ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹՈՇԱԿԱՌՈՒԻ ԳԱՆՁԸ
Ամերիկյան Նեւադա նահանգի Քարսոն քաղաքում միայնակ թոշակառու Վալթեր Սամաշկոյի մահից հետո նրա ավտոտնակում գանձ են հայտնաբերել՝ 7.5 մլն դոլար ընդհանուր արժեքով ոսկե մանրադրամներ: Տեղի իշխանությունները գտել են թոշակառուի ազգականին եւ հանձնել կարողությունը: Ավելի ուշ հայտնաբերվել են 60-ականներից պահպանված անդորրագրեր, որոնցով Վալտերի մայրը մշտապես գնել է ամերիկյան, ավստրիական ու մեքսիկական մանրադրամներ:

ԶԻՆՎԱԾ ԱՇԱԿԵՐՏԸ
ԱՄՆ Յուտա նահանգում 11-ամյա տղան ձերբակալվել է զենքով դպրոց գնալու համար: Երեխան հայտնել է, որ զենքը տարել է ինքնապաշտպանության համար՝ վախենալով Նյութաունի դեպքերի կրկնությունից: Տղայի զենքի մասին ուսուցչին պատմել են համադասարանցիները: Ուսուցիչն անհապաղ դիմել է ոստիկաններին: Վերջիններս տղայի պայուսակում ատրճանակ եւ փամփուշտներ են հայտնաբերել: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Կոնեկտիկուտ նահանգում Ադամ Լանզան զինված գնացել էր Sandy Hook դպրոց, որտեղ սպանել էր 20 երեխայի եւ  վեց մեծահասակի, ինչից հետո ինքնասպան էր եղել:

ՓՈՐՁԵԼ Է ԱՌԵՎԱՆԳԵԼ
«Կանադայի Մոնրեալ քաղաքի այգիներից մեկում ծնողների աչքի առաջ գիշատիչ թռչունը փորձել է գողանալ փոքրիկ տղային»,-գրում է Life News-ը: Արծիվն անսպասելի մոտեցել է այգում խաղացող երեխային, ճանկերով կառչել հագուստից եւ փորձել վեր բարձրանալ: Թռչունը հասցրել է երեխային բարձրացնել մի քանի մետր եւ ապա բաց թողել: Բարեբախտաբար, վախեցած փոքրիկը լուրջ վնասվածքներ չի ստացել:

ԿԱՇԱՌԱԿԵՐ ՊԱՇՏՈՆՅԱՆ
«Ցզյանսի Ու Ժիմին գավառի նախկին գլխավոր քարտուղարը դատապարտվել է մահապատժի կաշառք վերցնելու համար»,-գրում է Lenta.ru-ն: Նա մեղավոր է ճանաչվել 7,5 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարվել է 2002-2011թթ.: Դատարանի որոշմամբ՝ պաշտոնյայի ունեցվածքն առգրավվել է:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս