ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Անցած 2 տարիներին եվրոպական համալսարաններում փակվել են հայագիտության ամբիոններ, մասնավորապես Լեյդենի համալսարանում` հայագիտական կենտրոնը, Բեռլինի ազատ համալսարանի հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության ամբիոնի` հայկական բաժինը: Այժմ էլ փակվելու վտանգի առջեւ է Սոֆիայի համալսարանի հայագիտական կենտրոնը` համապատասխան քանակի ուսանողներ չունենալու պատճառով: Տեղյա՞կ են այս մասին ՀՀ սփյուռքի եւ ԿԳ նախարարները. ի՞նչ քայլեր են ձեռնարկվում նման փաստերի կրկնությունը կանխելու, ինչպես նաեւ ամբիոնները վերականգնելու ուղղությամբ: Ցավալի է, որ նման փաստերի վկա ենք դառնում հատկապես այն ժամանակ, երբ հայագիտությունն այսօր մեր երկրի համար ամենակարեւոր ռազմավարական խնդիրներից մեկն է հռչակված:

Արմեն Մարտիրոսյան (իրավաբան, Հայկական
գիտական համագործակցության գիտական ցանցի
համահիմնադիր-ադմինիստրատոր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Դեռեւս 2 տարի առաջ ՀՀ սփյուռքի նախարարություն էր այցելել Բեռլինի ազատ համալսարանի դասախոս Ժիրայր Քոչարյանը, որը նախարարին տեղեկացրել էր, որ 24 000 եվրո է անհրաժեշտ համալսարանի հայագիտության ամբիոնի գործունեության դադարեցումը կանխելու համար: Այդ ժամանակ ՀՀ սփյուռքի նախարարը ՀՀ նախագահից ստացել էր հանձնարարական` հարցն ուսումնասիրելու եւ օգնելու համար: Իրականում Բեռլինի ազատ համալսարանում գործում է ոչ թե հայագիտության ամբիոն, այլ համեմատական եւ հնդեվրոպական լեզվաբանության ամբիոն, որտեղ կա հայերենի հատուկ դասընթաց: Արդյունքում նշված գումարը նախատեսվել էր ՀՀ ԿԳՆ բյուջեում: Սակայն այս համալսարանը հրաժարվել է 24 000 եվրոն ստանալ, քանի որ նախօրոք ուներ ամբիոնը փակելու որոշում` պատճառաբանելով, որ դասավանդվող առարկաների նկատմամբ պահանջարկը եւ ուսանողների կողմից հետաքրքրությունը բացակայում են:
Արտերկրում գործող հայագիտական ամբիոնների, դասընթացների հետ առնչվող բովանդակային  հարցերը եւ աջակցություն ցուցաբերելու խնդիրները գտնվում են ՀՀ ԿԳՆ լիազորությունների շրջանակում:

ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ
հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսով ենք, «աղքատ ազգականի» կարգավիճակում հայտնված մեր խեղճուկրակ հայագիտության համար գոնե եվրոպական կառավարություններում իրավասություն ունեցող նախարարություն կգտնվի:




Լրահոս