Արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանի մարզերում չի կարգավորվում կաթի մթերման խնդիրը: Բանն այն է, որ այս օրերին ՀՀ որոշ մարզերում գյուղացիները կաթը մթերում են 115-120 դրամով` նախկին 130 դրամի փոխարեն: Կան նաեւ գյուղեր, որտեղ կաթի վերամշակման ընկերությունները հրաժարվում են մթերումից կամ էլ 80 դրամ են առաջարկում մեկ լիտր կաթի դիմաց, ինչը չափազանց էժան է, հատկապես անասնակերի ներկայիս բարձր գների պայմաններում:
ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղի բնակիչ Քյարամ Ներսեսյանն արդեն 12 տարի է, ինչ զբաղվում է անասնապահությամբ: Նա ունի 67 անասուն, որից միայն 34-ը կաթնատու են: «Ես օրական կաթ մթերող ընկերություններին հանձնում եմ 260-270 լիտր կաթ: Վստահեցնում եմ, որ արդեն մեկ ամիս է, ինչ 120 դրամով են մթերում, նույնիսկ կաթի յուղայնությունն էլ չեն ստուգում: Մինչդեռ ստուգելու դեպքում, եթե բարձր լինի յուղայնությունը, ապա բարձր գումար պետք է առաջարկեն: Իսկ նման բան չկա: Ստուգում են միայն այն, որ կաթի հետ ջուր խառնած չլինի: Մենք էլ չգիտենք, թե ում դժգոհենք»,- ներկայացրեց Ներսիսյանը:
Մեր զրուցակիցն ափսոսանքով նկատեց, որ իր կաթնատու կովերին պահելու եւ անասնակեր գնելու համար ստիպված է անասուն մորթել: Ավելին` անասնապահն արդեն 1 մլն 800 հազար դրամ պարտք է անասնակերի համար: «Այսօր մսագործի եմ կանչել, որ գա մի քանի անասուն մորթի, գոնե խոտի տիրոջը պետք է պարտքի 30 տոկոսը վճարեմ: Մոտ 2000 տուկ ապառիկ եղանակով եմ գնել, պարտք եմ ու կոպեկ չեմ տվել: Բայց նորից անասնակերի կարիք կա, գոնե պետք է վճարեմ, որպեսզի կարողանամ կրկին անասնակեր վերցնել: Չգիտեմ, ինչ անեմ՝ անասունին մորթե՞մ, թե կաթը թափե՞մ»,- տարակուսեց անասնապահը:
Բացի սրանից՝ ֆերմերները կանգնած են մեկ այլ խնդրի առաջ. կաթի արտադրության ծավալները սկսել են նվազել: ՀՀ որոշ մարզերում դա կապված է սեզոնային գործոնի հետ: Իսկ, ահա, Արագածոտնի Կարմրաշեն գյուղում դա ուղիղ կապ ունի արոտավայրերի անջրդիության հետ: «Մեր հողերը բերրի չեն, այս պատճառով մենք խոտ չունենք: Վերջին անգամ մեր գյուղում անձրեւ եկել է մայիսի կեսերին: Արոտավայրերն անջրդի են, դրա համար էլ խոտ չկա, որ գոնե անասուններն արածեն: Կանաչ չկա, որ անասունն ուտի, լիարժեք կաթ արտադրի: Տնամերձ հողի խոտով էլ կարող ես միայն երկու կամ երեք անասուն պահել, իսկ մեծ թվով անասուն պահելու համար պետք է անասնակեր գնել»,- լրացրեց Ք. Ներսիսյանը:
Իսկ, ահա, նույն մարզի Վերին Բազմաբերդ գյուղի բնակիչ Մովսես Խամոյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում զայրացած նկատեց, որ կաթի մթերման ընկերություններն արդեն սովորություն են դարձրել եւ ամսվա մեջ չորս անգամ գին են իջեցնում: «Իսկ բարձրացնելու մասին խոսք անգամ չկա: Բայց այս օրերին անասնակերի մեկ տուկն արժի 1000 դրամ: Այսպես որ շարունակվի, չենք կարող անասուն պահել: Կամ էլ կեսին կմորթենք, որպեսզի դրանից ստացված գումարով կարողանանք մյուս կեսին պահել»,- վրդովվեց Խամոյանը` հավելելով, որ նախօրեին արդեն հասցրել է երեք անասուն մորթել:
Ինչպես Քյարամ Ներսիսյանից, այնպես էլ Մովսես Խամոյանից կաթ գնելիս մթերող ընկերությունները յուղայնությունը չեն հաշվում: Նրանք երկուսն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեցին, որ նախորդ տարի այս շրջանում վերամշակող ընկերություններին կաթը վաճառել են 170 դրամով: Իսկ այս օրերին գյուղեր կան, որտեղ կաթը նույնիսկ 90-100 դրամով են հանձնում: Գյուղեր էլ կան, որտեղ կաթի վերամշակման ընկերությունները հրաժարվում են այն մթերելուց:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանի հետ եւ հետաքրքրվեց, թե այս ընթացքում ԳՆ-ն ինչ է արել՝ հարցը լուծելու ուղղությամբ: Սակայն ինչպես մեր նախկին՝ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած զրույցի ընթացքում, այնպես էլ այս անգամ փոխնախարարը ոչ մի նորություն չասաց: «Կաթի մթերման բոլոր գործարանները, անհատ մթերողները կաթը վերցնում են պայմանավորված գնով՝ 130 դրամով: Բայց կան միջնորդներ, որոնք գյուղացուց վերցնում են կաթն ու հանձնում գործարաններին, եւ նրանց էլ մնում է 10-20 դրամ: Կաթի մթերման երկու գին կա՝ 130 դրամ առաջարկում են վերամշակող ընկերությունները, իսկ եթե գործին միջնորդներն են խառնվում, ապա այն դառնում է 110 դրամ»,- ասաց փոխնախարարը: Իսկ, ահա, անասնակեր գնելու նպատակով ֆերմերների կողմից անասուններին մորթելու դեպքերի հետ կապված էլ ասաց հետեւյալը. «Այսօրվա դրությամբ ոչ մի գյուղացի իր անասունին՝ կաթնատու կովին, չի մորթի: Բացի այդ՝ այս տարի անձրեւային է, եւ խոտի հնձման աշխատանքները բարձր մակարդակով են ընթանում: Մեկը կարող է մի բան ասել եւ պատճառ բռնել իր մյուս հարցերը լուծելու համար»:
Ահա, այսպիսի սպառիչ, խիստ պատասխանատու եւ, ամենակարեւորը, մտահոգ պատասխաններ գյուղատնտեսության նախարարությունից:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԲԱՎԱՐԱՐՎԱԾ Է ԱՃԻ ՏԵՊԵՐՈՎ
«Մի քանի միջազգային կառույցներ շտապել էին իրենց կանխատեսումները ՀՀ տնտեսության համար ճշգրտել դեպի բացասական ուղղությամբ: Իհարկե, արտաքին գործոնները դրական չէին, բայց ներքին կարողությունները թերագնահատելու կարիք չկար»,-երեկ ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` ներկայացնելով անցած եւ այս տարիների տնտեսական ցուցանիշները, որ ՀՆԱ-ն անցած տարի 3.5% էր, այս տարվա առաջին ամսիներին՝ 2.2%: Կ.Ճշմարիտյանը հայտարարել է, թե չի ուզում տպավորություն ստեղծել, որ բավարարված է աճի տեմպերով, բայց նշեց, որ շատերի ձեռներեցությունն է հաջողության գրավականը: Նրա խոսքով՝ հասարակության ձեռնարկատիրական կարողությունների վրա են հիմնվում Կառավարության ծրագրերը գործարարության զարգացման ուղղությամբ: Նա պատրաստակամություն հայտնեց աջակցել վերջինիս զարգացմանը: Նախարարը հայտարարել է, որ անցած տարի 7500 ձեռնարկություններ են բացվել՝ մոտ 4900 լուծարվածների դիմաց եւ ավելորդ հոռետեսության համար խորհուրդ տվեց չօգտագործել «փակվող տնտեսություն» արտահայտությունը. «Ներդրումային միջավայրի բարելավման համար բոլորս ենք պատասխանատու, զբոսաշրջային գրավչության համար բոլորս ենք պատասխանատու»:
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ Է ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ
«Ստրասբուրգում անդրադարձել եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ դատապարտել եմ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությանը: Իսկ մեր պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը շատ ընդլայնված տեսքով անդրադարձել է այդ դեպքերին»,- երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Իրենք շատ ուշադիր հետեւում են հայաստանյան գործընթացներին, տեղեկատվության պակաս չունեն: Նրանք կոչ են արել, որ ցուցարարների նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը: