Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանի շուրջ կրքերը գնալով թեժանում են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` գործարանն ունի նաեւ անասնապահական ֆերմա, եւ այս օրերին տնօրինությունը վաճառքի է հանել կովերին: Տեղեկություն կա, որ Հրազդանի «Միկա ցեմենտ»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը ցանկանում է վաճառել նաեւ ողջ գործարանը: Լուրը ճշտելու նպատակով դիմեցինք գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանին, որն ասաց. «Գործարանի վաճառքի հետ կապված՝ Ձեզ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ դա իմ գործը չէ: Իսկ ինչ վերաբերում է կովերի վաճառքին, ապա նման բան չկա»: Օգտվելով առիթից՝ տնօրենից հետաքրքրվեցինք, թե ինչու մի քանի տասնյակ աշխատակիցների ազատեց աշխատանքից: «Ես ոչ ոքի աշխատանքից չեմ հեռացրել, այլ իրենց հետ մեր պայմանագիրն ավարտվել է, ընդամենը այդքանը»,-նշեց նա:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ