոնվենցիոն երաշխիքների համակարգը:

Այդուհանդերձ, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ սույն գործի հետ կապված սկզբունքային նշանակության մի քանի հարցի:

Դիմումատու Վարդան Մինասյանը նախնական կալանքի տակ է եղել 2007թ. դեկտեմբերի 22-ից մինչև 2009թ. մայիսի 8-ը, այսինքն՝ ընդհանուր առմամբ 1 տարի 4 ամիս 16 օր:

 Գնահատելով նշված ժամանակահատվածում Վ.Մինասյանին կալանքի տակ պահելու վերաբերյալ ՀՀ դատարաների որոշումները՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դրանք եղել են հիմնավորված հետևյալ հիմնական պատճառներով՝ 1) հիմնավոր կասկածի առկայությունն առ այն, որ անձը կատարել է իրեն մեղսագրվող արարքը. 2) մեղսագրվող արարքի ծանր աստիճանը. 3) փախուստի դիմելու և գործի քննությանը խոչընդոտելու մտավախությունը՝ պայմանավորված անձին մեղսագրվող արարքի համար նախատեսված պատժի խստությամբ. 4) նրա կողմից նոր հանցագործություն կատարելու վտանգը:

Այս եզրահանգումը Եվրոպական դատարանը հիմնավորել է գործում առկա տվյալներով: Մասնավորապես, արձանագրվել են այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են համոզիչ ապացույցները կալանքի ողջ ընթացքում հիմնավոր կասկածի առկայության մասին, Վ.Մինասյանի թշնամական հարաբերությունները տուժող կողմի հետ, Վ.Մինասյանի գույքի ոչնչացումը վերջինիս՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում, գործի առանձնակի բարդությունը և այլն:

Ուստի, Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում չի արձանագրվել:

 Եվրոպական դատարանը քննության է առել նաև Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի խախտման հարցը: Խոսքը վերաբերում է նրան, թե արդյոք Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասին խախտում չէ մինչդատական վարույթի ընթացքում կալանքի տակ պահելու՝ դատարանի որոշմամբ սահմանված ժամկետը լրացել է 2008 թվականի հոկտեմբերի 7-ին, իսկ Հյուսիսային քրեական դատարանը գործը վարույթ ընդունելու և կալանքի որոշումը կայացրել է 2008թ. հոկտեմբերի 15-ին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասն այս առնչությամբ ամրագրում է, որ նախաքննության ավարտից և գործը դատարան ուղարկելուց հետո անձին կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է, և անձն առանց դատարանի որոշման կարող է պահվել կալանքի տակ: Այսպիսի կարգավորումն, իհարկե, հակասում է եվրոպական չափանիշներին և մինչև 2009 թվականի ապրիլի 10-ը, այսինքն՝ մինչև Վարդան Մինասյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը հիշյալ իրավանորմի հիման վրա ձևավորված պրակտիկան նույնպես չէր բխում Եվրոպական դատարանի իրավական չափանիշներից:

Հիմք ընդունելով Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները՝ 2009 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը համակարգային առումով այս խնդիրը լուծել է՝ արձանագրելով, որ այն դեպքում, երբ կալանքի երկամսյա ժամկետի ավարտին մնացել է 15 օրից քիչ ժամանակ, այսինքն՝ քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկի կայացման ժամկետից պակաս ժամանակ, նախաքննական մարմինը գործը դատարան ուղարկելու հետ միաժամանակ պետք է լուծի նաև անձի կալանքի հարցը: Այսինքն՝ նախաքննական մարմինը պետք է անձին ազատ արձակի, եթե վերացել են նրան կալանքի տակ պահելու հիմքերը, կամ դատարանին ներկայացնի կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն, եթե առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հիմքերը:

 Ընդ որում, Վճռաբեկ դատարանի այս դիրքորոշումներին Եվրոպական դատարանը հղում է արել նաև Պողոսյան ընդդեմ Հայաստանի գործով վճռում (Poghosyan v. Armenia, 2011թ., գանգատ 44068/07, կետ 62):

Այս խնդիրը լուծում է ստացել նաև ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի 208-րդ հոդվածի 2-րդ մասում, որի համաձայն՝ «Եթե մեղադրյալը կալանավորված է, ապա մեղադրական եզրակացությունը քրեական գործի հետ միասին դատարան է հանձնվում ոչ ուշ, քան մեղադրյալի կալանքի ժամկետը լրանալուց 15 օր առաջ»:

Մինասյանի գործով վճռում Եվրոպական դատարանն անդրադարձել է նաև Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով երաշխավորված իրավունքի խախտման հարցին: Այս կապակցությամբ դատարանը նշել է, որ կալանքի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից Վ.Մինասյանի 2008թ. սեպտեմբերի 22-ի բողոքը մերժելը այն հիմքով, որ գործն այլևս մինչդատական վարույթում չէ, նրա՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով երաշխավորված իրավունքի ոչ արդարացված սահմանափակում է:

Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի հիման վրա Վճռաբեկ դատարանի որոշումներով այս հարցին ևս տրվել է լուծում: Մասնավորապես, Ա.Ղավալյանի գործով 2008թ.-ի նոյեմբերի 28-ի որոշման մեջ Վճռաբեկ դատարանն անթույլատրելի է համարել անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշումները վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքի սահմանափակումը` ելնելով այն հանգամանքից՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, թե դատական քննության փուլում գտնվող գործի շրջանակներում են դրանք բողոքարկվել:

Մեկ այլ՝ Կ.Մնացականյանի գործով 2008թ.-ի դեկտեմբերի 26-ի որոշման մեջ Վճռաբեկ դատարանն արտահայտել է նույն դիրքորոշումը՝ նշելով, որ անձի կողմից վերաքննիչ բողոք բերելու իրավունքի սահմանափակումը դատավարության փուլի ավարտման պատճառաբանությամբ հակասում է ՀՀ քրեադատավարական օրենսդրությանը:

Այսպիսով, Վ.Մինասյանի գործով Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում չի արձանագրել, իսկ մյուս մասերով արձանագրած խնդիրները ՀՀ իրավական համակարգում արդեն իսկ ստացել են Եվրոպական դատարանի իրավական չափանիշներին համապատասխանող լուծում»:




Լրահոս