Արարատի մարզի Հովտաշեն գյուղում խառնաշփոթ իրավիճակ է: Հունվարի 2-ին մեծ ողբերգություն ապրած հովտաշենցիների վերքը դեռ չսպիացած` նոր հանգամանքներ ի հայտ եկան:
Հիշեցնենք, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Ավաղ, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը:
Եվ ահա, գյուղում խառնաշփոթի պատճառ է դարձել այն, որ Արմեն Ավետիսյան անունով մեկը, ներկայանալով զոհված զինծառայողի մորեղբոր որդի, բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի պարոն վարչապետ և նախարար: Վարդան Մկրտչյանը Արարատի մարզի Հովտաշեն գյուղից էր, որտեղ էլ որ տեղի ունեցան սգո արարողությունները` զինվորական կարգով: Այդ ժամանակահատվածում Հովտաշենի գյուղապետ` Խաչիկ Խաչատրյանը գյուղի տարածքում լուսավորություն էր ապահովել, իսկ այժմ աշխատակիցներից մեկին ուղարկել է զոհվածի տուն և պահանջել` 20 հազար ՀՀ դրամ` որպես այդ օրերին ծախսված էլեկտրաէներգիայի վարձավճար:
Այդ արարքով նա թարմացրել է խորը վշտի մեջ գտնվող ընտանիքի դեռ չսպիացած վերքերը, ուստի խնդրում եմ անդրադառնալ այս ցավալի թեմային և գյուղապետին սովորեցնել, թե ինչպես պետք է վերաբերվել սահմանին զոհված զինվորի ընտանիքին և այս հարցին լուծում տալ»:
Վերոնշյալ հանգամանքի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով Armlur.am-ը կապ հաստատեց Հովտաշեն համայնքի ղեկավար Խաչիկ Խաչատրյանի հետ, ով ստեղծված իրավիճակից վրդովված` նշեց. «Սա ինձ համար անպատվաբեր բան է: Ես գյուղապետ մարդ եմ, ինչպե՞ս կարող էի նման բան անել: Այդ 20 հազար դրամն էլ համայնքային բյուջեից է վճարվել: Արդեն 2 օր է` քննարկում ենք` ով կարող էր նման բան անել, ինչո՞ւ են նման բան արել»:
Գյուղապետի խոսքով` Մկրտչյանների ընտանիքն իրեն հայտնել է, որ նշված անուն-ազգանունով ազգական չունեն, իսկ ուրիշներն ասում են, թե նրանց այդ ազգականը Ռուսաստանում է բնակվում:
«Երեկ մեր զինկոմիսարն էր եկել, միասին գնացինք այդ մարդկանց տուն, հարցրեցինք` արդյոք եղե՞լ է նման բան: Նրանք էլ ասացին, որ նման բան չի եղել: Մեր մարզպետն էլ զանգեց, հարցրեց ինձ, ասացի, որ սուտ տեղեկություն է, հավատաց, ասաց, թե՝ դու էիր ամեն ինչ կազմակերպել, իհարկե նման բան չէիր անի: Ամոթ էր, շատ ցավում եմ, որ նման բան կատարվեց իմ անվան շուրջ: 19 տարեկան երեխա էր զոհվել, ինչպե՞ս պետք է նման բան անեի»,- շարունակեց մեր զրուցակիցը:
Armlur.am-ը զրուցեց նաև զինծառայող Վարդան Մկրտչյանի հորեղբոր` Խաչիկ Մկրտչյանի հետ, ով, ինչպես և գյուղապետը, վստահեցրեց, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է և իրականությանը չի համապատասխանում:
«Բոլորով նստած` փորձում ենք հասկանալ` ո՞ւմ կարող էր դա պետք լինել: Սա, երևի թե, գյուղապետի դեմ իրականացվող բան է, կամ էլ ինչ-որ մեկը փորձում է մեր վերքերի վրա աղ լցնել: Մեր գյուղապետը մշտապես մեր կողքին է եղել` դեպքից առաջ էլ, հետո էլ: Հիմա, թե ինչ է էղել, ոնց է եղել, բան չենք հասկանում: Այդ անունով բարեկամ չունենք ո՛չ Հայաստանում, ո՛չ Հայաստանից դուրս»,- նշեց Խաչիկ Մկրտչյանը:
Հ.Գ. Մկրտչյանների ընտանիքում տեղի ունեցած դժբախտությունից դեռ մեկ ամիս էլ չի անեցել, ու որևէ մեկը չէր սպասի, որ համախմբման, միասնության, մեծ ցավի այս օրերին ինչ-որ մեկը կփորձի համացանցում նման խայտառակ ապատեղեկատվություն տարածել` ստվեր գցելով հայրենիքին կյանքը զոհաբերած զինվորի հիշատակի վրա ու միաժամանակ խաթարելով դժբախտություն տեսած ընտանիքի անդորրը:
Տաթև Հարությունյան