ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՊԵՏՔ Է ԽՍՏԱՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ»

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանում հանդիպել է ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանի, Էդուարդ Շարմազանովի, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանի, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ ու նրանց ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ խմբակցությունները որոշել են այդ հարցում լինել միասնական եւ ժամանակ առ ժամանակ մեկնել դիրքեր` տեղում ծանոթանալու իրավիճակին:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գծում մի շարք դիվերսիաներ է իրականացրել` տալով առնվազն 25 զոհ եւ 30 վիրավոր, իսկ հայկական կողմից եղել է 5 զոհ, 7 վիրավոր: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովի հետ` պարզելու, թե ինչ են պայմանավորվել ՊՆ Ս. Օհանյանի հետ եւ իրականում ինչ է կատարվում շփման գծում, քանի որ կիրակի օրը Է. Շարմազանովը եղել է Տավուշի մարզում:
-Պարոն Շարմազանով, տեղեկացանք, որ կիարկի օրը եղել եք Տավուշի մարզի մի շարք գյուղերում: Ձեր դիտարկմամբ` ինչպիսի՞ն է վիճակը սահմանամերձ գոտում, ինչպե՞ս են գյուղացիները դիմակայում ադրբեջանական ռմբակոծություններին:
-Ես եղել եմ Նոյեմբերյանում ու խնդրել եմ մարզպետին, որպեսզի ինձ ուղեկցի այն համայնքները, որոնք ամենաշատն են տուժում հակառակորդի կրակոցներից` Դովեղ եւ Բարեկամանվան: Հանդիպում եմ ունեցել նաեւ բանակի հրամանատարության հետ ու կարող եմ հավաստիացնել, որ Տավուշի շրջանի մեր բանակային ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը, որեւէ տագնապի խնդիր չկա ու պետք է փառք ու պատիվ ասեմ մեր հայ զինվորներին, որ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը: Դովեղ համայնքի ժողովուրդը «դուխով» ապրում է, այնտեղ մարդիկ բլոտ են խաղում, նարդի են խաղում, մի խոսքով՝ ապրում են իրենց առօրյա կյանքով: Նույնիսկ մի բան ասեմ. Դովեղ գյուղում Կարեն անունով մի մարդ կա, ով 2002թ. ադրբեջանցի անասնագողերի է բռնել, այդ մարդու տունն ամենաշատն է տուժել այդ կրակահերթերից, ես էլ գնացել էի հարցնեմ, թե ինչի կարիք ունեն, ինչ օժանդակություն է պետք: Բայց ինձ Կարենը գիտե՞ք ինչ ասաց՝ պարոն Շարմազանով, ամեն ինչ նորմալ է, միայն թե ես ֆուտբոլասեր մարդ եմ, հեռուստաընկերությունները լավ չեն բռնում, որ ֆուտբոլ նայեմ: Այսինքն՝ մարդը կպած է իր հողին ու այդ կրակոցներն իրեն չեն էլ անհանգստացնում: Եղել ենք նաեւ Ոսկեվան, Կոթի ու Բարեկամավան գյուղերում, որտեղ տեսանք, որ էլի գյուղացիներն ապրում են իրենց առօրյայով, երեխաներն էլ իրենց խաղն էին խաղում: Որեւէ պանիկա չկար:
-Այսօր ( երեկ) Աժ-ում հանդիպում եք ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, ի՞նչ եք քննարկել մոտ 2 ժամ եւ, ի վերջո, ի՞նչ եք որոշել անել, որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը:
-Հանդիպումը եղել է պարոն նախարարի նախաձեռնությամբ, ինքը ցանկացավ հանդիպել բոլոր ֆրակցիաների հետ ու իմ աշխատասենյակում կազմակերպել ենք հանդիպումը: Պարոն նախարարը խմբակցություններին ներկայացրել է իրավիճակը շփման գծում: Ու մեր խնդիրն է՝ բոլորս այս փուլում գիտակցենք, որ պետք է լինենք միասնական` մեր պետության, մեր բանակի կողմից ու դա այդ պահը չէ, որ ընդդիմություն կամ իշխանություն պետք է խաղանք: Բոլորի կարծիքը մեկն է եղել, պետք է լինենք միասնական, անթույլատրելի են Ադրբեջանի նման գործողությունները: Մենք դատապարտում ենք Ադրբեջանի նման ապակառուցողական, խաղաղ բանակցությունները փակուղի տանող գործողությունները:
-Այսինքն, իշխանությունն ու ընդդիմությունը միասնական ինչ-որ քա՞յլ են անելու:
-Կլինեն քայլեր, ես չեմ ուզում ժամանակից շուտ առաջ անցնել: Հասարակությունն էլ է այս պահին հետեւում, թե ով ինչպես է իրեն պահում, ու ես պետք է ասեմ, որ գոնե այս փուլում պետք է բոլորն էլ գիտակցեն. եթե ազգային խնդիր կա, պետք է բոլորս լինենք միասնական: Չեմ բառացում, որ կլինեն այլ նախաձեռնություններ, այլ գործողություններ մեր պետության շահի գերակայությամբ, գոնե ինձ մոտ խորհրդակցության ժամանակ որեւէ մեկն այլ բան չի ասել:
-Օգոստոսի 8-ին նախատեսված է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այդ հանդիպումից:
-Երբեք կոռեկտ չեմ համարել հանդիպումից առաջ գնահատականներ տալը: ՀՀ նախագահը բազմից նշել է, որ մենք բացառապես հարցի խաղաղ կարգավորման կողմնակից ենք, դրա մասին խոսել են Մինսկի խմբի համանախագահները, բայց չնայած այդ հայտարարություններին Ադրբեջանի ղեկավարությունն իրականացնում է այլ քաղաքականություն ու այս ամենն ինչ կա շփման գծում, Ադրբեջանի ղեկավարության հայատյաց քաղաքականության արդյունքն է: Բոլոր զոհերը Ադրբեջանի ղեկավարության խղճին են, քանի որ իրենք են սկսել, մենք չենք նախաձեռնել: Իմ ակնկալիքն այն է, որ պետք է վերադառնալ խաղաղ բանակցությունների հունին, իսկ եթե չհասկանան, ուրեմն պետք է պարտադրել:
-Պարոն Շարմազանով, միջազգային կառույցները, կարելի է ասել, աչք են փակում Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի առաջ: Ձեր կարծիքով` ո՞րն է պատճառը:
-Կարծում եմ՝ միջազգային կառույցները պետք է խստացնեն Ադրբեջանի նկատմամբ դիրքորոշումը, բոլոր միջազգային կառույցներն ուղիղ կամ անուղղակի կապված են այս կոնֆլիկտի հետ, բոլորն էլ շահագրգռված են խաղաղ կարգավորման մեջ:

 
ՎԱՐԴԵՆԻՍԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԽԱԲԵՑԻՆ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հունիսի 29-ին տեղի ունեցած ուժեղ քամուց տուժած բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներն ամեն անգամ այցելում են բնակիչներին, տարբեր խոստումներ տալիս ու հեռանում: Շուրջ մեկ ու կես ամիս է՝ մարդիկ ապրում են բաց «երկնքի» տակ:

Եվ այսպես, երեկ Վարդենիս քաղաքի մի քանի բնակիչ վրդովված զանգահարել էր «Ժողովուրդ»-ի խմբագրություն ու խնդրում էր օգնել իրենց, քանի որ անհնար է ապրել փլուզված բնակարաններում: «Մենք հույսով սպասեցինք, որ ՀՀ կառավարության կողմից տրամադրված 20 միլիոն դրամը տեղ կհասնի, սակայն մինչեւ այսօր մեզ ոչ մեկ չի օգնել»,- այսպիսի դժգոհություն կարելի է լսել գրեթե յուրաքանչյուր տուժածից:
Վարդենիսի բնակիչ Արտակ Մանուկյանը վրդովված պատմեց, որ նախորդ շաբաթ փորձել է մոտանել Գեղարքունիքի մարզ այցելած ՀՀ վարչապետին, սակայն ուղեկցողները թույլ չեն տվել՝ խորհուրդ տալով նամակ գրել: Նամակ է ուղարկել Հովիկ Աբրահամյանի անունով, սակայն այն մակագրվել է Գեղարքունքի մարզպետին ու մնացել անպատասխան: Մարդիկ իրենց խաբված են զգում, քանի որ սկզբում գրեթե բոլոր գերատեսչությունները խոստանում էին իրենց օգնել, բայց իրականում ոչինչ չի արվել՝ ձեւական ու կոսմետիկ քայլերից բացի: «Մարզպետարանից էն օրը եկել են, նոր չափագրում են անում, ասում են՝ պատուհանների պրոֆիլը չենք փոխելու, ապակի կտանք, կսարքեք, բայց սկզբից ասում էին՝ նորմալ պատուհան կտան: Տենց բան կլինի՞: Մի խորհուրդ տվեք՝ ինչ անենք»,-զայրացած ասաց մեր զրուցակիցը:
Փոթորկից թերեւս ամենաշատը տուժած վարդենիսցի Երազիկ Սաղաթելյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իր բոլոր թոռները հիվանդացել են, քանի որ իրենց բնակարանն ամբողջությամբ գտնվում է բաց երկնքի տակ. «Նենց եմ ուզում էս դրությամբ գաք ինձ տեսնեք, էսի վիճա՞կ ա, ասեցին՝ 20 մլն գումար են հատկացրել: Ի՞նչ եղավ դա. էդ գայլերի ոհմակի ձեռն ընկա՞վ: Ո՞ւր կորավ: Սաղ տունս փլվելա արեւիս վրեն, լուսամուտներն էլ խաբեցին չբերեցին, էլ որտեղ դիմեմ, արդեն չգիտեմ»:
Վարդենիսի բնակիչ Լեւոն Հարությունյան էլ ասաց, որ իրենց խոստացված թիթեղյա տանիքն այդպես էլ չեն տվել. «Էդ փոխանցված գումարները որտե՞ղ փոշիացան, ի՞նչ եղավ, մենք չենք հասկանում: Օժանդակ տնտեսություն ունենք, ընդամենը մի քանի հատ դրա համար ենք ստացել շիֆր, դա էլ բարեգործության շրջանականերում (խոսքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղարկած շիֆերների մասին է): Արդարությունը պետք է վերականգնվի, չէ՞, բա մեր տունը»: Վադենիսի մեկ այլ բնակիչ Լաուրա Հարությունյանն էլ պատմեց, որ ինքն անձամբ է խոսել մարզպետի հետ, ներկայացրել, որ մի տանիքի տակ 9 հոգի են ապրում, իսկ անձրեւների պատճառով այլեւս անհնար է դառնում նման կերպ ապրելը: Սակայն մինչեւ այսօր որեւէ օգնություն չեն ստացել. թեեւ մարզպետը խոստացել էր մարդ ուղարկել նրանց բնակարան:
Այսպիսով, Վարդենիսի բնակիչները խաբվել են, իսկ ՀՀ կառավարությունը չի ցանկանում «տեղից շարժվել»: Լռում է նաեւ Գեղարքունիքի մարզպետարանն ու Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

ԼՈՒՐԵՐ

ՄԱՐԳԱՐԸ ՌԴ-ՈՒՄ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը մեծ «թափով» բիզնես ծրագրեր է սկսել: Նա նպատակ ունի ոչ թե ՀՀ-ում կենտրոնացնել իր բիզնեսները, այլ Ռուսաստանի Դաշնություն տեղափոխել դրանք: Տեղեկացանք նաեւ, որ նա հայտարարել է, թե ՀՀ-ում չի կարողանալու բիզնես ոլորտում արդյունքի հասնել, ուստի ճիշտ կլինի իր գործունեությունը սկսել ՌԴ-ում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է այդ առիթով զրուցել նախկին ՃՈ պետ Մ. Օհանյանի հետ, սակայն վերջինս ասաց, թե ինքը նպատակ չունի ՌԴ-ում բիզնես ծրագրեր սկսելու. «Նման խնդիր բացարձակ չկա, Ռուսաստանի Դաշնություն չեմ տեղափոխվել, չեմ տեղափոխվելու ու ՌԴ-ում բիզնես էլ չեմ դնելու»,-հայտարարեց մեր զրուցակիցը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել:

 

ՄԱՐՏԿՈՑՆԵՐՈՎ
ՀՀ նախագահի նստավայրում վերջերս ավտոմեքենայի մարտկոցների «սուր կարիք» է զգացվել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նախագահականը միանգամից գնել է 4 մարտկոց: Բնականաբար, այդ ամենը ձեռք է բերվել ՀՀ պետական բյուջեի միջոցներով` յուրաքանչյուր մարտկոցի համար վճարելով 95 հազար դրամ: Իսկ ընդհանուր առմամբ նախագահականն այդ նպատակով վճարել է 380 հազար դրամ` մոտ 950 դոլար:

 

ԿՈՐԱԾ ՎԱՐԿԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Գայ համայնքի բնակիչները լցվել են Արմավիրի մարզի ոստիկանության Վաղարշապատի բաժին եւ պահանջել ոստիկաններից իրենց վարկերի գողության գործը չքնեցնել: Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ բնակիչները «Կամուրջ» վարկային կազմակերպությունից վարկ են վերցրել եւ ամեն ամիս մարել այն՝ գյուղապետարանի աշխատակից Տաթեւիկին փոխանցելով: Եվ ահա հուլիսի 29-ին Տաթեւիկը հավաքել է վարկի մարման գումարները՝ շուրջ 3,5 միլիոն դրամ, նստել տաքսի եւ Արմավիրի մարզի Չոբանքյարա կոչվող ճանապարհահատվածում վթարի ենթարկվել, որից հետո էլ գումարն անհետացել է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Սեյրան Մարկոսյանն ասաց, որ ոստիկանության Վաղարշապատի բաժին են գնացել վթարի ենթարկված աղջկա եղբայրը, վարկառու Արմանը, ինչպես նաեւ անձամբ ինքը` գյուղապետը: Իսկ թե ինչ կլինի գյուղացիների վարկի հարցը, գյուղապետ Մարկոսյանը դժվարացավ ասել՝ հայտնելով, որ նրանց վիճակը շատ վատ է:

 

ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ Է
Արցախի նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Ներկայացվել են զեկույցներ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերի, Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումների եւ Արցախի տարածք դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձերի առնչությամբ:




Լրահոս