«ՀԱՐՍՆԱՔԱՐ»-Ի ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՎԱՏԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 16-ին շարունակվեց «Հարսնաքար»-ի գործով դատավարությունը, որն անցավ փոքրիկ միջադեպերով: Իսկ մեկ այլ դատարանում մերժվեց նույն գործով (անջատված մասով) անցնող տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը, որը վերաբերում է գործի լիարժեք նախաքննությանը:
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծված զինվորական բժիշկների ու ծեծից մահացած Վահե Ավետյանի գործով զուգահեռաբար 2 դատավարություններ  ընթացան Երեւանի երկու տարբեր դատարաններում: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ լսվեց Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը, որով նրանք պահանջում են դատարանից՝ պարտավորեցնել նախաքննական մարմնին՝ կատարել որոշակի գործողություններ: Դրանցից մեկն էլ կապված է շատ կարեւոր ապացույցի ձեռքբերման հետ. խոսքը դեպքի վայրի՝ ավտոկայանատեղիի տեսախցիկների տեսաձայնագրությունները փորձաքննության ուղարկելու մասին է, որով պետք է հստակ երեւար, թե մեղադրյալներից յուրաքանչյուրը տուժողներից ում է ծեծել, ինչ գործողություններ է կատարել եւ ովքեր են զինվորական բժիշկներին բռնության ենթարկած մյուս անձինք, որոնց նախաքննական մարմինը չէր գտել եւ այդ մասով գործն անջատել էր՝ ուղարկել նախաքննության: Տեսախցիկները փորձաքննության չուղարկելու հանգամանքը նախաքննական մարմինն այսպես էր «լղոզել»՝ տեսախցիկները չեն աշխատել, դրա համար էլ փորձաքննության չեն ուղարկվել: Մինչդեռ տուժող կողմը պնդում է, որ անկախ ամեն ինչից՝ տեսախցիկների ձայնագրություններն արձանագրող եւ մտապահող սարքը պետք է ուղարկվեր փորձաքննության՝ պարզելու՝ իսկապես չի աշխատել այդ սարքը, թե տեսագրվել է այդ ամբողջ հանցագործությունը ու դեպքից հետո ջնջվել՝ որպես կարեւոր ապացույց (ինչը քրեորեն պատժելի արարք է): Սակայն երեկ Կենտրոնի դատարանը մերժեց տուժող կողմի բողոքը:
Իսկ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց նախաքննության հայտնաբերած 6 ամբաստանյալների՝ Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Բաղդասարյանի, Դավիթ Ադամյանի եւ Արթուր Բաբլոյանի քրեական գործի դատաքննությունը: Ցուցմունք տվեց Վ. Ավետյանի ընկերը՝ տուժող Գարիկ Սողոմոնյանը, որը ծեծի հետեւանքով ստացել էր միջին ծանրության վնասվածք: Նախապես նշենք, որ նիստին ներկա ամբաստանյալներից մեկի հարազատը, որը նստած էր լրագրող Ս. Մավյանի (Ռ. Հայրապետյանի հետ հայտնի հարցազրույցի հեղինակը) հետեւում, փորձում էր նրա հետ վիճել: Քիչ անց Մավյանի կողքին կանգնած ոստիկանը սկսեց բողոքել, թե Մավյանը ոտքով իրեն է դիպչում եւ խոչընդոտում իր պարտականությունների կատարմանը: Դատարանն էլ կարգադրեց լրագրողին տեղափոխվել այլ շարք, իսկ նիստը խանգարող տիկնոջը հեռացրեց դահլիճից:
Տուժող Գարիկի ցուցմունքներից եւ պաշտպանական կողմի հարցաքննությունից պարզվեց հետեւյալը: Ռազմական բժիշկները Արզնու ձորից դուրս են եկել՝ ռեստորանում շարունակելու իրենց ընկերոջ՝ Արկադի Աղաջանյանի ծննդյան օրը: Ռեստորանում նրանց դիմավորել է երգիչ Դավիթը: Րոպեներ անց Վահեն դուրս է եկել լվացվելու ու երբ վերադարձել է, փոքր-ինչ անտրամադիր է եղել: Վահեն ցանկացել է, որ այդտեղից գնան, սակայն ընկերները, պարզելով նրա տրամադրության անկման պատճառը՝ ռեստորանում մարզահագուստով գտնվելու արգելքը, Վահեին ասել են. «Եթե գնալու ես փոխվես գաս, կսպասենք»: Վահեն գնացել է՝ հագուստը փոխելու: Վերադառնալուց հետո սկսվել է Վահեի գլխարկի պատմությունը. ասել է. «Կարո՞ղ ա գլխարկով էլ չի կարելի», ինչին ի պատասխան՝ մատուցող Դավիթն ասել է. «Կարո՞ղ ա կայֆավատցա ես լինում»: Դրանից հետո Դ. Ադամյանը, ըստ տուժողի, ագրեսիվ տոնով Վահեին դուրս է կանչել, Գարիկն էլ, մատուցողի այդ տոնից անհանգստացած, Վահեի հետ դուրս է եկել: Նրանց ուղեկցել են դեպի ավտոկայանատեղի. Վահեն առջեւից է գնացել, իսկ Գարիկը նրա հետեւից է քայլել՝ խոսելով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի հետ: Երբ հասել են ավտոկայանատեղի, նրանց դիմավորել են մոտ 15-20 հոգի: Եւ Գարիկը լուսավորված տարածքում տեսել է վեց  ամբաստանյալների դեմքերը:
Տուժողը նշեց միայն Նորայրի կոնկրետ գործողությունները. ավտոկայանատեղիում սկսել են իրենց հայհոյել ու խառը ծեծել. չի տեսել, թե կոնկրետ ով ում է հարվածել, բայց բոլորն էլ մասնակցել են: Այդ ժամանակ Նորայրը հանկարծակի շուռ է եկել եւ հարվածել Գարիկին: Վերջինս ընկել է գետնին եւ մի քանի հարվածներից հետո ուշագնաց եղել: Բժիշկները ո՛չ հասցրել են հայհոյանք տալ, ո՛չ էլ ի վիճակի են եղել հարվածել իրենց ծեծողներին: Երբ Գարիկն ուշքի է եկել, տեսել է՝ Վահեն իրենից 5-6 մետր հեռու է ընկած. մոտեցել է տեսել, որ Վահեն խորը շնչում է, խռխռում, ու «ռեակցիա չկա»: Տուժողն ասաց, որ իրեն հարցաքննության ժամանակ չեն ուղղորդել, պառկած վիճակում ինքը պատմել է այն, ինչ հիշել է: Ամբաստանյալներին, այդ թվում՝ Արթուր Բաբլոյանին, Գարիկը ճանաչել է քննչական  գործողության ժամանակ: Ասաց, որ Արթուրին ճանաչել է «հաստ վզից, փորի ձեւից, հայացքից, աչքերը… մի տեսակ ա նայում…»: Հարցաքննությունը մնաց անավարտ, քանի որ ամբաստանյալ Արման Խաչատրյանը նիստի վերջում վատացավ. նրա մոտ գլխապտույտ եւ սրտխառնուք էր առաջացել:  

 ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս