«Հավանականությունը մեծ է, որ որոշ ուժեր կհայտնվեն քաղաքական պրոցեսների լուսանցքում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկնարկեց հերթական քաղաքական աշունը, որի լի է թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության բնագավառներում կարեւոր իրադարձություններով: ԱԺ հայտարարությունների ժամին իր խոսքն այսպես սկսեց խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ընդամենն օրեր առաջ Նյուպորտում Հանրապետության ղեկավարը ՆԱՏՕ-ի բարձր ամբիոնից հանդես եկավ ելույթով եւ ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը չպետք է փոխվի, իսկ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Ավելին՝ նշվեց, որ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող բռնապետի հովանավորն ու լոբբիստը Թուրքիան է», – նշեց նա:

Շարմազանովը նաև անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը:

«Ակնհայտ է, որ մեր երկրում վաղուց հասունացել է համակարգային բարեփոխումների անցկացման անհրաժեշտությունը, որն առանց սահմանադրական բարեփոխումների ուղղակի անհնար է: Վերջին տարիներին Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը արտահայտվում էին սահմանադրական բարեփոխումների անցկացման օգտին: Ավելին՝ նրանցից շատերը նախագահական ընտրություններից առաջ անհրաժեշտություն էին համարում խորհրդարանական կառավարման համակարգին անցումը: Սակայն այսօր այդ քաղաքական ուժերից մի քանիսը հրաժարվում են իրենց իսկ երբեմնի օրակարգից: Երբ հարցնում ես՝ ինչն է պատճառը, պատասխանում են, որ դեռ ժամանակը չէ:

Այս մոտեցումը անլուրջ է եւ ոչ քաղաքական: Նման պահվածքի պարագայում հավանականությունը մեծ է, որ որոշ քաղաքական ուժեր կհայտնվեն քաղաքական պրոցեսների լուսանցքում», – հայտարարեց նա:




Լրահոս