Մեզ պետք են ղեկավարներ, ովքեր չեն հայտարարում, որ գիտենք՝ 80 տոկոսը դեմ է, բայց պետք է անենք. Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ալյանս» կուսակցության համագումարի ժամանակ նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հանդես եկավ բացման խոսքով: Վերջինս ողջունեց, որ այս դահլիճում հավաքվել են այսքան մարդիկ, ովքեր ցանկանում են փոխել ներկան, ոչ թե համակերպվում են դրա հետ:

Ուրիխանյանը անդրադարձ կատարեց ոչ իշխանական ուժերի կողմից ժամանակ առաջ միասնական ձևավորված օրակարգին: «Ուզում եմ նշել, որ այդ օրակարգը սոցիալական, տնտեսական էր, որից հետո այն դարձավ քաղաքական: Թե ինչ տեղի ունեցավ հետո, բոլորին հայտնի է՝ տապալվեց այդ ոչ իշխանական ուժերի համագործակցությունը: Հիմա հարց՝ կարիք չկա՞ ուժեղացնելու ոչ իշխանական ուժերի համագործակցությունը, թե փետրվարից հետո բոլոր հարցերը լուծվեցին: Ներկայումս պարզ ըմբռնելի հանգամանքները մեզ ստիպեցին ձևավորել «Ալյանս» կուսակցությունը»,- ասաց Ուրիխանյանը:

Վերջինիս խոսքով՝ եթե երկրում առկա են մենաշնորհներ, ստվեր, չարաշահումներ, ուրեմն երկրում կա նյութական կարիք, միջոց, չկա այն արդար բաշխելու ցանկություն, արդյունավետ կառավարում: «Իմ գիտակցության մեջ չի տեղավորվում՝ մի՞թե դժվար է ստեղծել նպաստավոր պայմաններ մարդկանց համար: Ընտանեկան բիզնեսներին տրամադրել հարկային արտոնություններ, որպեսզի զբաղվեն բիզնեսով: Մի՞թե դժվար է ընկալել, որ ավելի լավ է հարկային արտոնություն տրամադրել փոքր ներկրողներին, բայց շատ ներկրողներին, քան թե խոշորներին»,- ընդգծեց Տիգրան Ուրիխանյանը: Նա անդրադարձ կատարեց գրեթե բոլոր ոլորտների խնդիրներին՝ սկսած առողջապահությունից, կրթությունից, ԵՏՄ անդամակցությունից, վերջացրած Երևանում տեղադրված կարմիր գծերը և այլն:

Տ. Ուրիխանյանն ասաց՝ պետության կառավարմամբ զբաղվող մարդիկ մտածում են, թե որտեղ փող կա, որտեղ կարելի է «թաթը» դնել հարկային բեռի տեսքով և արդյունքում ունենում ենք, օրինակ, կուտակային կենսաթոշակային համակարգ:

«Իշխանություններն արդեն իրենք չեն կարող ոչ ոքի հասկանալ, իսկ նման իրավիճակը բերում է սեփական գոյությունը արհեսատական պահպանելուն ուղղված քայլերի: Մենք ինչ հույս ունենք, որ խղճին վաղուց հրաժեշտ տված մարդիկ պետք է հանրային շահից ելնելով որոշումներ կայացնե՞ն: Մեզ պետք են ղեկավարներ, որոնք չեն հայտարարում, որ գիտենք՝ ութսուն տոկոսը դեմ է, բայց պետք  է անենք, որովհետև դա ձեզ համար է»,- իր խոսքում ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս