ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐԴՅՈ՞Ք ԻՐԱԿԱՆ ԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Վիկիլիքսի» հրապարակած հերթական փաստաթուղթը քննարկում է Հայաստանի քաղաքական դաշտում մշտապես արծարծվող հիմնահարցերից մեկը՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ հակասությունների առկայությունը: ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը 2008թ. նախագահական ընտրությունների նախօրյակին անդրադառնում է հենց այս թեմային՝ այն համարելով ապագա քաղաքական զարգացումներում ամենախնդրահարույցը: Ամերիկացիների տպավորությամբ՝ վերոնշյալ երկու գործիչների միջեւ տարբերությունները հստակ են ու իրական, ինչը Սարգսյանին ավելի նախընտրելի է դարձնում:

Հեղինակը նկատում է, որ Քոչարյանի ու Սարգսյանի միջեւ հրապարակային տարաձայնություններն առաջինի իշխանավարության տասնամյակում չեն եղել, ինչը, սակայն, չի երաշխավորում, որ նրանց միջեւ մրցակցություն լինել չի կարող: Փենինգտոնը պնդում է, որ Քոչարյանի գործողություններն ու ագրեսիվ գործելակերպը իշխանավարության վերջնագծում ցուցիչ են, որ նա պատրաստ չէ իշխանությունից հեշտությամբ հրաժարվելուն: Ամերիկացին արձանագրում է, որ քարոզարշավի ավարտին Քոչարյանը հստակորեն արտահայտվեց «իր պրոտեժե» Սարգսյանի օգտին՝ կանխագուշակելով Սարգսյանի հաղթանակը հենց առաջին փուլում: Այդուհանդերձ, Փենինգտոնը կարծում է, որ Քոչարյանը կարծես այնքան էլ անկեղծ չէ իր գործողություններում, քանզի միմյանց միջեւ առկա տարաձայնությունները կարող են հետագայում մեծ ազդեցություն ունենալ հայաստանյան իրադարձությունների վրա: Ամերիկացին չի բացառում, որ Քոչարյանն ու Սարգսյանը կարող են խաղարկել «լավ ոստիկան-վատ ոստիկան» հնարքը, ինչը, սակայն, չի համոզում, որ նրանք հակասություններ չունեն: Ավելին՝ ամերիկյան դիվանագիտական աղբյուրները հաղորդել են, որ Քոչարյանը պարզապես չի կարող երկրորդ ջութակի դեր կատարել այն մարդու մոտ, ում ինքն է բարձրացրել՝ մշտապես համարելով իր կրտսեր գործընկերը:
Պարզվում է, որ ամերիկացիները Քոչարյանի ու Սարգսյանի տարաձայնություններին անձամբ են առչնվել, երբ 2007թ. հոկտեմբերին հարց էր դրված հայկական զինվորականների թվաքանակը Իրաքում ավելացնելու մասին: Դեսպանատան խնդրանքին Սարգսյանը խիստ դրական էր վերաբերվել, մինչդեռ Քոչարյանը հայտարարել էր, որ ինքը ոչ մի դեպքում դրան չի համաձայնի: Քոչարյանն ամերիկացիներին հասկացրել էր, որ որոշում կայացնողը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ՝ ինքը, ուստի ամերիկացիները պետք է նման հարցերով այլեւս չդիմեն Սարգսյանին: Փենինգտոնը հավելում է, որ թեպետ Քոչարյանը հետագայում փոխել է իր որոշումը, բայց այս դիպվածը նրանց տարաձայնությունների առհավատչյաներից է: Դիվանագետը հիշատակում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնախնդիրը, որի կապակցությամբ Քոչարյանը հայտարարել էր, թե իրեն բնավ չի հետաքրքրում՝ արդյո՞ք թուրքերը կբացեն սահմանները, մինչդեռ Ս. Սարգսյանը ցույց է տվել իր հետաքրքրությունն այդ հարցի նկատմամբ՝ հրապարակայնորեն աջակցելով Թուրքիայի՝ ԵՄ անդամությանը: Ամերիկյան կողմի տեսանկյունից նման հարցերում Քոչարյան-Սարգսյան զույգի տեսակետների անհամապատասխանությունը տարաձայնությունների առկայության ցուցիչ է, սակայն գոյություն ունի մեկ այլ վարկած, ըստ որի՝ զույգը պարզապես խաղացել է միջազգային հանրության հետ՝ Սարգսյանին նրանց աչքում ընդունելի դարձնելու նպատակով: Բայց եւ այնպես, միանշանակորեն մերժելի չէ եւ այն, որ Քոչարյանն ու Սարգսյանը կարող են հակասություններ ունենալ առանձին հարցերի շուրջ, որոնք, սակայն, կհաղթահարվեն, եթե ռեժիմի գոյությունը վտանգի տակ դրվի:
Ինչեւէ, վստահելով Քոչարյան-Սարգսյան հակասությունների անկեղծությանը՝ Փենինգտոնը տեղեկացնում է, որ նրանց միջեւ տարաձայնությունները էլ ավելի են դրսեւորվել նախագահական ընտրությունների քարոզարշավում: Ամերիկացիների համոզմամբ՝ Սերժ Սարգսյանը վստահ էր, որ իր լեգիտիմությունը պայմանավորված է լինելու այն հանգամանքով, թե հայ հանրությունն ու միջազգային դիտորդները ինչպես կվերաբերվեն ընտրություններին: Փենինգտոնը հավելում է, որ Սերժ Սարգսյանի ու նրա կողմնակիցների` ճնշումներ բանեցնելու ռազմավարությունը գործնականում տապալեց այս մոտեցումը, բայց եւ այնպես բանավոր հարթակում Սարգսյանը շարունակեց կառչած մնալ դրանից: Մինչդեռ Քոչարյանը բացեիբաց դժվարություններ էր ստեղծում միջազգային հանրության հետ շփումներում, սահմանափակում միջազգային դիտորդների գործունեության արդյունավետությունը, վախեցնում լրատվամիջոցներին եւ լուտանքներ նետում ընդդիմության հասցեին: Փենինգտոնի կարծիքով՝ ի տարբերություն Քոչարյանի, ով սպառնում էր փակել Ազատություն ռադիոկայանը, Սերժ Սարգսյանն այս լրատվամիջոցի հետ կապված ամերիկացիների դիտարկումներին պատասխանել էր, թե այն ոչ մի փոփոխություն չի կարող մտցնել ընտրությունների օրը ստեղծվելիք իրավիճակում: Կարող ենք ենթադրել, որ Սարգսյանն անկեղծ է գտնվել՝ նշելով, թե ընտրողների տրամադրությունների վրա ազդեցություն գործելը նշանակություն չի կարող ունենալ ընտրությունների վրա, քանզի դրանք ի սկզբանե էլ ծրագրված են եղել կեղծելու: Այսուհանդերձ, Փենինգտոնի կողմից նախընտրական քարոզչության շրջանում Քոչարյան-Սարգսյան զույգի միջեւ տարաձայնություններ տեսնելը կարծես մի փոքր չափազանցված է: Դիվանագետը, ըստ էության, գրել է ոչ թե այն մասին, ինչ կար, այլ այն մասին, ինչ ինքը ցանկանում էր տեսնել: Քոչարյանի համեմատությամբ՝ Սարգսյանը որոշ չափով ավելի զուսպ է, սակայն երկուսի գործողություններն էլ ուղղված են եղել բացառապես սեփական հետաքրքրությունների բավարարմանը: Առավել ուշագրավ է Փենինգտոնի մեկնաբանությունը Քոչարյանի վարչապետական նկրտումների շուրջ, ինչին կանդրադառնանք հաջորդիվ:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
շարունակելի

 

 

 

ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱ՞Ծ Է ԵՂԵԼ

ՀՀ Շիրակի մարզի Լուսակերտ համայնքում առաջիկայում տեղի կունենա համայնքի ղեկավարի ընտրություններ: Այս պահին առաջադրված թեկնածուները երկուսն են՝ համայնքի ներկայիս ՕԵԿ-ական ղեկավար Սամվել Բալաբեկյանը եւ անկուսակցական Մուրադ Ոսկանյանը: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Լուսակերտի գյուղապետ Սամվել Բալաբեկյանի հետ: Ի դեպ, վերջինս 14 տարի է, ինչ նույն աթոռն է զբաղեցնում:

-Քանի՞ տարի է, ինչ ՕԵԿ անդամ եք:
-2008 թվականից եւ ՕԵԿ-ական կմնամ մինչեւ կյանքիս վերջ:
-Այս ընթացքում չե՞ն փորձել Ձեզ համոզել, որ դառնաք ՀՀԿ-ական կամ ԲՀԿ-ական:
-Չէ, ես այդ կատեգորիայի մարդկանցից չեմ, որ համոզվեմ: Ես ունեմ իմ համոզմունքները, պրինցիպները:
-Ձեր մրցակիցը ո՞ր կուսակցության անդամ է:
-Իմ մրցակիցը եղել է բազմաթիվ կուսակցությունների անդամ: ՕԵԿ-ական էլ է եղել ժամանակին: Իր մտնելն ու հելնելը ինքը գիտի: Հիմա էլ անկուսակցական է, բայց «Երդվյալ ազատամարտիկներ» կազմակերպության անդամ է: Վերջերս էլ փորձեց դառնալ ԲՀԿ-ական, բայց չընդունեցին, ՀՅԴ-ում նույնպես հրաժարվեցին իրենից: Մարդը սիրում է բազմակուսակցական լինել:
-Ինչո՞ւ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն նրան չընդունեցին:
-Ոչ ճիշտ պահվածքի համար:
-Տեղյա՞կ եք, թե ի՞նչ տարբերակով է բնակիչներին համոզում, որ իրեն ընտրեն:
-Ինքը, աղջիկ ջան, նախկինում եղել է գյուղխորհրդի նախագահ, այդ շրջանի ալան-թալանն իրենով է կատարվել: Դրանից հետո ինքը գնացել է զինվորական ծառայության եւ պաշտոնական դիրքի չարաշահման համար դատապարտվել է ազատազրկման: Ինքը Գուսանագյուղում, որպես զինվորական, ծառայում էր: Այնտեղ ծառայում էին նաեւ երկկողմանի որբերը, նրանց ծեծելու եւ փող կորզելու համար Մուրադին դատեցին: Հիմա եկել է ու իր հարցերն է լուծում: Բայց բնակիչները գիտեն, թե ով ով է:
-Այս պահին Ձեր երկուսի միջեւ լարվածություն կա՞:
-Լարվածություն գոյություն չունի: Ես զբաղվում եմ իմ աշխատանքով՝ գյուղապետի գործունեությամբ: Ինքն էլ՝ իր:
Հ.Գ. Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ մյուս թեկնածուի հետ զրուցել, սակայն այդպես էլ չհաջողվեց:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 
«ԿԻՍԱՄԵՌ» ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Արդեն 4 օր է, ինչ Նոյեմբերյան-Երեւան ուղերթը ոչ լիարժեք է գործում: Ներկայում առավոտյան ժամը 9-ին Նոյեմբերյանից Երեւան է մեկնում 7 տեղանոց «Վենտո» մակնիշի մեքենա, որը ժամը 15-ին Երեւանից վերադառնում է Նոյեմբերյան: Մինչդեռ նախկինում այդ գիծը սպասարկում էին 18 տեղանոց «Մերսեդես» եւ «Ֆորդ» մակնիշի 4 ավտոմեքենաներ, որոնք Նոյեմբերյանից մեկնում էին առավոտյան ժամը 8-ին եւ 9-ին, Երեւանից վերադառնում էին ժամը 14.30-ին եւ 16-ին:

Սակայն ուղեւորների հոսքի նվազման պատճառով առավոտյան ժամը 8-ի ուղերթը հանվեց, եւ կեսօրից հետո Երեւանից միայն մեկ միկրոավտոբուս էր մեկնում Նոյեմբերյան` ժամը 15-ին: Իսկ ուղեւորների թիվը շարունակում էր նվազել: Օրեր էին լինում, երբ ուղեւորների բացակայության կամ ընդամեն 1-2 հոգի լինելու պատճառով ուղերթ չէր կատարվում: Վարորդները շարունակ դժգոհում էին, որ իրենք «գիծը» շահած կազմակերպությանն օրական «պլան» են մուծում եւ այդ պատճառով պարտքեր կուտակում: Նշենք, որ միկրոավտոբուսային երթուղին սպասարկում էր «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ն:
Այդ ընկերության սեփականատերը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն է, իսկ տնօրենը՝ Կարեն Աբազյանը: Սակայն մարզպետը գերադասում է անձամբ չզբաղվել գծի հարցերով: Նոյեմբերյանի ավտոկայարանից տեղեկացանք, որ վերջերս կայացել է Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ ուղերթի մրցույթ, որին հայտ է ներկայացրել միայն «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ն: Սակայն այդ ընկերության ներկայացրած առաջարկը չի բավարարել մրցույթի պահանջները: Կարելի է կարծել, որ մարզպետ Հովիկ Աբովյանը չի ցանկացել մրցույթում շահել, այլապես ներկայացված փաթեթում առկա թերությունները կարող էին արագ շտկվել: Հիմա Նոյեմբերյան-Երեւան երթուղին անլեգալ վիճակում է: Սպասվում է, որ առաջիկայում կապի եւ տրանսպորտի նախարարությունը նոր մրցույթ կանցկացնի:
Սակայն այստեղ հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ է առանց ուղեւորների մնացել հիշյալ միկրոավտոբուսային երթուղին: Պատճառը տաքսիների մրցակցությունն է: Ընդ որում՝ անհավասար մրցակցությունը: Արտագաղթի հետեւանքով ուղեւորների քանակը Հայաստանում, այդ թվում՝ Նոյեմբերյանում, նվազել է: Տաքսի ծառայությունները եւ անհատ տաքսիստները Նոյեմբերյանից Երեւան եւ հակառակ ուղղությամբ մեկ անձի փոխադրումը կատարում են 3 հազար դրամով, միկրոավտոբուսը՝ 2 հազար դրամով:
Տաքսիները ուղեւորին վերցնում են նրա ցանկացած վայրից եւ հասցնում Երեւանի ցանկացած կետ, ինչը ուղեւորին ձեռնտու է: Միկրոավտոբուսային երթուղին սպասարկող ընկերությունը կարող էր տաքսիների մցակցությանը դիմանալ, եթե շատ տաքսիստներ գործեին օրինական դաշտում, հարկեր վճարեին: Հիմա ով աշխատանք չունի, տաքսի է քշում: Հարկային մարմիններն էլ, վախենալով մարդկանց դժգոհություններից, սոցիալական «բունտից», խուսափում են նրանց հարկային դաշտ բերել: Այդ պատճառով է, որ Նոյեմբերյան-Երեւան ուղեգծում «բարդակ» վիճակ է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս