ԳՈՂԱՑԵԼ Է
Բահամյան կղզիներում ծովային գիշատչի մասին վավերագրական ֆիլմ նկարելիս շնաձկների մասնագետ Ջիմ Աբերնեթին մի պահ տեսախցիկը դրել է ծովի հատակին ու զբաղվել այլ գործով: Այդ պահին 4.5-մետրանոց վագրային շնաձուկը վերցրել է այն իր երախի մեջ ու հեռացել: Ջիմը երկար ժամանակ հետեւել է «գողին» ու հետ ստացել իր տեսախցիկը:
ԵՐԿՐՈՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ
ՖԻԴԵ-ի հրապարակած տղամարդկանց անհատական վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 2816 գործակցով շարունակում է մնալ երկրորդ հորիզոնականում` զիջելով միայն նորվեգացի Մագնուս Կառլսենին: Վերջինի անհատական գործակիցը 2837 է: Հայաստանցի մեկ այլ գրոսմայստեր` Սերգեյ Մովսիսյանը, 46-րդն է:
ՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ
Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող ծանրամարտիկ Առաքել Միրզոյանը բավական անհաջող հանդես եկավ: «Պոկում» վարժությունում բարձրացնելով 148 կգ, «հրում» վարժությունում նա ձախողեց բոլոր 3 փորձերը՝ չհաղթահարելով 181 կիլոգրամ ծանրությունը եւ զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
ՊԱՅԹԵՑՐԵԼ Է
Մեծ Բրիտանիայի Հարթլփուլ քաղաքում վիճակախաղին մասնակցող ութամյա երեխան հնարավորություն է ստացել ինքնուրույն պայթեցնել արտադրական ձեռնարկությունը: Դա նրա մրցանակն էր: Վիճակախաղի կանոններով` յուրաքանչյուր ցանկացող, որը 1,5 դոլարով վիճակախաղի տոմս է գնել, ավտոմատ հաշվառվում է ազարտային խաղի մասնակիցների շարքում եւ իրավունք է ստանում պայթեցնել շահագործման ժամկետն ավարտած բրիտանական գործարանը: 8-ամյա երեխան դիմել է պապիկին` խնդրելով իրեն տոմս գնել եւ մասնակցել այդ միջոցառմանը: Նա շինարարների եւ ճարտարապետության մասնագետների ղեկավարության ներքո սեղմել է դետոնատորը եւ քանդել 1960թ. կառույցը:
ՈՐԱԿԱԶՐԿՎԵԼ ԵՆ
Բադմինտոնի միջազգային ֆեդերացիան որակազրկել է 30-րդ օլիմպիական խաղերի մասնակից 8 բադմինտոնիստների: Նրանք ներկայացնում են Չինաստանի, Հարավային Կորեայի եւ Ինդոնեզիայի հավաքականները: Մարզիկները մեղադրվում են հուլիսի 31-ին խմբային փուլի խաղերում մարզական ոգի եւ ձգտում դեպի հաղթանակը չցուցադրելու մեջ: Ենթադրվում է, որ այն մարզիկները, որոնք ապահովել էին իրենց տեղը փլեյ-օֆֆում, ցանկանում էին պարտվել, որպեսզի հաջորդ փուլում նրանց բաժին հասնի ավելի թույլ մրցակից: Հանդիպումների ժամանակ հանդիսականներն անդադար սուլում էին, քանի որ մարզիկներն անընդհատ հարվածում էին ցանցին: