ԲՀԿ-ի դեմ կոմպրոմատային պատերազմը կարելի է համարել սանձազերծված: Ընդ որում, հարձակման թիրախն արդեն ոչ միայն ԲՀԿ-ն է, այլեւ անձամբ Գագիկ Ծառուկյանը: Ու քանի դեռ նա հստակ որոշում չի կայացրել, իրավիճակն ավելի կսրվի:
Զարմանալի «զուգադիպությամբ», վերջին օրերին իշխանությունները սկսել են կոռուպցիայի դասական նմուշներ փնտրել հենց այն նախարարություններում, որոնք մինչեւ կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալը ղեկավարում էին հենց ԲՀԿ-ականները: Չնայած կառավարությունում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ բեմադրված ներկայացմանը, վարչապետի ու կառավարության հասցեին սուր քննադատությանը, առայսօր խոսվել է միայն քաղաքաշինության, առողջապահության եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններում առկա կոռուպցիայի մասին: Ավելին, այս խորհրդակցությունից հետո հարուցված միակ քրեական գործը կապված է ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանի պաշտոնավարման ընթացքում իրականացված չարաշահումների հետ: Նույնիսկ քաղաքաշինության նախարարությունից արդեն կան ձերբակալվածներ:
ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իր ենթադրությամբ ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի դեմ այս արշավի պատճառն իրենց կուսակցության որդեգրած քաղաքական կուրսն է: «ԲՀԿ-ն չի ուզում կաշկանդվել կամ սահմանափակվել այլոց կողմից «առաջարկներով», իսկ եթե ավելի ճիշտ՝ պարտադրանքներով ու պահանջներով: Ուրույն քաղաքական կուրսով շարժվելու ԲՀԿ-ի կեցվածքը նյարդայնացնում է ոմանց»,-նշեց նա: Ուրիխանյանը, սակայն, չցանկացավ բացել չակերտները, այլ ընդամենը հիշեցրեց Վլադիմիր Լենինի խոսքերը. «Երբ ինչ-որ բան տեղի է ունենում, ապա հարկավոր է փնտրել նրան, ում դա ձեռնտու է»:
Մինչ այդ նկատենք, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը գնալով ավելի է լարվում: Ընդ որում, գնալով այդ լարվածությունն ավելի է մեծանում: Իշխանությունները դարձել են անհամբեր ու նրանք ԲՀԿ-ից ցանկանում են Սերժ Սարգսյանին առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու խոստում կորզել օր առաջ: Այդ պատճառով էլ ճնշումներն ու շանտաժը սկսվել են ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ վերջինիս ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ, երբ հրապարակվեց խորհրդային տարիներին ԲՀԿ առաջնորդի դատապարտված լինելու մասին լուրը:
Այս օրերին իրար հաջորդող իրադարձությունները վկայում են ընդամենը իշխանությունների անմխիթար վիճակի մասին: Սերժ Սարգսյանը մշտապես համարվել է կտրուկ քայլերից խուսափող գործիչ, որը հանուն կայունության պատրաստ է տանել ճահճային վիճակը: Բայց նրա այս կտրուկ քայլերը վկայում են ռեժիմի ներսում առկա խուճապի ու անհամբերության մասին:
Ու այսքանից հետո հետաքրքիր է ԲՀԿ-ի պահվածքը՝ տեղի կտա՞ արդյոք այս կուսակցությունն իշխանությունների ճնշումներին ու իր հնազանդությունը կհայտնի՞ Սերժ Սարգսյանին, թե՞ պատրաստ է եւս մի քանի ամիս դիմագրավել ճնշումներին ու զրկանքներին՝ ռեժիմից վերջնականապես ազատվելու համար:
Երկու դեպքում էլ ԲՀԿ-ին սպասվում են լուրջ փորձություններ. եթե Ծառուկյանը Արթուր Բաղդասարյանի նման հնազանդվի Սերժ Սարգսյանին, ապա իսպառ կվարկաբեկվի՝ կորցնելով իր դիրքն ու ազդեցությունը քաղաքական դաշտում: Այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ն կվերածվի ՕԵԿ-ի: Իսկ եթե ընդդիմադիր գործելաոճ որդեգրի, անհայտ է, թե նրա կողքին ով կմնա: Այն, ինչ 2008-ին արվեց ՀԱԿ-ի գլխին, դժվար թե որեւէ ուժ դիմանա: Ամեն դեպքում, ԲՀԿ-ի համար ծանր օրեր են. նա հայտնվել է ռեժիմի մամլիչի տակ՝ դրա բոլոր դրսեւորումներով:
ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՐՈՇՄԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ