Կոթիի բնակիչները Ս. Սարգսյանին խնդրում են արդարացնել ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի զոհված ազատամարտիկների մայրերը, Կոթիի բնակիչները նամակ են գրել Սերժ Սարգսյանին. նրանք երկրի ղեկավարից ակնկալում են համագյուղացի, ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Անդրանիկ Ազիբեկյանի արդարացումը:

Անդրանիկ Ազիբեկյանի եղբայրը՝ Արմեն Ազիբեկյանը, 1991թ. մայիսի 6-ին հայրենիքի սահմանը պաշտպանելու ժամանակ զոհվել է Ոսկեպարի անտառում: Ա. Ազիբեկյանին առնչվող քրեական գործը վերաբերում է 2014թ. ապրիլի 1-ի գիշերը Իջեւան քաղաքի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ հնչած կրակոցներին եւ այդ կապակցությամբ քրեական գործի նյութերը կեղծելուն: Տավուշի մարզի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանին եւ Անդրանիկ Ազիբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով, իսկ «Իջեւանատան» սեփականատեր Անդրանիկ Խոջումյանին՝ 258 հոդվածի 4-րդ մասով:

Իջեւան քաղաքում ընթացող դատավարության հուլիսի 9-ի նիստում մեղադրողը Անդրանիկ Ազիբեկյանի համար պահանջել է հինգուկես, Արտակ Ավետիսյանի համար չորսուկես, Անդրանիկ Խոջումյանի համար 7 տարի ազատազրկում: Անդրանիկ Ազիբեկյանը իրեն մեղավոր չի համարում: Նրա մայրը՝ կենսաթոշակառու ուսուցչուհի Զեմֆիրա Հարությունյանը, ով ներկա է եղել դատական բոլոր նիստերին, համոզված է, որ դատավարության ամբողջ ընթացքը, վկաների ցուցմունքները, դատարանում տրված հարցերն ու պատասխանները ապացուցել են Անդրանիկ Ազիբեկյանի անմեղությունը, սակայն մեղադրական կողմը դա հաշվի չի առել: Միայն Արտակ Ավետիսյանի նախաքննական ցուցմունքներն են Ա. Ազիբեկյանի դեմ, ընդ որում, Արտակ

Ավետիսյանը դատարանում հրաժարվել է ցուցմունք տալ, պատասխանել հարցերի:
Մեր զրուցակիցը նկատում է, որ քրեական գործի նյութերը կեղծելու մեջ հիմնական մեղավոր Արտակ Ավետիսյանն ազատության մեջ է, իսկ Անդրանիկ Ազիբեկյանն արդեն 11 ամիս կալանքի տակ է, ընդ որում, Ա. Ավետիսյանի համար մեղադրողն ավելի քիչ ժամկետով է ազատազրկում պահանջել: Իջեւան քաղաքի եւ սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչներն ասում են, որ Անդրանիկ Ազիբեկյանն իր պաշտոնեական դիրքը չի օգտագործել անձնական հարստացման համար:

Նրա ընտանիքն այժմ սոցիալապես անապահով վիճակում է, Անդրանիկի կինը՝ Քրիստինեն, վատառողջ է, չի աշխատում, զբաղվում է 2 տարեկան տղայի խնամքով: Ազիբեկյանի որդիներից մեկը հիմա ժամկետային ծառայության մեջ է, մյուսը 16 տարեկան ուսանող է:
Այս գործով դատական հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 27-ին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս