«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կառավարությունը քիչ էր մնում՝ մոռանար եւ Վարդավառին հաջորդող մեռելոցը աշխատանքային օր թողներ: Բանն այն է, որ Կառավարության վերջին նիստում, որը տեղի ունեցավ անցած չորեքշաբթի` հուլիսի 8-ին, մեռելոցի մասին ոչ մի խոսք չկար: Ուստի լրատվամիջոցները շաբաթօրյա իրենց թողարկումներում նշել էին, որ այս երկուշաբթի օրը կլինի վերջին տարիների առաջին մեռելոցը, որը ոչ աշխատանքային օր չի հայտարարվել: Բայց մեկ էլ հանկարծ ՀՀ Կառավարությունը շաբաթ օրը արտահերթ նիստ հրավիրեց, եւ մեռելոցը կրկին ոչ աշխատանքային օր հայտարարեց՝ որոշ բացառություններով:
ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը, ՀՀ կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումներին ու ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը հանձնարարվեց հուլիսի 13-ին պահպանել աշխատանքային ռեժիմը: Այլ կերպ ասած՝ գործադիրը չկողմնորոշվելով՝ որոշել էր մեռելոցը տեղ-տեղ աշխատանքային, տեղ-տեղ էլ ոչ աշխատանքային հայտարարել: Ի դեպ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նույն այդ նիստի ժամանակ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին եւ ՀՀ արդարադատության նախարարությանը հանձնարարել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ հարցը քննարկել` միասնական մոտեցում ձեւավորել: Այսինքն՝ ցանկանում են, ի վերջո, կողմնորոշվել` ոչ աշխատանքային մեռելոց, թե աշխատանքային: Հիշեցնենք, որ ոչ աշխատանքային մեռելոցները ներդրվեցին ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից:
Հ.Գ. Երեկ Իջեւանում բանկերի մի մասը, օրինակ՝ «Յունիբանկի» եւ «Կոնվերս բանկի» տեղի մասնաճյուղերը, փակ են եղել, իսկ «ԱԿԲԱ»-ն աշխատել է: Նոյեմբերյանում «ԱԿԲԱ»-ի մասնաճյուղը սկսել է աշխատել կեսօրից հետո»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: