Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է 2013 թվականի ձմեռային զորակոչի արդյունքների եւ 2014 թվականի ամառային զորակոչի խնդիրներին նվիրված ընդլայնված խորհրդակցությանը:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե համապատասխան ելույթներով եւ զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ԼՂՀ զինվորական կոմիսար Մխիթար Ավշարյանը, շահագրգիռ այլ ստորաբաժանումների եւ կառույցների ղեկավարներ:
Բակո Սահակյանը կարեւոր է համարել զորակոչի պատշաճ մակարդակով իրականացումը եւ այս գործընթացում պաշտպանության նախարարության, կառավարության տարբեր ստորաբաժանումների եւ շրջվարչակազմերի համագործակցությունը` համապատասխան հանձնարարականներ տալով այս ուղղությամբ:
Նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու եւ արժանի հակահարված հասցնելու համար «Արիության համար» եւ «Մարտական ծառայություն» մեդալներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների: