ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Հանրապետության հրապարակում

Հարսանեկան ծառայություններ մատուցող այս լիմուզինի ապակիների վրա պարսկերեն ինչ-որ գրառումներ են փակցված: Հավանաբար այս մեքենայի վարորդը հակված է այլազգիների հարսանեկան արարողություններին մասնակցելուն: Վերջին շրջանում մեծ տարածում են գտել նաեւ նույնատիպ տաքսի ծառայություններից օգտվելը:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե նոտարը վավերացվող փաստաթուղթը քանի օրինակից է պարտավոր հաստատել:

Լիա Բարսեղյան (37 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Բարսեղյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ նոտարի վավերացրած կամ հաստատած փաստաթղթի օրինակների քանակը որոշում են դրանց վավերացման կամ հաստատման համար դիմած անձինք, սակայն դրանք պետք է կազմվեն առնվազն երկու օրինակից, որոնցից մեկը պահվում է նոտարի մոտ: Վավերացված կամ հաստատված բոլոր օրինակներն ունեն հավասար իրավաբանական ուժ, սակայն նոտարի վավերացրած կամ հաստատած փաստաթղթի բնօրինակը համարվում է նոտարի մոտ պահպանվող օրինակը, իսկ բնօրինակի եւ մյուս օրինակների միջեւ հակասության դեպքում նախապատվությունը տրվում է բնօրինակին:

Հայաստանի Հանրապետության նոտարական պալատ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անկախ այն հանգամանքից, թե տվյալ փաստաթուղթը բնօրինակ է կամ կրկնօրինակ, ցանկալի եւ պարտադիր է դրանց պահպանումը, քանի որ հաճախ են քաղաքացիների եւ պետական կառույցների միջեւ պատահում փաստաթղթային քաշքշուկների դեպքեր:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե մարզերում մանկավարժական կադրերի նպատակային ընդունելության նախապատրաստական աշխատանքներն ի՞նչ կարգով են կազմակերպվում, ո՞րն է վերջինիս սկզբունքը:

Լարիսա Ռուբենյան (51 տարեկան, ուսուցչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մանկավարժական կադրերի նպատակային ընդունելության նախապատրաստական աշխատանքները մարզերում կազմակերպվում են հետեւյալ կերպ.
1. Դպրոցի տնօրենը՝ ՀՀ մարզպետին է ներկայացնում պահանջվող առարկայի մասնագիտական անվանական հայտը՝ հիմնավորմամբ: Հայտում նշված պետք է լինի անձի՝ տվյալ համայնքի բնակիչ լինելը եւ ավարտած դպրոցը՝ հայտը ներկայացնող դպրոցի կնիքով հաստատված: Տվյալ մարզի այլ համայնքի բնակչի համար դպրոցի տնօրենը բացառության կարգով կարող է միայն օտար լեզվի հայտ ներկայացնել՝ դպրոցում որեւէ օտար լեզու չուսումնասիրելու պատճառը հիմնավորելով մասնագետի բացակայությամբ:
2. Համայնքի ղեկավարը՝ հաստատում է դպրոցի տնօրենի կողմից ներկայացված հայտում նշված անձի՝ տվյալ համայնքի բնակիչ լինելու իսկությունը՝ իր ստորագրությամբ եւ կնիքով:
3. ՀՀ մարզպետները՝ հավաքագրում, ամփոփում են մարզի համայնքներից ստացված հայտերը, ուսումնասիրում հիմնավորումները, վերահաստատում եւ մարզի նպատակային ընդունելության դիմորդների անվանացանկը ներկայացնում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն՝ մինչեւ 2005թ. հուլիսի 5-ը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տվյալներով՝ 2012-2013 ուսումնական տարում Հայաստանի պետական եւ ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատել է 40.830 ուսուցիչ, որոնց 84.3%-ը՝ կին: Միայն պետական ուսումնական հաստատություններում աշխատել է 39.556 ուսուցիչ, որտեղ կանանց թիվը կազմել է 84.3%: Ի դեպ, նախորդ ուսումնական տարվա համեմատ հանրակրթական դպրոցներում ուսուցիչների ընդհանուր թվաքանակը նվազել է 2.2%-ով՝ պայմանավորված դպրոցների քանակի նվազեցմամբ:

 

 

 
ՀԱՐՑ. Ինչպիսի՞ գործընթաց եւ ժամկետ են սահմանված երիտասարդ գիտնականների՝ դպրոցների կազմակերպման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցում:

Աբգար Կարապետյան (57 տարեկան, դասախոս)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի ընդունումից հետո կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունը տասն օրվա ընթացքում իրականացնում է ներկայացված հայտերի տեխնիկական ստուգումը, կազմում է ներկայացված հայտերի ցանկը եւ այն տրամադրում կոմիտեի նախագահին:
Ներկայացված հայտերի գնահատման նպատակով կոմիտեի նախագահի հրամանով իր նախագահությամբ ստեղծվում է հանձնաժողով` կազմված գիտական եւ գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող պետական կազմակերպությունների ներկայացուցիչներից, որը տասն օրվա ընթացքում իրականացնում է հայտերի գնահատման գործընթացը:
Հանձնաժողովի կողմից գնահատման արդյունքների հիման վրա կոմիտեի նախագահը, ելնելով տվյալ տարվան հաջորդող տարվա ՀՀ պետական բյուջեի նախագծով երիտասարդ գիտնականների դպրոցների համար նախատեսվող հատկացումների չափից, հաստատում է երիտասարդ գիտնականների դպրոցների նախնական ցանկը, որոնց ծախսերի նախահաշիվները ներառվում են կոմիտեի կողմից ներկայացվող հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտում:

Գիտության պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքով սահմանված է 10 աշխատանքային օրվա ընթացքում կարգավորել այս հարցը, մնում է յուրաքանչյուր պատասխանատու անձ ճիշտ եւ ժամանակին աշխատի` օրենքը թղթի վրա չթողնելու համար:




Լրահոս