Որքան գումար է ծախսում ԱԳՆ-ն «թռիչքների» վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ի դեմս նախարար Էդվարդ Նալբանդյանի, պետական բյուջեից մեծ գումարներ է տրամադրում այս կամ այն երկիր աշխատանքային այցի համար: Armlur.am-ը որոշեց ներկայացնել, թե վերջին ամիսներին որքան գումար է տրամադրվել ԱԳՆ-ին ավիատոմսերի ձեռք բերման համար:

Վերջին տվյալները ներկայացված են օգոստոսի 3-6-ի համար, երբ Էդվարդ Նալբանդյանն այս թվականի օգոստոսի 3-6-ը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցող պատվիրակության կազմում մեկնել է Բելգիա և Ֆրանսիա: ԱԳ նախարարի համար տրամադրվել է Բրյուսել-Փարիզ գնացքի և Փարիզ-Երևան ինքնաթիռի տոմսերի արժեքները: Փարիզ-Երևան ավիատոմսը եղել է բիզնես կարգի և արժեցել 820 հազար դրամ:

Ավիատոմսեր ձեռք են բերվում նաև նախարարության աշխատակիցների համար: Մասնավորապես` հուլիսի 21-23-ը Նալբանդյանի խոսնակ Հասմիկ Տոլմաջյանը նախարարի պատվիրակության կազմում մեկնել է Բրյուսել և Փարիզ: Այդ նպատակով` էկոնոմ դասի ավիատոմս ձեռք բերելու համար տրամադրվել է 126.500 դրամ:

Հուլիսի 20-ից 23-ը Նալբանդյանն աշխատանքային այցով եղել է Փարիզում, Լիոնում և Բրյուսելում: Արտաքին գործերի նախարարության մի քանի աշխատակիցներ այդ ընթացքում եղել են նրան ուղեկցողների թվում: Այդ ամբողջ ավիատոմսերի համար տրամադրվել է 2 մլն դրամից ավել գումար:

Արդեն հուլիսի 5-13-ը Նալբանդյանը ՀՀ նախագահին ուղեկցել է Արգենտինա, Ուրուգվայ ու Չիլի և այդ նպատակով մեկ անձի համար առաջին կարգի ավիատոմս ձեռք բերելու համար տրամադրվել է 6 մլն դրամ: Իսկ հուլիսի 14-15-ը նա աշխատանքային այցով եղել էր Փարիզում. բիզնես կարգի ավիատոմս ձեռք բերելու համար տրամադրվել էր 1 մլն 525 հազար դրամ:




Լրահոս