Այս օրերին կրկին քննարկման թեմա է դարձել արեւմտահայ մեծ բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքների թաղման հարցը: Դեռեւս 1959թ. Սկյութարի գերեզմանատան (որտեղ թաղված էր բանաստեղծը) տեղափոխման ընթացքում Դուրյանի գանգն այն ժամանակվա Պոլսո պատրիարք Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանի կամոք առանձնացվում է մնացած մասունքներից եւ տարվում պատրիարքարան` ի պահ: Մի կողմ թողնելով այն հարցը, թե որքանով էր քրիստոնեական պատրիարքի նման որոշումը, շարունակենք Դուրյանի գանգի ոդիսականը: Շուրջ 10 տարի մոռացության մատնվելուց հետո բանաստեղծի գանգը նոր պատրիարք Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի միջոցով տեղափոխվում է Հայաստան եւ հանձնվում Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսին, որն էլ իր հերթին այն հանձնում է Գրականության եւ արվեստի թանգարանին: Եւ ահա արդեն 42 տարի շարունակ խեղճ Դուրյանի բազմաչարչար գանգը պահվում է մի փոքրիկ արկղիկում: Եթե խորհրդային տարիներին արեւմտահայ բանաստեղծի գանգի հուղարկավորումը կարող էր դառնալ քաղաքական անցանկալի շահարկումների պատճառ, ապա անկախությունից հետո Հայաստանի իշխանություններին այլեւս ոչինչ չէր արգելում մեծ բանաստեղծի աճյունը հավուր պատշաճի հուղարկավորել իրեն արժանի վայրում` Պանթեոնում` հայ մեծերի կողքին: Սակայն 20 տարվա ընթացքում Հայաստանի մշակույթի նախարարներից (ի դեպ, որոնց մեծ մասը գրողներ էին) եւ ոչ մեկին չմտահոգեց հայ դասականի` արկղիկում բանտված մասունքներն ի վերջո հողին հանձնելու հարցը: Պարբերական քննարկումներից հետո մեր մշակույթի «մեծերը» որոշեցին բանաստեղծի ծննդյան 160-ամյակի կապակցությամբ 2011-ի սեպտեմբերին «գթասրտորեն» «նվեր» անել Դուրյանին` վերջինիս գանգն ի վերջո հողին հանձնելով:
Սակայն ինչպես վերջերս պարզվեց, կենսաբան մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հարցին այլ լուծում է գտել. բանաստեղծի մասունքը ոչ թե թաղելու են, այլ… պատի մեջ զմռսելու: Հետաքրքիր է, ո՞րն է նման որոշման պատճառը: Չէ՞ որ քրիստոնեական ավանդույթներում մասունքները զմռսելու կարգ չկա: Էլ չասած, որ դրան դեմ են հանդես եկել ինչպես Գրողների միությունը, այնպես էլ Դուրյանի գանգի երկարամյա պահապանը` Գրականության եւ արվեստի թանգարանը: Ըստ ամենայնի, Պողոսյանի այս «նորամուծությունը» պայմանավորված է նրանով, որ Պանթեոնի տարածքը սահմանափակ է, եւ չարժե այն «զանիտ անել» մի գանգի համար, եթե անգամ դա Պետրոս Դուրյանի գանգն է: Եթե ոմանք նման ենթադրությունը ծայրահեղ կհամարեն, խորհուրդ ենք տալիս այցելել Պանթեոն եւ տեսնել, թե ինչքան փոքր տարածք են զբաղեցնում մեր ազգի Մեծերի շիրիմները, ինչպիսի համեստ հուշաքարեր են դրանց վրա կառուցված, եւ նրանց կողքին ինչպիսի հսկայական տարածք է զբաղեցնում նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի դամբարանը: Ըստ ամենայնի, օրվա իշխանությունները, Դուրյանի գանգը մի փոքրիկ պատի մեջ զմռսելով, մտածում են իրենց հետագա դամբարանների մասին: Ու եթե այսպես գնա, ապա չի բացառվում, որ հետագա սերունդները ստիպված լինեն նոր Պանթեոն հիմնել` տեղափոխելով մեր հիրավի Մեծերի շիրիմները:
ԱՄՈԹ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ