Հայաստանն առաջընթաց չի գրանցել, հակառակը` ավելացել են բռնությունները. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ կազմակերպված լսումների ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ անկախությունից ի վեր արտաքին դոկտրինան խարսխված է եղել այն մոտեցումով, որ պետք է հարաբերությունները զարգացնել բոլոր ազիմուտներով:

«Մենք պետք է երկու դաս քաղենք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման ձոխողումից: Դաս առաջին`  ոչ մի դեպքում այդ համագործակցությունը չպետք է պատճառ դառնա աշխարհաքաղաքական հակամարտության համար Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Մենք ունեինք հնարավորություն` խուսափելու նման զարգացումից: Ես կանդրադառնամ ՀՀ իշխանությունների սխալներին: Պետք էր կանխատեսել, որ որոշակի զարգացումներ պետք է մտնեին ուղիղ հակասության մեջ Ռուսաստանի շահերի հետ», – նշեց նա:

Պատգամավորի խոսքով, եթե այդ ամենը նախօրոք հաշվարկվեր, ապա մենք այժմ արդեն կունենայինք որևէ առաջընթաց և նույնիսկ փաստաթուղթ: «Երկրորդ դասը հետևյալն է. ԵՄ-ն շատ է խոսում արժեքների մասին: Մինչդեռ այսօր Հայաստանում ԵՄ աջակցությունն ադեկվատ չէ իրավիճակին: Մարդու իրավունքների վիճակը գնալով ավելի ու ավելի վատանում է», – հավելեց նա:

Պատգամավորը խոսեց նաև լսումներին ներկայացված զեկույցի մասին, որտեղ նշվում է, թե Հայաստանը զարգացումներ է գրանցել ժողովրդավարական գործընթացներում: «Հայաստանն առաջընթաց չի գրանցել, հակառակը, և դրա ապացույցն են անցյալ տարվա հոկտեմբերից սկսված բռնությունները: Տարբեր տեսակի քաղաքական հետապնդումների ենթարկվեցին այն ուժերի ներկայացուցիչները, ովքեր ընկալվեցին որպես վտանգ: Դա նաև ԲՀԿ-ի վրա եղած հարձակումներն էին, մեր փոխնախագահի, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների:  Միլիոն տարի կարելի է խոսել փոփոխությունների մասին, բայց փորձը ցույց է տալիս, որ ինչքան բարելավում ենք ընտրական օրենսգիրքը, ապա ավելի մեծ թվով խախտումներ են լինում», – շարունակեց պատգամավորը:




Լրահոս