ՀԵՐԹԱՓՈԽՈՎ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարսնաքար»-ի աղմկահարույց գործով նոյեմբերի 27-ին նշանակված դատական նիստը կրկին 3 օրով հետաձգվել է: Այս անգամ պատճառն ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայությունն էր: Վերջինս թեեւ տեղյակ էր  այս գործով նշանակված դատական նիստի մասին, սակայն դատավորին գրավոր ծանուցել եւ գնացել էր մասնակցելու մեկ այլ գործով նշանակված դատական նիստի:
«Հարսնաքար»-ի գործով նախագահող դատավորն անհարգելի համարեց այդ բացակայությունը եւ հայտնեց, որ կրկնվելու դեպքում հաջորդ անգամ պաշտպանի նկատմամբ սանկցիա կկիրառի:  
Նշենք, որ պաշտպանական կողմի մոտ հերթափոխով բացակայելու մարտավարություն է նկատվում, ինչը գուցե պայմանավորված է մեկ այլ դատարանում զուգահեռ ընթացող դատական գործընթացով: Խոսքը «Հարսնաքար»-ում ծեծից սպանված Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքի մասին է. Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նրանք վիճարկում էին նախաքննական մարմնի որոշումները եւ պահանջում բազմակողմանի եւ լիարժեք քննություն իրականացնել` «Հարսնաքար»-ում տեղի ունեցած հանցագործության մյուս մեղավորներին բացահայտելու համար: Ավելի վաղ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ առաջին ատյանի դատարանը մերժել էր տուժող կողմի բողոքը, եւ այդ որոշման դեմ այժմ վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ դատարան: Չի բացառվում, որ պաշտպանական թիմը, Ավանի դատարանում ընթացող քրգործով բացակայելով, ժամանակ է շահում եւ սպասում զուգահեռ ընթացող պրոցեսի ավարտին. նրբությունն այն է, որ եթե վերաքննիչը բավարարի տուժող կողմի բողոքը, ապա քրգործը կուղարկվի լրացուցիչ քննության, եւ Ավանի դատարանի դատավարությունը կդառնա անիմաստ: Իսկ եթե մերժի, պաշտպանները պաշտպանությունը կիրականացնեն դատախազի «գծած խազերի» շրջանակում:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս