«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Բալդի» կոշիկի եւ աքսեսուարների խանութ-սրահը, որը, ըստ շրջանառվող լուրերի՝ պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանին, տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015 թվականի հունիսի 30-ին «Բալդի» ընկերության լիազոր ներկայացուցիչ Ա. Խաչատրյանը դիմել է Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետին եւ հայտնել, որ ընկերության անունով հունիսի 26-ին ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով հայտարարագրվել է 11 անվանում ապրանքատեսակ, որը գտնվում է «Ալյանս Տերմինալ» ՍՊԸ մաքսային հսկողության տարածքում:
«Բալդի» լիազոր ներկայացուցիչը տեղեկացրել է, որ հայտարարագրման ժամանակ սխալ տվյալներ է ներկայացվել, ուստի նա խնդրել է հերթական անգամ ապրանքները վերահայտարարագրել: Արդյունքում, «Բալդի» ընկերության տնօրեն Վարդան Զաքարյանի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Պարզվել է, որ հիմնական խնդիրն առաջացել է տղամարդկանց եւ կանանց ամառային կոշիկների տվյալների հետ կապված: Արդյունքում ՀՀ ֆինանսների նախարարությունը որոշել է վարչական պատասխանատվության ենթարկել «Բալդի» ընկերության տնօրեն Վարդան Զաքարյանին` 50 հազար դրամի չափով»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: