«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Քուին Պարկ Ռենջերս»-ի դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 10-րդ տուրի խաղից հետո բողոքել է լոնդոնցիների երկրպագուներից: Նրա խոսքով՝ «Չելսի»-ն կարծես խաղում էր դատարկ ստադիոնում:
«Բոլորը գիտեն, թե ինչ եմ զգում այս ակումբի և երկրպագուների հանդեպ, սակայն այժմ դժվար է դառնում խաղալ տնային ստադիոնում: Այնպիսի տպավորություն է, կարծես հանդես ենք գալիս դատարկ ստադիոնում: Խաղի ժամանակ նայեցի շուրջս, որպեսզի համոզվեմ, որ տրիբունաները դատարկ չեն: Երկրպագուների աջակցություն չկար. դա տխրեցնում է: Այդպես դժվար է ուժեղացնել թիմի խաղը»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 10-րդ տուրից հետո «Չելսին» առաջատարն է: