Ես նպատակ չունեմ առողջությունս քայքայելու, դուք էլ գաք հարցնեք` ոնց եմ, ինչքան եմ նստելու. հացադուլ-նստացույց հայտարարած Խաչիկ Ավետիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.amանդրադարձել է պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանին և նրան, որ վերջինս հացադուլ-նստացույց է հայտարարել: Սակայն Ավետիսյանի որդեգրած «քաղաքականության» մեջ անհասկանալի հարցեր կան, որոնց պատասխանները փորձեցինք ստանալ հենց նրանից: Ավետիսյանը նստացույց-հացադուլ է անում Ազատության հրապարակում: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նպատակ չունի հացադուլի միջոցով  իր առողջությունը քայքայել:

«Ես նպատակ չեմ դրել իմ առողջությունը քայքայել, էստեղ նստել, դուք էլ գաք հարցնեք` ոնց եմ, ինչքան եմ նստելու»,- ասաց նա:

Նշենք, որ Ավետիսյանը հացադուլ է անում ոչ թե մշտապես, այլ` օրվա տարբեր հատվածներում, երբ հոգնում է, գնում հանգստանում է:

Մեկ այլ հարցին` ինչու է նա մենակ նստացույց անում, և ուր են նրա ազատամարտիկ 50 ընկերները, որոնց մասին խոսում էր, Ավետիսյանը պատասխանեց. «Բոլորին հուզում է, թե ինչու եմ մենակ, ուր են ազատամարտիկները: Ի՞նչ է, Հայաստանը բնակեցված է միայն ազատամրտիկներո՞վ, միայն ազատամարտիկնե՞րը պետք է մտածեն ազգի մասին»,- հարցադրում արեց Խաչիկ Ավետիսյանը:

Նրա խոսքով` բոլորը տարբեր պատճառաբանություն են փնտրում, որպեսզի չմասնակցեն նման բողոքի ակցիաներին, նստացույցներին, հացադուլներին. «Իրենց վախկոտությունն են թաքցնում այդ պատճառաբանություններով: Մեկն ասում է` չենք հավատում, մյուսն ասում է` հիասթափված ենք, ոչ մի բան չի փոխվի, և այլն»: Այսինքն` Խաչիկ Ավետիսյանի կարծիքով` համախմբվածության բացակայությունն է, որ այսօր ունենք քաղբանտարկյալներ, ու որ ինքը մենակ է իր պահանջը արտահայտում: Ավետիսյանը, սակայն, մեծ հույսեր չունի, որ այս հարցում հաջողության կհասնի:

Նշենք նաև, որ այսօր Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը, պատասխանելով Armlur.am-ի հարցին, թե ինչ գնահատական կտա Խաչիկ Ավետիսյանի քայլին, նշեց, որ առաջին օրվանից դա եղել է Խաչիկ Ավետիսյանի նախաձեռնությունը, և իրենք այդ նախաձեռնության հետ կապ չունեն: «Շարժումը կապ չունի այդ նախաձեռնության հետ, բայց մենք ողջունում ենք ցանկացած քաղաքական ուժի, ազատամարտիկի, ակտիվ խմբի մասնակցությունը: Իսկ գնահատականների պահով, կարծում եմ, մենք նման խնդիր չունենք»,- ասաց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս