ԵԹԵ ԱՐՏԱՌՈՑ ՈՉԻՆՉ ՉԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս տարի գարնանը Հայաստանում կանցկացվեն Ազգային Ժողովի ընտրությունները, իսկ մյուս տարի` նախագահական ընտրությունները: Նմանատիպ իրադարձություններն իրական փոփոխությունների հույս են առաջացնում ցանկացած երկրում»,-ռուսական «Ռեգնում»-ում տեղադրված իր վերլուծականում գրել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:
Հայաստանի գլխավոր հիմնախնդիրներից մեկը ժողովրդավարական ազատ ընտրություններ անցկացնելն է: Պատմականորեն դասավորվել է այնպես, որ Հայաստանի հասարակա-քաղաքական համակարգը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, դժբախտաբար, չդարձավ ծաղկուն, եւ չհիմնվեց դեմոկրատական արժեքների վրա, ընդհակառակը, այն հիմքից քանդվեց:
Նոր ստեղծված «էլիտան» կազմված էր իշխանություններին մոտ կանգնած օլիգարխներից եւ չինովնիկներից: Ոչ պրոֆեսիոնալիզմն ու կոռումպացված վիճակը դարձան գլխավոր գործիքը եւ ամրապնդեցին նոր իշխանություններին: Ընտրությունների գործընթացը վերածվեց ֆարսի:
Առաջին` 1991 թվականին` իսկական ընտրություններից հետո, արդեն նոր 1996 թվականի ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ ոստիկանության եւ բանակի օգնությամբ, օդում կրակոցներ արձակելով, ցրել բողոքող ամբոխին: Հենց Տեր-Պետրոսյանի կողմից 1995թ. նշանակված ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանն ու 1997-ին վարչապետ նշանակված Ռոբերտ Քոչարյանը հեղափոխություն կազմակերպեցին եւ ստիպեցին իրեն ժամանակից շուտ հրաժարական տալ: Ստացվեց, ինչպես Աստվածաշնչում` Աբրահամն ունեցավ Իսահակին, Իսահակը Հակոբին… Համակարգը գտավ իր համար նոր մարդու` Ռոբերտ Քոչարյանին: Քաղաքական դաշտում նա ազատեց դաշնակցական բանտարկյալներին, իսկ հետո օգնեց օլիգարխ Գագիկ Ծառուկյանին ստեղծել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Հենց Քոչարյանի օրոք, երբ 1998-ին Ազգային Ժողովի ընտրություններում հաղթեցին Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, 1999-ին տեղի ունեցավ ահաբեկչությունը, ԱԺ-ում սպանվեցին Դեմիրճյանն ու Սարգսյանը: Ստացվեց այնպես, որ երկիրը միանգամից զրկվեց ոչ միայն հանճարեղ մարդկանցից, այլեւ այն ժամանակվա ընդդիմության առաջնորդներից:
2007-ին վարչապետի եւ Քոչարյանի հետեւորդի պաշտոնը զբաղեցրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ով ինքնաբերաբար դարձավ Հանրապետական կուսակցության ղեկավար: Իսկ 2008-ին արդեն Ռոբերտ Քոչարյանը ստիպված եղավ դիմել ոստիկանների ու բանակի օգնությանը` կրակոցներով, մահացավ 10 մարդ, որպեսզի մաքրվեր Սերժ Սարգսյանի ճանապարհը, որը չուներ լեգիտիմություն… Սերժ Սարգսյանն արտակարգ դրության պայմաններում Երեւանի դատարկ փողոցներով գնաց երդման արարողության  ու նույնիսկ չէր էլ մտածում նոր ժողովրդավարական ընտրությունների մասին: Նրա համար կարեւոր էր այն, որ համակարգը կատարել էր իր ընտրությունը:
Իսկ ի՞նչ է հիմա: Այսօրվա քաղաքական դաշտը, ինչպես եւ նախկինում, հիմնականում համախմբված է երեք նախագահների շուրջ` Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի: Ոչ քիչ ֆինանսական միջոցները, մեդիա հնարավորություններն այդ մարդկանց դարձրին քաղաքական դաշտի կենտրոնական խաղացողներ, բայց ոչ ազգի առաջնորդներ, քանի որ 20-ամյա անկախ Հայաստանի զարգացման ճանապարհը ցույց տվեց, որ նրանց կողմից ստեղծված կառավարման համակարգը մեծ հաշվով բերեց երկրին ֆինանսական լուրջ ճգնաժամի, էկոնոմիկան էլ անկում ապրեց:
Ընդդիմադիր կուսակցությունների մի մասը ստեղծեց Հայ ազգային կոնգրես` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Ընդդիմադիր կուսակցությունների մյուս մասն էլ հիմա պատրաստվում է միայնակ մասնակցել ընտրություններին: Դաշնակցականների մի մասը եւ «Բարգավաճ Հայաստան»-ը գաղափարապես ձգվում են Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ: Բայց ընտրություններին կմասնակցեն որպես առանձին ուժեր: Իսկ հանրապետականներն ու Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր»-ը կոալիցիայի կազմում պաշտպանում են Սերժ Սարգսյանին:
Բայց գործող իշխանություններն ունեն ակնհայտ առավելություն` ֆինանսական եւ ադմինիստրատիվ ուժային բռունցք: Այն հաղթահարել ավանդական ձեւերով` շատ բարդ կլինի: Այստեղից հետեւություն, եթե մինչեւ ընտրությունները ոչ մի էքստրավագանդ բան տեղի չունենա, ուրեմն հենց նրանք էլ կանցնեն պառլամենտ` որոշակի քվեներով, սահմանված համակարգով: Նույն սցենարն է, եւ երկրի իրավիճակը կրկին չի փոխվի: Ընդհակառակը: Ինչքան էլ որ Սերժ Սարգսյանի կոալիցիան քարոզչություն անի Հայաստանի հզոր ձեռքբերումների մասին, միեւնույն է, երկրի իրական իրավիճակը ծայրահեղ է: Երկրի մեկ երրորդ մասն ապրում է աղքատության սահմանին մոտ, իմպորտը գերազանցում է էքսպորտին գրեթե չորս անգամ, էկոնոմիկան ամբողջությամբ կախված է արտաքին տրանսֆերտներից, արտաքին պարտքն անթույլատրելի սահմանին է հասել, մենաշնորհները վերացնում են փոքր եւ միջին բիզնեսը: Տարվա ընթացքում պաշտոնական տվյալներով երկրից հեռանում է 60-80 հազար մարդ:
2011 թվականի գարնանը Հայաստանում տեղի չունեցավ հեղափոխություն, քանի որ ՀԱԿ-ը որոշեց երկխոսության գնալ իշխանությունների հետ: Քաղաքական կոալիցիան չփլուզվեց միայն ուժային միջոցառումների շնորհիվ` ուղղված «Բարգավաճ Հայաստան»-ի դեմ: Կոալիցիայի ներսում փոխհարաբերությունները թույլ չեն տալիս այդ կուսակցություններին գնալ ընտրություններին ընդհանուր ցուցակով:  
Բայց մինչեւ հիմա բացահայտված չեն 2008 թվականի մարտի 1-ի սպանությունները` չնայած իշխանությունները հակառակն են համոզում…

Քաղաքական գիտությունների դոկտոր ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ




Լրահոս