Արդեն տեղեկացրել ենք, որ հուլիսի 18-ին` ժամը 01:40-ին, ծակած-կտրած վերքերով Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանը և նրա ընկեր` Երևանի բնակիչ Էդգար Սարգսյանը։
Ինչպես Armlur.am-ին հայտնեց Բժշկական համալսարանի մամուլի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը, Էդգար Սարգսյանը տեղային վիրահատության է ենթարկվել, վիճակը կայուն է, տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք:
Իսկ քննիչ Սուրեն Մանուկյանի վիճակը ծանր է: «Նրա մոտ եղել է կրծքավանդակի և որովայնի համակցված թափանցիկ վերք, կտրող-ծակող վերք, ձախ բազուկի վերին հատվածում կտրող վերք: Նա դանակի մի քանի հարված է ստացել: Վիճակը կայուն ծանր է: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` բժիշկների հսկողության ներքո»,- տեղեկացրեց Ալեքսանդրա Հարությունյանը:
Քննչական կոմիտեի տեղեկացմամբ` քննություն է տարվում՝ պարզելու մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։