Այս տարվա փետրվարին կալանավորվեց ՀՀ ոստիկանության զորքերի (ՈԶ) հրամանատար, «Գել» մականունով Գարեգին Գաբրիելյանի տեղակալ Վանիկ Մանուկյանը: Պատճառն այն էր, որ նա զենք-զինամթերք էր վաճառել ՈԶ-ից: Սակայն գլխավոր դերակատարները՝ Գ. Գաբրիելյանն ու նրա հետ համագործակցած ՀՀ ՊՆ դեռեւս անհայտ պաշտոնյան, այդպես էլ մնացին անպատիժ: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Գաբրիելյանը ՊՆ-ին է վաճառել մեծաքանակ փամփուշտներ: Եւ որպեսզի կասկածներ չհարուցվեն, Գաբրիելյանն ասել է, թե «վերեւներին ասա՛, Վրաստանից են բերել»: Ուշագրավն այն է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից քննվող գործն այդպես էլ այս դրվագի վրա ուշադրություն չի դարձրել: Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՔԾ-ից հայտնել են, թե Վ. Մանուկյանի գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Իսկ Գ. Գաբրիելյանի վերաբերյալ քրեական գործ ՀՔԾ-ում չի էլ հարուցվել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ