ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

28.12.2011թ-ին ՀՀ ԱԺ-ն ընդունել է ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (ՀՕ-339) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (ՀՕ-341) ՀՀ օրենքները:
Եթե ենթադրում ենք, որ ՀՕ-339 եւ ՀՕ-341 օրենքներում փոփոխությունները կատարվել են ի շահ քաղաքացու եւ իրավաբանական անձի, որպեսզի քաղաքացիական դատարանում նրանց շահերը ներկայացնեն մասնագետ փաստաբանները, ապա առաջանում են հարցադրումներ. ԱԺ-ն ինչո՞ւ փոփոխություններ չի կատարել նաեւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19 եւ 20 հոդվածում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 78 հոդվածում եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում, ինչո՞ւ չի ընդունել, որ քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է դիմել դատարան եւ իր իրավունքներն ու շահերը պաշտպանել միայն փաստաբանի միջոցով, ինչո՞ւ է թույլատրվել, որ քաղաքացին կամ իրավաբանական անձի ղեկավարը վարչական կամ սահմանադրական դատարան դիմելու եւ քրեական գործերով տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կարգավիճակում հայտնվելու դեպքում, ինչպես նաեւ ՀՀ Նախագահին, օրենսդիր կամ գործադիր իշխանություններին դիմելու դեպքերում իրենց իրավունքները եւ շահերը պաշտպանեն ոչ փաստաբան ներկայացուցչի միջոցով: Չէ՞ որ նշված դեպքերում փաստաբանի մասնագիտական գիտելիքներից օգտվելն ավելի էական է, քան քաղաքացիական դատարան դիմելու դեպքում:
Ստացվում է, որ եթե քաղաքացին կամ իրավաբանական անձը քաղաքացիական դատարանում իր իրավունքները եւ շահերը պարտավոր է պաշտպանել անձամբ կամ փաստաբանի միջոցով, ապա նույնը նա պարտավոր է  իրականացնել վարչական եւ քրեական դատավարությունում, սահմանադրական դատարանում,  օրենսդիր եւ գործադիր մարմիններում:
ՀՕ-339 օրենքի 5 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջներն առաջացնում են հետեւյալ հարցադրումները. մերձավոր ազգական համարվո՞ւմ է քաղաքացու հորեղբայրը կամ մորեղբայրը, նրանց երեխաները, ո՞վ եւ ինչպե՞ս է պարզելու, որ մերձավոր հարազատը քաղաքացիական դատարանում իր հարազատների իրավունքները եւ շահերը ներկայացնում է անվճար եւ ոչ թե որոշակի գումարի դիմաց, ո՞վ եւ ինչպե՞ս է պարզելու եւ որոշելու, որ ոչ փաստաբանը դատարանում հանդես է գալիս պարբերաբար կամ վճարովի հիմունքներով, կամ` քաղաքացին ինչո՞ւ չի կարող օգտվել իր ընկերոջ կամ այլ անձի ծառայություններից, եթե գտնում է, որ քաղաքացիական դատարանում միայն տվյալ անձը կարող է լիարժեք պաշտպանել իր  շահերը:
ՀՕ-339 օրենքի 5 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջներից հետեւում է, որ պարտադիր չէ, որպեսզի քաղաքացիական դատարանում քաղաքացու իրավունքները եւ շահերը ներկայացնող մերձավոր հարազատը լինի իրավաբան կամ փաստաբան:
Առաջանում է հարցադրում. եթե քաղաքացին քաղաքացիական դատարանում կարող է հանդես գալ իրավաբան չհանդիսացող մերձավոր ազգականի միջոցով, ապա ինչո՞ւ չի կարող հանդես գալ իրավաբան (ոչ փաստաբան) ընկերոջ կամ այլ անձի միջոցով:
ՀՕ-339 օրենքի 5 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի պահանջներից հետեւում է, որ պարտադիր չէ, որպեսզի քաղաքացիական դատարանում իրավաբանական անձի իրավունքները եւ շահերը ներկայացնող, կանոնադրական կապիտալում 50%-ից ավելի բաժնեմաս ունեցող քաղաքացու մերձավոր հարազատը լինի իրավաբան կամ փաստաբան:
Առաջանում են հարցադրումներ. ի՞նչ տրամաբանությամբ է որոշվել, որ քաղաքացին քաղաքացիական դատարանում իրավաբանական անձի իրավունքներն ու շահերը կարող է ներկայացնել, եթե քաղաքացու մերձավոր հարազատին պատկանում է տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կեսից ավելի բաժնեմասը եւ չի կարող ներկայացնել, եթե մերձավոր հարազատին պատկանում է կանոնադրական կապիտալի կեսը, 49%-ը կամ 5%-ը, ինչո՞ւ իրավաբանական անձի իրավունքները եւ շահերը քաղաքացիական դատարանում կարող է ներկայացնել կանոնադրական կապիտալում 50%-ից ավելի բաժնեմաս ունեցող քաղաքացու իրավաբան կամ փաստաբան չհանդիսացող մերձավոր հարազատը եւ չի կարող ներկայացնել կանոնադրական կապիտալում 50%-ից ավելի բաժնեմաս ունեցող քաղաքացու իրավաբան ընկերը, ինչո՞ւ չի կարող իրավաբանական անձի իրավունքները եւ շահերը քաղաքացիական դատարանում ներկայացնել կանոնադրական կապիտալում 50%-ը, 49%-ը կամ 5%-ն ունեցող քաղաքացու մերձավոր հարազատը կամ նրա իրավաբան ընկերը, ինչո՞ւ իրավաբանական անձի շահերը չեն կարող ներկայացնել իրավաբանական անձի ղեկավարի իրավաբան ընկերը կամ նրա հետ պայմանագիր կնքած ոչ փաստաբան իրավաբանը կամ այլ մասնագիտություն ունեցողը:
ՀՕ-339 օրենքի 5 հոդվածի 3-րդ մասի եւ ՀՕ-341 օրենքի 40 հոդվածի 1-ին մասի պահանջների համադրումից հետեւում է, որ փաստաբան չհանդիսացող քաղաքացին գոնե մեկ անգամ քաղաքացիական դատարանում կարող է ներկայացնել մեկ այլ քաղաքացու իրավունքները եւ շահերը:
Առաջանում է հարցադրում. ինչո՞ւ է փաստաբան չհանդիսացող քաղաքացուն թույլատրվել քաղաքացիական դատարանում գոնե մեկ անգամ ներկայացնել մեկ այլ քաղաքացու իրավունքները եւ շահերը, ինչո՞ւ չի կարող նույնն իրականացնել պարբերաբար:
ՀՕ-339 ՀՀ օրենքի 5 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ ՀՕ-341 ՀՀ օրենքի 40 հոդվածի 1-ին մասի պահանջների համադրումից հետեւում է, որ դատարանում քաղաքացին իր իրավունքները եւ շահերը կարող է ներկայացնել փաստաբան չհանդիսացող մերձավոր ազգականի միջոցով:
Առաջանում է հարցադրում. քաղաքացուն ինչո՞ւ է թույլատրվում դատարանում իր իրավունքները եւ շահերը ներկայացնել փաստաբան չհանդիսացող մերձավոր հարազատի միջոցով, ինչո՞ւ չի թույլատրվում նույնն իրականացնել փաստաբան չհանդիսացող ընկերոջ կամ այլ քաղաքացու միջոցով, կամ` եթե  փաստաբան չհանդիսացող քաղաքացուն թույլատրվում է դատարանում ներկայացնել իր մերձավոր հարազատի իրավունքները եւ շահերը, ապա ինչո՞ւ նրան չի թույլատրվում ներկայացնել այլ քաղաքացու իրավունքները եւ շահերը:
ՀՕ-339 ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի եւ ՀՕ-341 ՀՀ օրենքի 40 հոդվածի 1-ին մասի համադրումից հետեւում է, որ այսուհետ իրավապաշտպան գործունեության իրավունք կունենան միայն փաստաբանները, որի հիմնավորումները հետեւյալներն են:
1. Անձին տրվող ցանկացած իրավաբանական օգնություն ենթադրում է տվյալ անձի իրավունքների եւ շահերի պաշտպանություն նաեւ դատարանում, եւ օգնություն ստանալու ակնկալիքով իրավաբանին դիմող քաղաքացին, պարզելով, որ տվյալ քաղաքացին փաստաբան չէ, կհրաժարվի նրա ծառայություններից, քանի որ նա իրավունք չի ունենա իր իրավունքները եւ շահերը ներկայացնել դատարաններում, եթե մի քանի անգամ այլ քաղաքացիների շահերը ներկայացրել է դատարանում:
2. Իրավաբանական անձի ղեկավարը փաստաբան հանդիսացող իրավաբանին աշխատանքի չի ընդունի, քանի որ նա չի կարող տվյալ իրավաբանական անձի իրավունքներն ու շահերը պարբերաբար ներկայացնել դատարանում:
 Ներկայացված փաստերից հետեւում է, որ բուհերի իրավաբանական ֆակուլտետներն ավարտած տասնյակ հազարավոր իրավաբաններ, եթե չդառնան փաստաբաններ, չեն կարող աշխատել իրենց մասնագիտությամբ, կհամալրեն գործազուրկների շարքերը կամ կհեռանան հանրապետությունից, քանի որ ոչ ոք նրանց ծառայություններից չի օգտվի, եթե պարզվի, որ նրանք իրավունք չունեն գործատուի իրավունքները եւ շահերը ներկայացնել դատարանում:
Գործազուրկների եւ հանրապետությունը լքողների շարքերը կհամալրեն նաեւ այն մասնագետները, որոնք չունեն իրավաբանական կրթություն, սակայն համագործակցելով իրավաբանների հետ, մասնագիտական խորհրդատվություններ են տալիս իրենց դիմած քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ նրանց շահերն են ներկայացնում դատարանում:
Այս դեպքում անգործության կմատնվեն նաեւ իրավապաշտպան կազմակերպությունները, քանի որ նրանք դատարաններում չեն կարող պաշտպանել իրենց դիմած քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքները:

ՀԱԿՈԲ ՃԱՐՈՅԱՆ




Լրահոս