ԳՈՂԸ ԿԱՍԻ՞՝ ԵՍ ԳՈՂ ԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի զորամասի նախկին հաշվապահ, պետական գույքի յուրացման համար 5 տարվա ազատազրկման դատապարտված Գայանե Փահլեւանյանին, որն ինքնասպանության փորձ էր արել, իրավապահները կրկին հուսահատեցրել են: ՊՆ վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետ Վ. Սմբատյանը մերժել է քրգործի հարուցումը հանցադեպի բացակայության պատճառով: Հիշեցնենք, որ Գայանեն շաբաթներ առաջ Սերժ Սարգսյանին եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղղած դիմումներում նշել էր, որ ինքնասպանության է դիմել իր վերաբերյալ քննված քրգործով կատարված դիտավորյալ խախտումների պատճառով: Նա գրել էր, որ դրանք կատարվել են զորամասը ստուգող հանձնաժողովի անդամների, գործը քննած քննիչի, նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազի, նախագահականում ազգական ունեցող Լոռու կայազորի զինվորական դատախազի, ինչպես նաեւ իր շահերը պաշտպանած որոշ փաստաբանների կողմից, ինչի արդյունքում իր նկատմամբ կայացվել է անարդարացի դատավճիռ: Նախաքննական մարմինն էլ իբր հետաքննություն է արել. մեկ առ մեկ գնացել է դիմումում նշված անձանց՝ ՊՆ ՔԾ յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ Ա. Աղումյանի, ՀՀ ՊՆ N զորամասի ֆինանսական մասի պետ-վերստուգիչ Ս. Սարգսյանի, ՀՀ ՓՊ-ի փաստաբան Լ. Դոխոյանի, Լոռու կայազորի զինդատախազության ավագ դատախազ Մ. Շահվերդյանի մոտ, լսել վերջիններիս  բացատրությունները եւ նրանց գործողություններում որեւէ դատավարական խախտում չի հայտնաբերել: Այլ կերպ ասած՝ նրանց հարցրել է՝ դուք Գայանեին դրդե՞լ եք ինքնասպանության, նրանք էլ հո չե՞ն ասի՝ «այո»՝ իմանալով, որ դրա համար դատվելու են: Եւ վերջ, հարցը փակվել է… «Սուրբ եք, սուրբ…», միայն քաղցկեղով հիվանդ երեխայի մայր Գայանեն է «մեղավոր», ինչպես այս երկրում բոլոր խեղճ ու անթիկունք մարդիկ, որոնց ձեռքով տաք շագանակներ են հանում, հետո ամեն ինչ նրանց «գլխին կոտրում»:




Լրահոս