Խստացվել են գիտական աստիճանաշնորհման պահանջները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանի ասուլիսը:  ԲՈՀ-ի նախագահը ներկայացրել է գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում կատարված փոփոխությունները: Լ. Արզումանյանը տեղեկացրել է, որ դեռևս 1990-ականներին ստեղծված կանոնակարգը, որը կառավարությունը հաստատել էր 1997 թվականին, չէր ներառում մի շարք խնդիրների կարգավորման մեխանիզմներ, և փոփոխությունները հասունացած էին:

Կատարված փոփոխություններից ԲՈՀ-ի նախագահն առանձնացրել է ասպիրանտուրայի և հայցորդության համակարգերում կատարված փոփոխությունները. “Ասպիրանտուրայի համակարգում քննությունները` մինիմումները հանվել են, քանի որ ասպիրանտները, ըստ էության, նույն քննությունը երկու անգամ էին հանձնում` մեկ անգամ ընդունվելու, մեկ անգամ էլ ատենախոսության պաշտպանությունից առաջ: Դա արվել է ասպիրանտի ուշադրությունն առավելապես գիտական աշխատանքին ուղղելու նպատակով: Նոր կարգով` ասպիրանտները ընդունելության քննություններ են հանձնելու` օտար լեզվից, ինֆորմատիկայից և մասնագիտական առարկայից: Իսկ արդեն ուսումնառության երեք տարիներին նրանք պարտավոր են հանձնել միայն մասնագիտական քննություն: Այս առումով դաշտը ասպիրանտների և հայցորդների համար հավասարեցվել է, քանի որ նախկինում հայցորդները փաստորեն մեկ անգամ էին հանձնում քննություն` մինիմումի տեսքով”,- տեղեկացրել է Լ. Արզումանյանը:

Խստացվել են պահանջները գիտական աշխատանքների ղեկավարների նկատմամբ` նախկին կարգով թեկնածուական աշխատանքների գիտական ղեկավարներ կարող էին դառնալ գիտությունների դոկտորները, ինչպես նաև գիտությունների թեկնածուները: Նոր կարգով թեկնածուական ատենախոսություններ ղեկավարելու իրավունք կարող են ստանալ միայն գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող այն անձինք, ովքեր ունեն առնվազն 30 հրապարկված գիտական հոդված. “Դա արվել է գիտական ղեկավարների պատասխանատվությունը բարձրացնելու նկատառումով, որպեսզի գիտական ղեկավարներ դառնան գիտության մեջ առավել ակտիվ թեկնածուները”,- նշել է Լ. Արզումանյանը: Փոփոխություն է կատարվել նաև թեկնածուական և դոկտորական գիտական աստիճանների շնորհման կարգում` գիտական հոդվածների պահանջների վերաբերյալ: Նոր կարգով՝ գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու համար հայցորդը պետք է ունենա կամ երեք գիտական հոդված` մեկն առանց համահեղինակների, ընդ որում՝ դրանցից մեկը պետք է հրապարակված լինի միջազգային գիտական շտեմարաններում ընդգրկված ամսագրում, կամ էլ 6 գիտական հոդված Հայաստանի գիտական ամսագրերում` երկուսն առանց համահեղինակների:

Այս փոփոխությունները չեն վերաբերում նրանց, ում գիտական թեման հաստատվել է մինչև 2015-ի հունվարը, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի : Իսկ դոկտորական աստիճանի համար, եթե նախկինում նախատեսվում էր 5 գիտական հոդվածի հրապարակում արտասահմանյան պարբերականներում` առանց մասնավորեցնելու, թե որ պարբերականների մասին է խոսքը, ապա այժմ պայմանը հետևյալն է՝ 5 գիտական հոդված դարձյալ միջազգային գիտական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում: Բանախոսը նաև տեղեկացրել է, որ միջազգային շտեմարաններում ընդգրկված է 4 հայկական ամսագիր` բժշկության, ֆիզիկայի, աստղաֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորողների. “Սակայն հայաստանյան 10 ամսագիր կարող են ընդգրկվել միջազգային գիտական շտեմարաններում”,- նշել է Լ. Արզումանյանը և հավելել, որ պահանջների հարցում բացառություն է արված հայագիտության ասպարեզի համար: ԲՈՀ-ի նախագահը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են բեկանված ատենախոսությունների խնդրին: Լ. Արզումանյանն այս առնչությամբ տեղեկացրել է, որ 2013 թվականից առ այսօր ԲՈՀ-ին ներկայացված 500 աշխատանքներից մոտ 128 աշխատանք ետ է ուղարկվել է կրկնական քննարկման, այդ թվում 2015թ առաջին երկու ամիսներին՝ 26 աշխատանք:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն




Լրահոս