ԳՈՐԾՈՂ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ 9 մարզերի 59 համայնքներում հունիսի 8-ին տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համայնքի ղեկավարի թեկնածուներից 17-ին առաջադրել էր ՀՀԿ-ն, 63 թեկնածու էլ ինքնառաջադրվել էր: ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով հիմնականում հաղթել են ՀՀԿ-ական եւ որ ուշագրավ է՝ անկուսակցական թեկնածուներ: Նշենք, որ ընտրություններին մասնակցել են ՀՀԿ, ԲՀԿ. ՀՅԴ, ԺԱԿ կուսակցությունների ներկայացուցիչներ: Իսկ ահա ՀԱԿ-ից կամ «Ժառանգություն»-ից թեկնածուներ չկային:

Նշենք, որ 73 ընտրատեղամասերից միայն 6-ում է խախտումների վերաբերյալ գրառում գրանցվել: Իսկ արտառոց դեպք արձանագրվել է միայն Գեղարքունիքի մարզի Տրետուք համայնքում:
Գորիս քաղաքում, ինչպես եւ սպասվում էր, հաղթել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված Վաչագան Ադունցը՝ հավաքելով 4732 ձայն: Իսկ Ջերմուկ քաղաքում վերընտրվել է ՀՀԿ-ական Վարդան Հովհաննիսյանը՝ հավաքելով 2286 ձայն:
Արագածոտնի մարզի վեց համայնքներում ՏԻՄ ընտրությունների արդյունքում հաղթել են հիմնականում անկուսակցական եւ ՀՀԿ-ական թեկնածուներ: Նոր Արթիկում գործող ԲՀԿ-ական գյուղապետ Վարդգես Ներսիսյանը պարտվել է ՀՀԿ-ական Թաթուլ Գրիգորյանին:
Արարատի մարզում հիմնականում վերընտրվել են գործող գյուղապետերը: Այգեզարդ համայնքում ՀՀԿ-ն առաջադրել էր գործող համայնքապետ Արթուր Մանուկյանի թեկնածությունը, ով էլ հավաքելով 1001 ձայն վերընտրվել է: Նույն մարզի Գոռավան համայնքում ՀՀԿ-ն առաջադրել էր գործող ՀՀԿ-ական համայնքապետ Արսեն Բազիկյանի թեկնածությունը, ով էլ, բնականաբար, վերընտրվել է` հավաքելով 775 ձայն:
Իսկ Արմավիրի մարզում միայն Մարգարա համայնքում է տեղի ունեցել համայնքի ղեկավարի ընտրություն. առաջադրվել է գործող ՀՀԿ-ական գյուղապետ Խաչատուր Ասատրյանը եւ վերընտրվել` հավաքելով 511 ձայն: Իսկ ահա Գեղարքունիքի մարզի Այգուտ համայնքում ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուն՝ ՀՀԿ-ական Վասիլ Հովհաննիսյանը, պարտվել է գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, անկուսակցական Մխիթար Կարապետյանին:
Ավազանում առաջադրված թեկնածուներից՝ գրադարանավարուհի Իրինա Դալլաքյանը հավաքել է ընդամենը 9 ձայն, պարտվելով գործող ՀՀԿ-ական գյուղապետ Արշակ Դալլաքյանին: Արտանիշում նույնպես վերընտրվել է գործող ՀՀԿ-ական գյուղապետ Կարեն Շուշանյանը՝ հավաքելով 325 ձայն: Նույն մարզի Դրախտիկ եւ Ծափաթաղ համայնքներում վերընտրվել են գործող գյուղապետերը: Նրանք մրցակիցներ չեն ունեցել:
Նույն մարզի Կախակն համայնքում «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության անդամ Մակիչ Շիրվանյանը հաղթել է գործող դաշնակցական գյուղապետ Գագիկ Պետրոսյանին: Իսկ Կութում ընտրությունները հետաքրքիր վերջաբան են ունեցել. նախնական տվյալներով՝ առաջադրված երկու թեկնածուներն էլ հավաքել են 61 ձայն: Համայնքապետի պաշտոնի համար պայքարել են ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող գյուղապետ Մեժլում Իսրայելյանը եւ անկուսակցական Անդրանիկ Հախումյանը: Վերջինիս վստահված անձը բողոքարկել է՝ հայտարարելով, որ մյուս մրցակցի՝ Մեժլում Իսրայելյանի քվեների մեջ անվավեր է նկատել:
Շատվան համայնքում ԲՀԿ-ական գործող գյուղապետ Լյովա Աբրահամյանը պայքարել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված Նիկոլայ Ավանեսյանի դեմ. վերընտրվել է գործողը՝ հավաքելով 158 ձայն: Այսպիսով, այս համայնքում ՀՀԿ-ն 13 ձայնով պարտվել է ԲՀԿ-ին: Շորժայում գյուղապետի պաշտոնի համար պայքարել է երկու ՀՀԿ-ական՝ գործող գյուղապետ Սուլիկո Շուշանյանը եւ Գարիկ Ղազարյանը: Վերընտրվել է գործողը: Վանեւանում եւ Տորֆավանում վերընտրվել են գործող գյուղապետերը, Շատջրեքում` ՀՀԿ-ական Զոյա Գեւորգյանը:
Իսկ ահա Տրետուքում գործող անկուսակցական համայնքապետը պարտվել է՝ հավաքելով 63 ձայն: Նրա մրցակիցը` ՀՀԿ-ական Հովհաննես Երանոսյանը, ընտրվել է 80 ձայնով: Ի դեպ, երեկ նախագահականի մոտ Տրետուք համայնքի մի քանի բնակիչ բողոքի ակցիա անցկացրեցին: Նրանք պնդում են, որ ընտրությունները կեղծված են: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բողոքի ակցիան գյուղապետի թիմակիցներն են անցկացրել: Արդյունքում այսօր Տրետուքում վերահաշվարկ է լինելու: Նշենք, որ հաղթող թեկնածուն՝ Հովհաննես Երանոսյանը, ՀՀԿ-ական է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրան սատարում է Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, իսկ մյուս թեկնածուն` Ալիկ Եղիազարյանը, նախկին ԲՀԿ-ական է:
Փամբակ համայնքում ԲՀԿ-ական թեկնածուն՝ Արմեն Մարտիրոսյանը, 141 ձայնով պարտվել է, իսկ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Հարություն Ազարյանը վերընտրվել է: Փոքր Մասրիկում պայքարել են ՀՀԿ-ական երկու թեկնածուներ. գործող գյուղապետ Վարդան Մարգարյանը վերընտրվել է:
Լոռու մարզի չորս համայնքներում վերընտրվել են հիմնականում ՀՀԿ-ական գործող գյուղապետերը: Նրանք նույնիսկ մրցակից չեն ունեցել: Իսկ ահա Կոտայքի մարզի երկու համայնքներում՝ Կոտայքում եւ Գետամեջում, վերընտրվել են ԲՀԿ-ական գործող գյուղապետերը:
Շիրակի մարզի Բավրա գյուղում ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող գյուղապետ Մկրտիչ Պետրոսյանը պարտվել է անկուսակցական Կորյուն Սումբուլյանին, ով էլ ընտրվել է՝ հավաքելով 176 ձայն: Նույն մարզի Սառնաղբյուր համայնքում վերընտրվել է գործող դաշնակցական գյուղապետ Սեւակ Մադաթյանը:
Ցողամարգում ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող գյուղապետին հաղթել է գյուղի միջնակարգ դպրոցի ՀՀԿ-ական ուսուցիչը՝ հավաքելով 108 ձայն: Իսկ Սյունիքի մարզի Աճանան եւ Թանահատ համայնքներում վերընտրվել են գործող ՀՀԿ-ական գյուղապետերը: Օխտարում վերընտրվել է գործող դաշնակցական գյուղապետ Վաղարշակ Համբարձումյանը:
Այսպիսով` ամփոփելով այս ՏԻՄ ընտրությունների արդյունքները, կարելի է արձանագրել, որ բնական իշխանափոխությունն անգամ համայնքապետերի մակարդակով Հայաստանում այլեւս լուրջ խնդիր է դառնում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս