Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ով երեկ ձերբակալվել էր հարձաքննման համար, պաշտոնապես դարձել է կասկածյալ. տեղեկացնում է BBC-ն:
Սարկոզին դատավորի առջև կանգնել է երեքշաբթի ուշ երեկոյան՝ ոստիկանությունում 15 ժամ տևած հարցաքննությունից հետո:
Սկզբում հետաքննությունը զբաղվում էր այն տեղեկությունը ստուգելով, որ 2007թ. Սարկոզիի նախընտրական հիմնադրամն ապօրինաբար ֆինանսավորվել է լիբիական առաջնորդ Մուամմար Քադդաֆիի կողմից: Դրան ավելացել է նաև ոչ ստուգված
տեղեկությունն այն մասին, որ Սարկոզին դատավոր Ազիբերին խոստացել էր Մոնակոյում բարձր պաշտոն տալ` հետաքննության մասին տեղեկատվության դիմաց:
Սարկոզին դարձել է Ֆրանսիայի նորագույն պատմության մեջ առաջին նախկին նախագահը, ով հարցաքննվել է ոստիկանության կողմից: Նրա նախորդը` Ժակ Շիրակը, չնայած այն բանին, որ 2011-ին պայմանականորեն դատապարտվել էր Փարիզի
քաղաքապետ եղած ժամանակ ֆինանսական մեքենայությունների համար, երբեք չէր ձերբակալվել:
Հիմա դատավորը պետք է ուսումնասիրի Սարկոզիի գործով եղած նյութերը և որոշում կայացնի՝ բավարար են դրանք արդյոք նախկին նախագահին մեղադրանք ներկայացնելու համար:
59-ամյա Սարկոզին, ով նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2007-2012 թթ., հույս ունի իր թեկնածությունը կրկին առաջադրել 2017-ին կայանալիք ընտրություններում: Քրեական գործի ծավալումը, սակայն, կարող է խանգարել նրա այդ ծրագրերին:
Սարկոզիի հետ մեկտեղ՝ գործով անցնում են նաև նրա փաստաբան Թիերի Էրզոգը և դատավոր Ժիլբեր Ազիբերը, ով, իբր, գիտեր հետաքննության ընթացքի մասին և անթույլատրելի շփումներ է ունեցել նախկին նախագահի և նրա շրջապատի հետ: