«ԱՏԵ՛Ք ԻՆՁ. ԴԱ ՁԵԶ ՄՈՏ ԼԱՎ Է ՍՏԱՑՎՈՒՄ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Շպռօտը (Անի Թովմասյան), ով տեւական ժամանակ է` բնակվում է ԱՄՆ-ում, «Ժողովուրդ»-ին պատմել է իր ամերիկյան կենսակերպի մասին, նշել, թե ինչու հեռացավ Հայաստանից: Նա անդրադարձել է նաեւ իր եւ Էռնեստ The Best-ի հարաբերություններին եւ համասեռամոլներին սատարելու թեմային:

-Անի՛, գիտենք, որ ԱՄՆ-ում միայն երգչուհու կարիերայով չէ, որ զբաղվում եք, ոչ մասնագիտական այլ աշխատանքներ էլ եք կատարում: Ի՞նչ հիմնական խոչընդոտներ եք ստիպված եղել հաղթահարել այդտեղ` մինչեւ կյանքի այս փուլը:
-ԱՄՆ-ում ես, բացի երգարվեստից, ունեմ նաեւ ապրուստի ուրիշ միջոց: Երգարվեստից ստացված եկամուտով հայ համայնքում հնարավոր է միայն մեքենայի վարձը վճարել: Ճիշտ է, շատ եմ հոգնում ֆիզիկական աշխատանքից, բայց ինձ երջանիկ եմ համարում, որ դեռ երգում եմ: Կյանքն ԱՄՆ-ում շատ ձանձրալի է` համեմատած իմ երեւանյան կյանքի հետ: Այստեղ օր ու գիշեր աշխատում եմ, որ հասցնեմ իմ եւ Երեւանի հարազատներիս ծախսերը հոգալ: Ընկերներ քիչ ունեմ: Այստեղ ինձ բնությունն է շատ դուր գալիս եւ երկրում գործող համակարգը: Զգում ես, որ ապրում ես մի երկրում, որտեղ ամեն բան արված է՝ քաղաքացիների հարմարավետությունն ապահովելու համար:
-Հայաստանում Դուք կարողացաք կերտել էպատաժային երգչուհու Ձեր կերպարը, որը կա՛մ շատ սիրվեց, կա՛մ խստորեն քննադատվեց: Ի վերջո, ինչո՞ւ չմնացիք հայրենիքում: Հնարավոր չէ՞ր Ձեր ստեղծած կերպարի միջոցով նոր խոսք ասել եւ գումար վաստակել:
-Ես շատ շնորհակալ եմ իմ ճակատագրին՝ այդ գեղեցիկ կյանքի փորձը Հայաստանում ունենալու համար. սիրվեցի, թե ոչ, կապ չունի: Շնորհակալ եմ հայ ազգին, որ ինձ թույլ տվեց բեմում լինել երջանիկ: Ես ամեն երկրում էլ կարող եմ գումար վաստակել, հարցն այն է, թե որ երկիրը կընտրի աշխատանքից չվախեցող աղջիկը:
-Դուք կարծես Հայաստանից հեռացաք դժգոհ եւ հիասթափված… Ի՞նչն էր խնդիրը: Տպավորություն ստեղծվեց, թե Ձեզ շոու-բիզնեսից աննկատ կերպով դուրս հանեցին:
-Հայկական շոու-բիզնեսում ես միշտ վայելել եմ սեր եւ հարգանք: Արտիստների հետ խնդիր չեմ ունեցել: Ես էլ նրանց եմ սիրել. բոլորն էլ ուժեղ, տաղանդավոր մարդիկ են, որոնք մինչեւ այսօր լավատեսորեն աշխատում են: Ես ուղղակի զզվեցի երկրի Կառավարությունից եւ անարդարությունից: Ինքս իմ ձեւով մշտապես պայքարել եմ անարդարության դեմ, սակայն միշտ մենակ եմ եղել: Հիմա թող պայքարեն նրանք, ովքեր նոր են սկսել դա անել եւ թող հաղթեն, բայց առանց ինձ…
-Մի առիթով մեր երկրի մասին խոսելիս տգեղ կերպով էիք արտահայտվել, ԶԼՄ-ներն էլ տարածել էին դա: Չե՞ք կարծում, որ չարժի լքել հայրենիքը, իսկ հետո պիտակավորել այն, որքան էլ վերջինս թերություններ ունենա:
-Ես երկրի դեմ ոչինչ չունեմ. այն իմ ծննդվայրն է: Բայց զզվելի է այն, ինչ կատարվում է ներսում… Յաղք… Ես սիրում եմ Հայաստանը, Երեւանը, քարերը, ջուրը, միրգը, բայց որոշ բնակիչների ատում եմ: Ես ո՞վ եմ, որ հայրենիք պիտակավորեմ: Հայրենիքը թերություն չի ունենում: Երեւի միակ թերությունը ես էի, հիմա էլ էդտեղ չեմ (ծիծաղում է):
-Հայաստանի շոու-բիզնեսցիների հետ կապը պահո՞ւմ եք: Նրանցից ոմանք սոցցանցերում ակնհայտորեն Ձեզնից բամբասում են…
-Ես Արմինկայի հետ եմ պահում իմ կապը, քանի որ նա է իմ հարազատը: Իսկ բամբասանքների վրա թքած ունեմ:
-Որքան էլ Դուք եւ երգիչ Էռնեստ The Best-ը հերքեք խոսակցությունները, թե դուք սիրային կապ ունեք, միեւնույն է` հանրությունը շարունակում է խոսել այդ մասին: Հնարավոր համարո՞ւմ եք, որ ձեր հարաբերությունները երբեւէ ընկերականից դուրս այլ ընթացք ստանան:
-Էռնեստն իմ ամենահարազատ մարդն է այստեղ եւ առհասարակ: Նա ունի շատ բուռն անձնական եւ սեռական կյանք` առանց իմ մասնակցության: Ուրիշ ինչպե՞ս ասեմ, որ հասկանաք… Ես իմ կողքին հիմա ոչ ոք չունեմ…
-Վերջերս մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ Դուք սատարում եք համասեռամոլներին: Այս տեղեկությունն իրարանցում առաջացրեց սոցցանցերում…
-Ես միշտ էլ սատարել եմ համասեռամոլներին նույնիսկ Երեւանում: Այնպես որ, ատե՛ք ինձ. դա ձեզ մոտ լավ է ստացվում…
-Բայց Դուք Ձեզ սիրողներ էլ ունեք… Գուցե Հայաստանում շուտով հանդիպե՞ք երկրպագուների հետ:
-Ես շատ եմ ուզում վերադառնալ Հայաստան, քանի որ ընտանիքիս շատ եմ կարոտել: Բայց չեմ կարող ապրել մի երկրում, որտեղ չկա խոսքի ազատություն… Շնորհակալություն:

 

 

 
ՌԵԺԻՍՈՒՐԱՅԻ ՀԱՐՑՈՒՄ ԴԵՌ «ԿԱՂՈՒՄ ԵՆՔ»

Ինչպես հայտնի է՝ «Ոսկե ծիրան» Երեւանի 12-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվելու է հուլիսի 12-19-ը: Փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ներկայացված է Հայաստանի եւ արտերկրի հայ ռեժիսորների 18 ֆիլմ, որոնք ընտրվել են 90 ֆիլմերից: «Ժողովուրդ»-ը «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի համակարգող, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանից հետաքրքրվեց` այս տարի ծրագրում ներկայացված ֆիլմերն իրենց որակով զիջում, թե գերազանցում են նախորդ տարիների ֆիլմերին, դեռեւս ինչ բացեր ունեն հայ ռեժիսորների ներկայացրած ֆիլմերը, հիմնականում որ որակներից են դրանք «կաղում» եւ արդյոք կարելի է «Ոսկե ծիրան»-ից «դուրս հանել» Հայոց ցեղասպանության թեմայով նախադեպը չունեցող ֆիլմ:

Ր. Մովսիսյանի խոսքով` այս տարի ընտրվել են տեւողությամբ կարճ, սակայն գեղարվեստական արժեքով բարձր ֆիլմեր. «Պետք է անկեղծ լինեմ եւ նկատեմ, որ հայկական ծրագրի ֆիլմերն այս տարի բավական զիջում էին նախորդ տարիներին ներկայացված ֆիլմերին: Ուստի մենք փորձել ենք որեւէ կոմպրոմիսի չգնալ եւ ընտրել նախորդ տարիներին ներկայացված գործերին իրենց գեղարվեստական արժեքով չզիջող ֆիլմեր: Մեզ համար կարեւորը ոչ թե ժամ, այլ որակ ապահովելն է»,-ասաց նա:
Կինոքննադատի համոզմամբ` հայ ռեժիսորների ներկայացրած ֆիլմերի հիմնական խնդիրները շարունակում են մնալ ռեժիսուրայի, սցենարի, դերասանական խաղի թերությունները: Իսկ, ահա, օպերատորական աշխատանքի առումով մեր ֆիլմերը բավականին կայացած են:
Եթե համեմատելու լինենք Հայաստանի եւ արտերկրի հայ ռեժիսորների աշխատանքները, Ր. Մովսիսյանի կարծիքով, թեմատիկ առումով մեզ մոտ նկարահանված ֆիլմերն ավելի հետաքրքիր են, սոցիալական բնույթ ունեն, իրական են, կյանքին մոտ, իսկ, ահա, զուտ արտադրական, տեխնիկական առումով դրսում նկարահանված ֆիլմերն ավելի բարձրորակ են:
Ինչ վերաբերում է ցեղասպանության թեմային հայ ռեժիսորների անդրադարձերին, կինոքննադատը նշեց, որ դրանք մեծ թիվ են կազմում, ընդ որում, թե՛ այստեղի, թե՛ դրսի հայ ռեժիսորների ֆիլմերում: Հարցին, թե հատկապես որ ֆիլմի հետ է հույսեր կապում, Ր. Մովսիսյանը պատասխանեց. «Փառատոնի բացման ֆիլմ է ընտրվել Ռոբեր Գեդիգյանի (Կետիկյան) «Խենթ պատմություն»-ը (Ֆրանսիա, 2015): Այն ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրությունների ծրագրում: Այդ ֆիլմի հաջողության հետ կապված մեծ հույսեր ունեմ, ունենք նաեւ ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմեր»,-եզրափակեց կինոքննադատը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՉԻ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ
Օրերս համացանցում լուրեր էին տարածվել այն մասին, թե երգիչ Միհրան Ծառուկյանն ամուսնացել է մոսկվաբնակ մի աղջկա հետ: Որպես ապացույց տարածվել էր նաեւ Լիլիթ Մարկոսյան անունով աղջկա լուսանկարը: Միհրան Ծառուկյանն առայժմ չի մեկնաբանել ամուսնության մասին լուրերը, սակայն երգիչ Վրեժ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լուրին` գրելով, որ այն չի համապատասխանում իրականությանը: «Հարգելիներս, այս նյութն ամբողջովին հերյուրանք է եւ կեղծիք: Լիլիթն իմ քրոջ դուստրն է»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երաժշտական պրոդյուսեր Էդգար Ալեքսանյանը եւս BRAVO.am-ի հետ զրույցում հերքել էր տարածված լուրը:

 

ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՆ
Սեպտեմբերին էկրաններ կբարձրանա «Sharm Pictures»-ի նոր` «Հյուսիս-Հարավ» ռոմանտիկ կինոկատակերգությունը:
NEWS.am STYLE-ի փոխանցմամբ` Ֆիլմի ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը («Poker AM», «Փեսացուն կրկեսից», «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմերի ռեժիսորը): Ֆիլմի գլխավոր հերոսները չորս ընկերներ են, որոնք թեեւ շատ տարբեր են, բայց ուսանողական տարիներին ծնված ընկերությունը միավորում է նրանց մինչ օրս: Տղաների կյանքը կարծես թե հաջողված է, եւ ամեն ինչ իր բնական հունով էլ կշարունակվեր, եթե հերոսներից մեկը չհամաձայներ կատարել օլիգարխ Լամբերտ Խաչատուրովիչի պատվերը…
Գլխավոր դերերում են Միշոն, ՀՏ Հայկոն, Սոս Ջանիբեկյանը, Դավիթ Թովմասյանը, Դիանա Մալենկոն, Մկրտիչ Արզումանյանը:

 

ՆՈՐ ՍԻՐԱՎԵ՞Պ
Հոլիվուդյան հայտնի դերասան Օռլանդո Բլումը Միրանդա Քերից ամուսնալուծվելուց հետո չի կարողանում կյանքի նոր ընկեր ընտրել. նրան տարբեր առիթներով կարելի է տեսնել տարբեր մոդելների ուղեկցությամբ: Այս անգամ, EOnline-ի փոխանցմամբ, դերասանը ժամանակ է անցկացրել բրազիլացի դերասանուհի եւ մոդել Լուիզա Մորաեսի հետ: Զույգին միասին են տեսել ճապոնական ռեստորանում:
Նշենք, որ Լուիզան 10 տարով երիտասարդ է 38-ամյա Բլումից: Նրան կարելի է հիշել մի քանի սերիալներից եւ ամերիկյան հանհրահայտ «Solace» ֆիլմից, որտեղ Լուիզան ունեցել է իր փոքրիկ դերակատարումը:




Լրահոս