Վ. Ավետիսյանը՝ «Նախախորհրդարանի» պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք պարտավոր ենք Մեծ եղեռնի 100-ամյակը դիմավորել առանց այս ռեժիմի» կարգախոսով այսօր՝ մայիսի 16-ին,  «Նախախորհրդարանը» Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել:  «Նախախորհրդարանի» անդամները ներկայացնում են իրենց անելիքները՝  ցանկացողներին կոչ անելով միանալ իրենց և միասնական ուժերով  հիմնել շարժման նախաձեռնած Հիմնադիր խորհրդարանը:

«Մենք այստեղ հավաքվել ենք հայտնելու մեր վճռականությունը, որ մենք Մեծ եղեռնի 100-ամյակը դիմավորելու ենք առանց այս ռեժիմի: Որովհետև եթե 100-ամյակը դիմավորենք այս ռեժիմի օրոք, դա նշանակում է՝ Ցեղասպանությունը շարունակվում է: Մենք վճռել ենք, որ այս վիճակին վերջ ենք տալու»,- Ազատության հրապարակում հայտարարեց «Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյան:

Բացի «Նախախորհրդարանի» անդամներից Ազատության հրապարակում են նաև մի խումբ ազատամարտիկներ՝  «Ռեժիմ ես հայ եմ, սպանիր ինձ» գրությամբ վերնաշապիկներով:

Հանրահավաքի մասնակիցները Ազատության հրապարակ են եկել եռագույն դրոշներով և «Ռեժիմի թաղումը այստեղ և շուտով», «Ատելությունից վեր հաղթանակն է», «Ազգը կամ տականքը» գրությամբ պաստառներով: Նրանք իրենց հետ բերել են նաև Վոլոդյա Ավետիսյանի, Շանթ Հարությունյանի նկարներով պաստառներ:

«Մենք մեր սեփական երկրում գյավուր ենք մնացել, մեզ շան տեղ չեն դնում»,- իր ելույթում ասաց «Նախախորհրդարանի» աջակից Գևորգ Սաֆարյանը:

Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաև դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը, որը «Նախախորհրդարանին» հաջողություն մաղթեց «իր բռնած գործում»:

«Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանն էլ ընթերցեց Վոլոդյա Ավետիսյանի նամակը, որում նա նշել էր, որ Հիմնադիր խորհրդարանի պատգամավորի համար իր թեկնածությունն է առաջադրում։

Գևորգ Սաֆարյանը և Վրեժ Զատիկյանը նույնպես առաջադրել են իրենց թեկնածությունը։

Նշենք, որ 2013թ, դեկտեմբերին «Նախախորհրդարանը» հայտարարեց, որ սկսում է պայքարի նոր փուլ։ Առաջիկայում կառույցը վերածվելու է Հիմնադիր խորհրդարանի, որի կազմում ընդգրկվելու է 65 պատգամավոր։ Այսպիսով փորձ է արվելու երկրում ձևավորել այլընտրանքային իշխանություն։




Լրահոս