«ԱՅՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԹԱՐՄ ԿԱԹ ՄԹԵՐԵԼԸ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ գյուղացիները հրաժարվում են ցածր գնով կաթ վաճառել, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները պնդում են, որ այս ամիսներին ձեռնտու չէ բարձր գներով կաթ մթերելը: Բացի այս՝ կաթնամթերքի ոլորտում երկարատեւ գործունեություն իրակացնող գործարարները ներկայումս կանգնած են բազմաթիվ խնդիրների առաջ: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է պանրի արտադրությամբ զբաղվող «Իգիթ» ընկերության տնօրեն Անդրանիկ Իգիթյանի հետ:

-Պարո՛ն Իգիթյան, «Ժողովուրդ»-ը պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ այսօր ՀՀ խանութներում վաճառվող պանիրը կաթի փոշուց է պատրաստված: Ի՞նչ կասեք այս մասին:
-Կաթի փոշին հնարավոր է օգտագործել միայն թթու կաթնամթերքի արտադրության մեջ. պաղպաղակի, մածունի, կաթնաշոռի: Բայց չեմ պատկերացնում, թե կաթի փոշով ինչ տեսակի պանիր կարող են պատրաստել: Միայն՝ թարմ կաթով:
-ՍԱՊԾ-ից տեղեկացանք, որ Ձեր ընկերությունը նույնպես կաթի փոշի է ներմուծում: Այն ինչի՞ արտադրության մեջ եք օգտագործում:
-Այո՛, մենք միայն ապրիլ ամսին ենք 10 տոննա կաթի փոշի ներմուծել, բայց այն օգտագործել ենք պաղպաղակի արտադրության մեջ:
-Հիմա գյուղացիներից որքանո՞վ եք կաթը մթերում:
-Եթե իրենք են բերում գործարան, ապա 150 դրամ ենք վճարում, իսկ եթե մեր մեքենաներն են գնում վերցնում՝ 130 դրամ: Բայց տեղական արտադրողները չեն կարողանում կաթ մթերել, այս գներով այս ամիսներին ձեռնտու չէ, որովհետեւ վաճառք չկա: Հայաստանում պանիրը վաճառվում է միայն սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին: Իսկ մեկ կիլոգրամ կաթի փոշին արժի 1000 դրամ: Այս պատճառով էլ կաթնամթերք արտադրողներին ավելի ձեռնտու է կաթի փոշիով արտադրել, քան թարմ կաթով: Բայց նախորդ տարիներին կաթի մթերումը նորմալ կատարվում էր. հավաքում էին կաթը, փոշի էին պատրաստում, որն էլ ձմռանը օգտագործում էինք՝ թթու կաթնամթերքի արտադրման ժամանակ: Բայց մենք նման խնդիր չունենք, քանի որ մեր սպառողը քաջատեղյակ է մեր արտադրանքի որակին:
-Պանիր արտահանո՞ւմ եք: Դեպի ո՞ր երկրներ:
-Այո՛, պանրի մեծ քանակություն արդեն կարողանում ենք արտահանել դեպի Մոսկվա, Կրասնոդար: Բացի այս՝ մեր ընկերության արտադրանքը վաճառում ենք ոչ միայն Շիրակի մարզում, այլ նաեւ Երեւանում:
-Պարո՛ն Իգիթյան, դեպի ՌԴ նո՞ր եք սկսել պանիր արտահանել:
-Տարիներ առաջ իրականացրել ենք արտահանում, հետո տեւական ժամանակ դադարեցրինք, բայց այս տարի առաջին անգամ ենք արտահանում: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո կարողացանք արտահանել, քանի որ մեր արտադրամասի բոլոր պայմանները համապատասխանում են իրենց պահանջներին:
-Իսկ արտահանման հետ կապված ի՞նչ խնդիրներ կան: Ռուսական շուկայում դժվա՞ր է արտադրանքն իրացնել:
-Այս տարի շատ բարդ էր: Շատերը գիտեն, որ այս գործով ենք զբաղվում, ուրեմն մեծ փողեր ունենք, բայց դա այդպես չէ: Մենք նաեւ վնասներ ենք կրում: Իսկ վարկային պարտավորությունները շատ են. նախորդ տարվա դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացումից տուժեցինք: Հիմա դոլարով վարկն ենք մարում, բայց վերցրած արժեքից ավելի թանկով: Եթե ռուսական շուկայի պահանջարկը մեծանա, բնականաբար, արտադրության ծավալներն էլ կմեծացնենք: Եթե Ռուսաստանի վիճակը վատ է, ուրեմն մերն էլ կվատանա: Խեղճ ժողովուրդը այստեղից-այնտեղից բան պոկելով է ապրում: Հիմա Ռուսաստանի տարածքով մեկ բոլոր հայերը կաթի ու պանրի արտադրությամբ են զբաղվում: Օրինակ՝ այստեղ՝ Կալինինոյում նախորդ տարի կար պանրի 20 փոքր արտադրամաս, բայց այս տարի դրանցից մնացել է միայն մեկը: Բոլորը գնացել են Ռուսաստան, եւ այնտեղ մեկը՝ մի գյուղում, մյուսը՝ մի քաղաքում պանրի ու կաթի արտադրությամբ են զբաղվում: Ու այսպես, Հայաստանի պանրի անունն ընկած է: Խորհրդային տարիներին յուրաքանչյուր պանրագործ իր պատրաստած պանրի վրա գրում էր իր անունը: Այն հանձնում էին Մոսկվայում գտնվող հատուկ բազաներում: Եւ եթե որեւէ մեկի պատրաստած պանիրը բարձր որակի անուն էր ստանում, ապա տվյալ պանրագործը պարգեւատրվում էր: Օրինակ՝ դրսի շուկայում հիմնականում վաճառվում են փափուկ տեսակի պանիրները, որոնք արագ են պատրաստվում ու անմիջապես վաճառքի հանվում: Իսկ հայաստանցիների պահանջներն այլ են:
-Պարո՛ն Իգիթյան, առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա…
-Բնական է, որ դա մեր գրպանի վրա վատ կանդրադառնա: Այս պահի դրությամբ հստակ ոչինչ չեմ կարող ասել, դեռ հաշվարկներ պետք է անենք: Հնարավոր է՝ արտադրանքը թանկացնենք:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է
Մանկական մահացությունը համարվում է առաջնային խնդիր ամբողջ աշխարհում: Բարեբախտաբար մեր հանրապետությունում վերջին տարիներին գրանցվել է մանկական մահացության դեպքերի թվի նվազում: Շիրակի մարզում 2014 թվականին գրանցվել է 0-1 տարեկան երեխաների մահացության 32 դեպք, որից 30-ը՝ ստացիոնար, 2-ը՝ տնային պայմաններում:
Իսկ 0-28 օրական նորածինների մահացության դեպքերը եղել են 27, մեռելածնության դեպքերը՝ 73: Ինչպես նշում է Գյումրու «Մոր ու մանկան» Ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը, խորհրդային տարիներին մանկական մահացության դեպքերը բավական շատ էին, ըստ նրա` դրանք նվազել են արդեն անկախության տարիներից հետո, երբ հիվանդանոցների հիգիենան բարձրացվել է: Հիվանդանոցի տնօրենի ներկայացմամբ առավել տարածված է նորածնային մահացությունը, որը հիմնականում կապվում է ներարգանդային հիվանդությունների հետ:
Քիչ չեն նաեւ տրավմատիկ երույթներով պայմանավորված մանկական մահացության դեպքերը, որոնք արդեն գրանցվում են 1-5 տարեկան երեխաների մոտ: Բժիշկ Կուրղինյանի խոսքով՝ այս վերջին դեպքում պատճառը հանդիսանում է այն, որ 1-5 տարեկան երեխաները ակտիվ շփվող են ու իրենց համար բացահայտում են աշխարհը, հետեւաբար ենթակա են տրավմաներ ստանալու վտանգին:
Նշենք, որ Շիրակի մարզում առկա են նաեւ մեռելածնության դեպքեր, որոնք արդեն կապվում են գրագետ հղիության կանոնների խախտման հետ: Այստեղ մասնագետները կարեւորում են հատկապես մարզային ու քաղաքային հիվանդանոցներին կից հղիների համար նախատեսված մայրության դպրոցների դերը, որոնց շնորհիվ կբարձրացվի հղիության վերաբերյալ կանանց գրագիտությունը:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի

 

 

ՆՈՐ ՊԱՅՔԱՐԻ ԱԼԻՔ ԿԱՊՈՒՏԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ
Վերջերս անդրադարձել էինք Կոտայքի մարզի Կապուտան համայնքում երկաթի հանքի շահագործման խնդրին: Հիշեցնենք, որ հանքը գյուղից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է գտնվում: Կապուտանցիներն արդեն իսկ արտահայտել էին իրենց բողոքը՝ մեկ անգամ բոյկոտելով հանքը շահագործել ցանկացող չինական «Սփայս Սթիլ» ընկերության կողմից հրավիրված հասարակական լսումը:
Հունիսի 11-ին կապուտանցիները հանդիպեցին բնապահպանների հետ, ներկայացրին իրենց կարծիքն ու լսեցին մասնագետների մեկնաբանությունները: Գյուղում արդեն ընթանում է ստորագրահավաք՝ ընդդեմ հանքավայրի շահագործման, որին միացել են մոտ 400 բնակիչ:
Ի դեպ, բնապահպան Մովսես Մանուկյանից տեղեկացանք, որ հանքավայրի շահագործման հայտ ներկայացրած «Սփայս Սթիլ» ՍՊ ընկերության բաժնետերերն են նաեւ Վարդան Այվազյանի որդին եւ Տիգրան Արզաքանցյանը:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ




Լրահոս