«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայությունը ընդլայնված խորհրդակցություն էր գումարել՝ նվիրված 2014թ.-ի աշխատանքների ամփոփմանը: Խորհրդակցության նախագահող, հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի գնահատմամբ՝ վերջին մեկ, մեկուկես տարում ամեն ինչ արվել է, որ ծառայությունը դառնա ամենապրոֆեսիոնալ, սկզբունքային ու անաչառ կառույցը, որն ի զորու է կատարելու ամենաբարդ, բազմադրվագ, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը:
Վահրամ Շահինյանն իր խոսքում նշեց, որ ծառայության ձեռքբերումներից մեկը հակակոռուպցիոն ռազմավարության ներդրումն ու դրա հետեւողական իրականացումն է եղել: «Երեսպաշտություն չեմ համարի, եթե ուղղակի նշեմ, որ այսօր իրավապահ քիչ կառույցներ կարող են հպարտանալ, որ կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարն այնքան արդյունավետ է եղել իրենց համակարգերում, որքան հատուկ քննչական ծառայությունում»,- նշում է Վ. Շահինյանը:
Վերջինս առանձնահատուկ ընդգծեց առանձին հանցատեսակների քննության մեջ մասնագիտացված կառուցվածքային երեք նոր ստորաբաժանումների կազմավորումն ու դրանց կայացման փաստը:
«Առանձին խումբ հանցագործությունների քննության վարչությունների ստեղծման հիմնական նպատակը կոնկրետ բնույթի հանցագործություններ քննող քննիչների մասնագիտացումն է, ինչը հանգեցնելու է այդ փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննության որակի նշաձողն անհամեմատ ավելի բարձր մակարդակի հասցնելուն,- ասաց Վ. Շահիյանն ու շարունակեց,- վարչությունների ստեղծման գաղափարի հիմքում ընկած է նաեւ միջազգային հանրության պահանջն ու եվրոպական երկրների բազմամյա դրական փորձի ուսումնասիրությունը»:
Ըստ Վ. Շահինյանի՝ իրենք ամեն ինչ անելու են, որ ամրապնդեն ձեռքբերումները եւ մեկտեղեն ջանքերը՝ տարվա շրջանակում ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար:
Ասենք, որ անցած տարվա ընթացքում ծառայությունում քննվել է 546 գործ՝ 103-ով գերազանցելով նախորդ 2 տարիներին քննված գործերի թվաքանակը միասին վերցրած»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: