ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՀՐԱՊԱՐԱԿԵՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
ՀՀ ԱԺ հայտարարությունը կհրապարակվի ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա նիստում: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Դեն Բարթոնը: Նա դատապարտել է Հունգարիայի եւ Ադրբեջանի «աննախադեպ արարքը»՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելն ու Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, հայ-թուրքական հարաբերություններին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՂՋԻԿԸ` ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ամփոփել է Նիդերլանդներում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2012»-ի մասնակցության հայաստանյան նախընտրական փուլի արդյունքները: Արդեն ընտրվել են լավագույն 14 երգերը, որոնք անցել են եզրափակիչ փուլ: Ի դեպ, նրանցից մեկը  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր Անգելինա Գասպարյանի հեղինակած «Իմ անունն է Անգել» երգն է:

ԼՐԱՏՎԱԿԱՆ ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐ
Երեկ՝ երեկոյան, խափանվել էին հայկական լրատվական կայքերից շատերը: Ժամը 20-ից հետո մի շարք կայքեր պարզապես չէին գործում: Պատճառն ինտերնետային լրատվամիջոցների վրա հարձակումներն ու սերվերի խափանումներն են եղել: Թե որտեղից են եղել այդ հարձակումները, երեկ դեռ հայտնի չէին: Ամեն դեպքում, մեկ օրվա ընթացքում նման վիճակը բավական մտահոգիչ է, նաեւ լուրջ ենթադրությունների տեղիք է տալիս: Զարմանալի զուգադիպությամբ, տպարանում անսարքության պատճառով երեկ չէին տպագրվել «Հայկական ժամանակ» եւ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերը:

ՉԻ՞ ՓՈԽՎԵԼ
«Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը չի փոխվել»,-երեկ լրագրողներին ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` խուսափելով մանրամասնել իր պնդումը: Հիշեցնենք, որ  2011թ. Հայաստանը Ռուսաստանից գազ ներկրել է 1000 խորանարդ մետրը 180 դոլարով:

ՄԱՀԱՑԵԼ Է ՏԱՆԸ
Ստացված ահազանգի հիման վրա երեկ Երեւանի Աբովյան փողոցի թիվ 11 շենքի 42-րդ բնակարան մեկնած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ փրկարարական ուժերի վարչության փրկարար ջոկատը բացել են բնակարանի դուռը եւ հայտնաբերել 87-ամյա Սիլվա Արաքսյանի դին:




Լրահոս