ՑԱՆՑԵՐՆ ՈՒ ԳՅՈՒՄՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես հանգստյան օրերին բավական զավեշտալի իրադարձություններ էին ծավալվել  սոցիալական ցանցերում, եւ դարձյալ էպիկենտրոնում Գյումրին էր: Հուրախություն բոլորիս՝ այս անգամ, սակայն, խոսքը ոչ թե քաղաքում հերթական կրիմինալ դեպքի, քաղաքապետի որդու կողմից իրականացված կրակոցների մասին է, այլ սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններում Վարդան Ղուկասյան-Սամվել Բալասանյան վիրտուալ մենամարտի, որտեղ մինչ երեկվա դրությամբ հաղթում էր նախկին ՕԵԿ-ական, ներկայում ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը:
Այս իրավիճակին առաջիններից մեկը դեռեւս ուրբաթ օրն արձագանքել էին zham.am-ի մեր գործընկերները` «Գյումրվա կրքերը «Ֆեյսբուք»-ում» հոդվածով: Հատկանշականն այն էր, որ ի սկզբանե բացված «Գյումրին ես եմ» հասարակական նախաձեռնության էջում ծավալված քվեարկությունում առաջատարը գործող քաղաքապետն էր, հետո գնալով ավելացավ Բալասանյանի օգտին քվեարկածների թիվը, որից հետո հարցումը հանվեց, տեղադրվեց նորը, որտեղ եւս առաջատար դարձավ Բալասանյանը, եւ այն նորից հանվեց: Նման զավեշտալի, տառասխալներով եւ ոճական կոպիտ վրիպակներով հարուստ այս էջի ադմինիստրացիան շաբաթ օրը հայտարարեց, որ իբր ենթարկվել է հաքերային հարձակման, եւ դա էր պատճառը, որ հարցումները «չէին երեւում»: Այստեղ տարօրինակն այն է, որ հավանաբար նման հայերենով բացված եւ սպասարկվող էջի «գրագետ» ադմինիստրատորները տեղյակ չէին, որ «Ֆեյսբուք»-ի էջ կոտրելը բավականին դժվար գործ է, եւ որ աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցի ղեկավարությունը միանգամից կարձագանքեր այդ փաստին:
Նշենք, որ հանգստյան օրերին սկսեց գործել նաեւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջը: Սա, ինչ խոսք, լավ նախադեպ է, քանի որ հանրապետության երկրորդ քաղաքում սպասվող սուր պայքարը փողոցային կրակոցներից եւ հայհոյանքներից տեղափոխվում է ավելի քաղաքակիթ հարթություն: Ի գիտություն երկրի ղեկավարության՝ այստեղ եւս «ընտրակեղծիքներն» առաջին պլանում են, քանի որ Վարդան Ղուկասյանն էլ «Ֆեյսբուք»-ում սարքովի «լայքեր» է հավաքում՝ հավակնելով դառնալ  դառնալ  Գյումրու քաղաքապետի արժանի թեկնածու:
Իսկ ինչ վերաբերվում է «ճակատագրով» ՕԵԿ-ական, բայց քաղաքական այս իրավիճակում ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին, ապա նա «իջել է ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը»:

Ք.ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս