Ստյոպա Սաֆարյանը Բաղրամյանի ցույցը ցրելու մեջ ռուսական կողմին ուղղված մեսսիջներ է տեսնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Բաղրամյան պողոտայում երեկ տեղի ունեցած դեպքերին և ոստիկանների՝ ցույցը ցրելուն, կարծիք հայտնեց, այդ ամենը մի օր պետք է լիներ: Նրա խոսքով մինչև հունիսի 27-ը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բողոքի ակցիաները հստակ տրամաբանության էր ենթարկվում, քանի որ կար հստակ պահանջ՝ սակագնի բարձրացման չեղարկում, իսկ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո մարդիկ չգիտեին՝ ինչ են ուզում:

«Մի մասը կես քայլ էր համարում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, մի մաս` հաղթանակ: Մի խումբը մնաց Բաղրամյան պողոտայում, մի խումբը գնաց Ազատության հրապարակ: Արդյունքն էլ եղավ այն, ինչ ունենք», – նշեց նա:

Վերլուծաբանի կարծիքով շարժումը լուրջ երևույթ էր, երիտասարդները աննախադեպ մասնակցություն ունեցան՝ ստիպելով Սերժ Սարգսյանին հաշվի նստել իրենց պահանջի հետ: Թեև ըստ վերլուծաբանի շատ «շուստրի» մարդկանց շերտեր կային, որոնք դուրս չեն գալիս պայքարելու, բայց ուզում էին, որ ուրիշները պայքարեն և խնդիրը լուծեն:

Անդրադառնալով ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտին և ընկերության ղեկավար Եվգենի Բիբինի՝ Հայաստան վերադարձին, Սաֆարյանը նշեց.

«Ռուսական կողմը փորձում է ամեն ինչ անել՝ աուդիտի արդյունքի վրա ազդելու և Բիբինին չզոհաբերելու համար: Հետաքրքիր է, որ Բիբինի վերադարձնելու լուրի օրը իշխանությունները որոշում են ցրել Բաղրամյան պողոտան: Թե ինչ մեսսիջներ է այն պարունակում ռուսական կողմի համար, կարող ենք տարբեր ենթադրություններ անել, վերջ մայդան չկա, մայդանի թեման փակվեց»- հավելեց նա:

Հարցին, թե, այնուամենայնիվ, էլէկտրաէներգիայի թանկացումից հետո ի՞նչ է սպասվում Հայաստանին, վերլուծաբանը նշեց. «Էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացումը սոցիալական լուրջ բեռ է ավելացնում: Դա այն ապրանքատեսակն է, որը շղթայաբար ազդում է ամեն ինչի վրա: Բարձրանալու է աղքատության մակարդակը, կրճատվելու է շուկան: Մեծանալու է սոցիալական լարվածությունը», – եզրափակեց նա:

Արփինե Թովմասյան




Լրահոս