ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ
10.48 կարատ կշռող երկնագույն ադամանդը Ժնեւում՝ Sotheby՚s-ի անցկացրած աճուրդում, վաճառվել է 10.27 մլն դոլարով: Ադամանդը ռեկորդ է սահմանել՝ ըստ կապույտ ադամանդների մեկ կարատի համար մինչ օրս գրանցված աճուրդային արժեքի: Թանկարժեք քարի մեկնարկային գինը եղել է 3,5-4,5 մլն դոլար: Քարի նոր տերը բրիտանացի ոսկերիչ Լոուրենս Գրաֆն է, որը պարբերաբար տարբեր աճուրդներում գնում է գունավոր ադամանդներ:

ՇԱՆ ՀԱՉՈՑԸ՝ 900 ԵՎՐՈ
Իսպանիայի իշխանությունները խոշոր տուգանք են սահմանել գիշերային անդորրի խախտման համար: Քաղաքի այն բնակիչները, որոնք գերազանցում են ձայնի թույլատրելի բարձրությունը, ինչպես նաեւ այն շների տերերը, որոնց կենդանիները հաչում են երեկոյան եւ վաղ առավոտյան, տուգանքի կենթարկվեն 900 եվրոյի չափով: Այսպես՝ 23:00-08:00 չի կարելի աղմուկ բարձրացնել, ինչը կարող է խանգարել հարեւաններին: Լուրջ խախտումների դեպքում տուգանքի չափը կարող է հասնել 12 հազար եվրոյի, իսկ ամենածանր դեպքերի համար այն կարող է հասնել մինչեւ 300 հազար եվրոյի:

ՀԱՎ-ՀԱՆՃԱՐԸ
Մեծ Բրիտանիայում հավը, որին Քերոլ Վորդերման են կոչել՝ ի պատիվ բրիտանացի հեռուստահաղորդավարի, տարբերում է խաղաթղթերի վրա պատկերված թվերը: Նա առանց դժվարության հաշվում է մինչեւ ութը: Նրա 47-ամյա տերը շատ է զարմացել՝ տեսնելով, թե ինչպես է Քերոլը որոշել խաղաթղթի վրա պատկերված թիվը: Թռչունը նկարին համապատասխան կոնկրետ թվով կտուցով հարվածներ է հասցրել քարտին: Տիրոջ խոսքով՝ ուսուցումը պետք է դանդաղ ընթանա, որպեսզի հավը չկորցնի հետաքրքրությունը:

ՀԱՆՈՒՆ ԱՂԱՆԴԻ

Նիժեգորոդսկի շրջանի 41-ամյա բնակչուհին «Անտիխրիստի կրոն» աղանդից հաղորդագրություն է ստացել, որտեղ ասվում է, որ պետք է սպանի իր երեխային հոգու մաքրման նպատակով: Մայրը առանց մտածելու երեխային հանել է անկողնուց, դրել պայուսակի մեջ եւ տարել լճի մոտ: Այնտեղ կացնով մի քանի անգամ հարվածել է երեխայի գլխին եւ գցել ջրի մեջ: Թաքցնելով կացինը՝ վերադարձել է տուն եւ քնել: Պարզվել է, որ  երեխայի  մայրն այդ աղանդի ուսուցիչներից է եւ բոլոր հարցերում լսում է նրանց:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս